Բենեդեկտ ԺԻԳՄՈՆԴ.

«Սա Հունգարիայի դիվանագիտության

ամենախայտառակ էջն է»


 

Բենեդեկտ Ժիգմոնդը ճանաչված հայագետ է, հունգարացի, ով իրեն նվիրել է հայագիտությանը: Հունգարիայի և Ադրբեջանի միջև կնքված անամոթ գործարքի առթիվ նա իր մտորումները կիսեց «Ավանգարդ»-ի լրագրողի հետ:

«Ավանգարդ»-ի բացառիկ հարցազրույցը

- Հարգելի Բենեդեկտ, սոցիալական կայքերում դու հաղորդագրություն էիր տարածել այն մասին, որ լինելով հունգարացի` ամաչում ես, ամաչում ես քո երկրի, նրա կատարած քայլի համար:

- Այո´, կատարվածը խորապես ցնցել է ինձ: Ես մանրամասնորեն տեղյակ եմ այն ողբերգությանը, որը կատարվեց 2004 թվականին իմ երկրի մայրաքաղաք Բուդապեշտում: Ես ժամանակին դատապարտել եմ Ռամիլ Սաֆարովի հանցագործությունը և փոքր-ինչ ինձ հանգիստ զգացել, որ Հունգարիայի արդարադատությունը արժանի պատիժ էր սահմանել նրա համար: Սակայն այսօր այդ պատժի վճիռն ու հունգարական արդարադատության հեղինակությունն իմ աչքին անէանում են:

- Սաֆարովը Բուդապեշտում սպա Գուրգեն Մարգարյանին սպանել էր նրա հայ լինելու համար: Իսկ այսօր Հունգարիայի արդարադատությունը արտահանձնում է իրականացրել մի մարդու հանդեպ, ով... ադրբեջանցի է: Ի՞նչ եք կարծում, եթե Սաֆարովն ադրբեջանցի չլիներ, արդյո՞ք հունգարական իշխանությունները կդիմեին նման քայլի:

- Այն, ինչ արել է Սաֆարովը` հանցագործություն է մարդկության և բարոյականության դեմ: Նա Գուրգեն Մարգարյանին սպանել է, այո´, նրա ազգային պատկանելության համար: Սպանել է Հունգարիայում, մի երկրում, որի համար համամարդկային արժեքները գերակա են: Սակայն այսօր մենք բախվեցինք մի փաստի, երբ իմ երկրի իշխանությունները, արհամարհելով այդ արժեքները, միանում են Սաֆարովին, շարունակում են նրա հանցագործությունը: Անշուշտ, Բաքուն շահագրգռված էր, որպեսզի արտահանձնում լիներ, իսկ դա ամրագրված է միջազգային օրենքներով և կոնվենցիաներով: Սակայն Սաֆարովի հանդեպ այս զարմանալի «մարդասիրությունը», կարծում եմ, մտորելու առիթ է տալիս:

- Ադրբեջանն ու Հունգարիան տնտեսական դաշտում գործընկերներ են: Կարելի՞ է այս քայլը վերագրել այդ տնտեսական շահերին:

- Տնտեսական շահերը չպետք է իրենց ստորադասեն բարոյական և իրավական շահերը: Սակայն, ինչպես տեսնում ենք` Հունգարիայի վարչապետը և արդարադատության նախարարն առաջնորդվել են հենց այդ շահերով: Սա Հունգարիայի դիվանագիտության մեծագույն խայտառակությունն է, որը դատապարտում են շատ ու շատ ազնիվ հունգարացիներ, ովքեր արդեն իրենց անհամաձայնությունն են հայտնել կատարվածին:

- Իսկ ինչպե՞ս է այս ամենն արձագանքվում հունգարական լրատվամիջոցներում:

