Ոճրագործի արտահանձնման դասերը


 

 

ՀՈՒՆԳԱՐԱԿԱՆ «ՌԱՊՍՈԴԻԱ» ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄՈՒՂԱՄԲԱԶՈՒԹՅԱՄԲ `

Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու

Լևոն ՇԻՐԻՆՅԱՆԻ հետ:

- Ի՞նչ ցույց տվեց Ռամիլ Սաֆարովի արտահանձնման իրադարձությունը. ի՞նչ է հուշում դա մեզ, և ինչպե՞ս կարելի է դուրս գալ դրա հետևանքով ստեղծված իրավիճակից:

Այդ առումով ես երկու խնդրի վրա ուշադրություն կհրավիրեմ: Առաջինը` մեր քարոզչությունը և միջոցառումները, ինձ թվում է, մի բաժակ ջրի մեջ փոթորիկ առաջացնելու տպավորություն են թողնում: Իսկ այդ մարդասպանի արտահանձնումը երկու կարևոր եզրահանգման տեղիք է տալիս: Նախ` թուրքը չի փոխվել, ինչը Լ. Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակաշրջանից մեզ և մեր ժողովրդին համոզում էին: Թուրքի քաղաքակրթվելու, փոխվելու մասին պնդումները «ջրվեցին»: Յուրի Բարսեղովի աշխատության մեջ մի դեպքի նկարագրություն-մեկնաբանություն կա` Գուլունյանի դեպք է կոչվում: Նույն կացնահարության դեպքն է` Բիթլիսում: Գուլունյանը Ռուսաստանում պատահաբար տեսնում է այն թուրք մարդասպանին, որն իր աչքի առաջ կացնահարել է իր գերդաստանին: Նա սպանում է այդ թուրքին, և ցարական դատարանն արդարացնում է Գուլունյանին: Այս և Գուրգեն Մարգարյանի սպանության դեպքի միջև ոչ մի տարբերություն չկա: Թուրքի էթնոսի մեջ ոչինչ չի փոխվել: Սա շատ կարևոր է մեր քաղաքական վերնախավի և ժողովրդի ընկալման համար: Երկրորդ. նորից շատ դաժան ձևով ապացուցվեց, որ հայկական հարցն անվտանգության միջազգային երաշխիք չունի: Սա լավ է, թե վատ` այլ հարց է, բայց այդպես է:

Դա իրողություն է, և յուրաքանչյուր երկիր մտածում է իր անվտանգության մասին:

- Եթե մենք լինեինք սլավոնական ժողովուրդ կամ անգլոսաքս, կառաջանար միջազգային անվտանգության մի համակարգ, որը կօժանդակեր մեզ: Մենք դա չունենք: Եվ դա մեր պատմությունն ապացուցում է 1870 թվականից` Բեռլինի կոնգրեսից սկսած: Արձանագրենք այս երկու փաստերը, որոնք պետք է դրվեն Հայաստանի ռազմավարության, արտաքին քաղաքականության հիմքում: Մնացած աղմուկը, կարծում եմ` ոչինչ չի տալու: Եվրոպան այնքան հարցեր է թաղել, մանավանդ` Հայկական հարցը: Խնդրո առարկա իրադարձության առումով միջազգային հանրության հայտարարություններում ես շատ վտանգավոր միտում եմ տեսնում: Դրանց մեխն այն է, որ երկու կողմերին խոհեմության կոչ են անում: Սա նշանակում է ոճրագործին խրախուսել` փոխանակ պատժամիջոցներ կիրառելու, սկսվել է նորից նույն հանգերգը` կողմերին խոհեմության կոչ են անում:

-Բարաք Օբաման պատասխանատվություն է պահանջում Ադրբեջանից և Հունգարիայից:

-Եթե Օբաման պատասխանատվություն է պահանջում, ասեմ` պատասխանը տվել են Ադրբեջանը, Թուրքիան և Հունգարիան: Չե՞ք հիշում. Սևրում Հայաստան գծեցին, զորք էին շարժում, հետո այդ ամենը ջուրը լցվեց: Ուզում եմ ասել, որ մեր քարոզչական միջոցները Եվրոպային պետք է մեղադրեն հակամարտությունը չլուծելու, ԼՂՀ անկախությունը չճանաչելու և ագրեսորին խրախուսելու մեջ: Վստահ եմ` ոչինչ էլ չի լինելու. ո´չ պատերազմ, ոչ էլ… Այս ամենում ես տեսնում եմ ներքին սպառման մեծ տոկոս: Այն մարդիկ, ովքեր այլ ոճրագործությունների դեպքում լռում են, այս անգամ հեռուստատեսությամբ Հայաստանի պատվից ու արժանապատվությունից են խոսում:

Ի՞նչ է անհրաժեշտ անել:

- Կարծում եմ` կազմակերպված և չօգտագործված ռեզերվ ունենք, որը ես հիմա կառաջարկեմ: Շատ շտապ, գոնե մինչև այս տարվա վերջը, պետք է կարողանալ հայկական լոբբիստական ընկերակցությունների համահայկական խորհրդակցություն գումարել և այն չվերածել Սփյուռք-Հայրենիք հանդիպումների: Նրանց ուժերը հարկավոր է մոբիլիզացնել: Օրակարգը` անմիջական և հեռանկարային հարցեր: Լոբբիստական կազմակերպությունները պետք է քննարկեն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հնարավորության հարցերը: Երկրորդ` պետք է քննարկվի Հայաստանի Հանրապետության շրջափակված վիճակի և այն հաղթահարելու հարցը: Եվ Ցեղասպանության 100-ամյակի շրջանակներում կոնկրետ գործողությունների ծրագիր մշակվի: Սա հրապարակային աշխատանք չի, սա քարոզչության համար չի, սա հեռուստատեսութ յան էկրանի առջև կանգնել-խոսելու համար չի: Այստեղ մենք ահռելի ռեզերվ ունենք` ես համոզված եմ: Հարկավոր է կազմել համահայկական մի խորհրդակցական մարմին, լոբբիստական կազմակերպություններն աշխարհի մայրաքաղաքներում իրենց աշխատանքը պետք է ներդաշնակեցնեն Հայաստանի քաղաքական և ռազմական ղեկավարության հետ: Սա է իմ առաջարկը, օրակարգի երեք կետերով. Արցախ, Հայաստանի Հանրապետության անվտանգություն և շրջափակված վիճակ, Ցեղասպանության հարց. և իհարկե, տարածել աշխարհի բոլոր մայրաքաղաքներում և բոլորի հետ աշխատել:

Ինչո՞ւ Դուք այդ առաջարկությունները չեք ներկայացրել Ազգային ժողովի հենց այսօրվա արտահերթ նիստին:

- Ձեր առաջարկը ճիշտ է, կարելի էր անել: Կարելի է դիտել որպես ԱԺ-ին հասցեագրված առաջարկ: Եվ դա պետք է վերահսկի, կարծում եմ` ազգային անվտանգության խորհուրդը: Այդ մարմինն իր գործառույթով դեռ շատ պետք է լավացվի: Անթույլատրելի է, որ այդ խորհրդի ղեկավարը կուսակցական է. ղեկավարը պետք է քաղաքական, կուսակցական շահագրգռություններից հեռու անձնավորություն լինի:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