ԷԼԻ «ԹՂԹԵ ՇԵՐԵՓ»


 

«Փարիզում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեի, Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Հանդիպման օրակարգի միակ հարցը ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու հունգարա-ադրբեջանական խայտառակ գործարքի արդյունքում ստեղծված իրավիճակն էր` ոչ միայն բանակցային ողջ գործընթացի, այլև տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության վրա ունեցած իր բոլոր բացասական հետևանքներով: Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքը, միջազգային կոնվենցիաներն ու համաձայնագրերը, իր իսկ ստանձնած պարտավորությունները, ի չիք է դարձնում փոխվստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները, լուրջ սպառնալիք է տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը: Նման հաղորդագրություն է տարածել արտգործնախարարության մամուլի խոսնակը: Հազիվ թե այս հաղորդագ րությունը տարածողը և արտգործնախարարը մտածեն, թե այդ ասվածը կարող է հուզել համանախագահողներին: Այս մարդիկ արդեն քանի տարի զբաղված են իրենց քիմքին հարմար էքսկուրսիաներով Հայաստան -Արցախ-Ադրբեջան երթուղով: Նրանք այսօր խորը ճգնաժամային վիճակ են ստեղծել ղարաբաղյան կարգավորման գործընթացներում:

Ի դեմ, այս համանախագահողներից միայն ԱՄՆ նախագահն է վերաբերմունք արտահայտել Հունգարիա-Ադրբեջան անամոթ գործարքի առթիվ, իսկ մյուսները տակավին լռում են:

Թվում էր, որ արտգործնախարար Է. Նալբանդյանը համանախագահողների հետ պիտի խոսեր դիվանագիտական արժանապատվության և պահանջատիրության դիրքերից, պիտի հստակ հայտարարություն աներ, որ Հայաստանը կարող է չեղյալ հայտարարել ԵԱՀԿ Մինսկի խմբին իր անդամակցությունը, քանի որ այս խումբը մինչև օրս իրավական գնահատական չի տվել Ադրբեջանի նախագահի բացահայտ ցինիզմին: Այս ամենի փոխարեն` դարձյալ կեսբերան խոսքեր, դարձյալ «կուսական» պահվածք: Այս օրերին Հայաստանում և ողջ աշխարհի հայության շրջանում բարձրացած դժգոհությունն ու բողոքը նաև արգասիք են այն իրողության, որ մեր ատգործնախարարությունը պատշաճ կերպով չի կատարում իր գործառույթները, որ մեր դիվանագիտությունը դոփում է տեղում` նախարարությունն ու դեսպանատները ոմանց համար վերածելով բիզնես կենտրոնների, որոշ մեծահարուստների ու պաշտոնյաների բալիկների համար «հրաշալի» հանգրվանի…

Մի շարք քաղաքական ուժեր այս օրերին պահանջում են արտգործնախարարի հրաժարականը: Ոմանք դա ծայրահեղություն են համարում, բայց մի՞թե ստեղծված իրավիճակում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իրավունք ունի գրեթե կրկնելով Բարաք Օբամայի արած հայտարարությունը` ուրիշ ոչինչ չավելացնել, չարտահայտել մեր հասարակության դիրքորոշումը, հանդես չգալ պահանջատիրոջ դիրքերից:

Հայաստանի նախագահը հստակ հայտարարեց.

- Քնած հայ սպային կացնահարողը ազատ արձակվեց: Այս առթիվ մենք ակնկալում ենք միջազգային կառույցների, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահների արձագանքը: Բայց անկախ այդ արձագանքից, Արցախի ժողովրդի և ողջ հայության անունից ես ուզում եմ հարց տալ. արդյո՞ք, այսքանից հետո մոլորակի վրա կգտնվի մեկ մարդ, ով կառաջարկի Արցախի ժողովրդին մտնել Ադրբեջանի կազմի մեջ. մի երկրի, որտեղ ապօրինի հրամանագրերով ազատվում ու հասարակայնորեն հերոսացվում է միայն հայ լինելու համար մարդուն սպանող յուրաքանչյուր տականք:

Կարծում էինք, որ արտգործնախարարի հանդիպման առանցքում երկրի նախագահի այս դիրքորոշումը պիտի լեներ: Չեղա´վ: Ավա˜ղ… Էլի «թղթե շերեփով» ուզում ենք դիվանագիտություն անել…