- Մի շարք կառավարամետ թերթեր ընդարձակ հոդվածներ են տպագրել, որոնցում պաշտպանվում է այս որոշումը: Հասկանալի է, որ այդ լրատվամիջոցները պետական հանձնարարություն են կատարում` փրկելու իշխանությունների արդեն վարկաբեկված հեղինակությունը: Մինչդեռ ազատ և ընդդիմադիր լրատվամիջոցները դատապարտել են կատարվածը, սուր քննադատության ենթարկել արդարադատության նախարարին: Դատապարտող խոսքով է հանդես եկել նաև Հունգարիայի նախկին վարչապետը, ով բազմիցս մերժել էր ադրբեջանական իշխանությունների առաջարկությունները` Սաֆարովին տեղափոխել Բաքու: Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը թարգմանաբար տպագրվել է մի շարք հունգարական լրատվամիջոցներում, այդ ելույթը ցնցուղի դեր է կատարել բոլոր նրանց համար, ովքեր դեռ մինչև վերջերս կարծում էին, թե հունգարական իշխանությունները հավատարիմ կմնան համամարդկային և քրիստոնեական արժեքներին:

- Դուք ականատես եղաք այն ցույցերին, որոնք այս օրերին կազմակերպվում են Հայաստանում` արտահայտելով մեր ցասումն ու զայրույթը: Ինչպիսի՞ն կլինի հունգար ժողովրդի արձագանքը:

- Նախ, իմ անունից և բոլոր հունգարացիների անունից ես ներողություն եմ խնդրում հայ ժողովրդից: Հերթական անգամ համոզվեցի, որ այս հնագույն ժողովուրդը միշտ առաջնորդվել է բարոյական ըմբռնումնե րով և հավատացել արդարությանն ու ազնվությանը: Սակայն Հունգարիայի իշխանությունները միացան այն չար ուժերին, ովքեր շատ հաճախ են կանգնել հայ ժողովրդի ճանապարհին: Ազնիվ հունգարացիները չեն կարող ներել կառավարությանը, նրանց, ովքեր շատ մեծ հարված հասցրեցին Հունգարիայի միջազգային հեղինակությանը: Ես հավատում եմ, որ տեղի է ունեցել անամոթ գործարք, որ արդարությունը վաճառվել է մի քանի միլիարդ եվրոյով: Ցավոք, այսօր իշխանության մեջ կան մարդիկ, ովքեր արհամարհում են Հունգարիայի պատմությունն ու արժանապատվությունը: Հունգարացիներից շատերն այս օրերին ման են գալու գլխահակ, որովհետև մեր վարկանիշն է հավասարվել զրոյի:

- Հայաստանում կան մի շարք դպրոցներ, որոնք հունգարական անուններ են կրում, Գյումրիում է գտնվում «Բալատոն» վարժարանը, կա Պետեֆիի անունով փողոց... Դրանք մեզ միշտ հիշեցրել են Հունգարիայի հետ ունեցած մեր բարեկամության մասին: Հունգարիայում հայ համայնք կա: Ի՞նչ եք կարծում, Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը չի՞ հանգեցնի նրան, որ հունգարական իշխանութ յունները պատնեշներ դնեն հայերի գործունեության առջև:

- Չեմ կարծում: Հունգարիա ասելով` չպետք է հասկանալ միայն իշխանություններին: Հունգար ժողովուրդը լավ է ճանաչում հայերին, բարձր է գնահատում նրանց: Ցանկացած հակահայ քայլ կարժանանա ըմբոստ դիմադրության: Հունգարացիները թույլ չեն տա, որ մի խումբ բախտախնդիրներ վնաս հասցնեն հունգարական հայերին: Ես նորից հայցում եմ հայ ժողովրդի ներողամտությունը, գլուխ խոնարհում Գուրգեն Մարգարյանի հիշատակի առջև: Կարծում եմ, որ կարճ ժամանակամիջոցում այս հակաօրինական քայլն իր արժանի միջազգային գնահատականը կստանա:

- Շնորհակալություն, հարգելի Բենեդեկտ. դու էլ հպարտ քայլիր Հայաստանում, մենք ուրախ ենք, որ քեզ նմն բարեկամ ունենք: Համոզված եմ, որ կատարվածն իր արժանի գնահատականը կստանա, գուցեև ճանապարհ բացի դեպի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը, որովհետև այլևս չի կարելի վստահել ադրբեջանական հավաստիացումներին, չի կարելի հավատալ նրանց, ովքեր պնդում են, թե Ադրբեջանը պատրաստ է լիակատար ինքնավարություն շնորհել Արցախին...