ՍԱՔՈՒՆՑԸ ՀՈՒՆԳԱՐԻԱ Է ԳՆՈՒՄ


 

Ինչպես անձամբ մեզ տեղեկացրեց ոչ անհայտ Արթուր Սաքունցը, նա առաջիկայում մեկնելու է Հունգարիա: Սակայն հայտնի «գրանտակերներից» մեկը ոչ թե չափազանց հուզվել է Հունգարիայի արդարադա տության նախարարության և Ադրբեջանի իշխանությունների միջև կայացած անամոթ գործարքից, այլ որովհետև այդ ուղևորությունն արդեն ծրագրված էր: Եվ «նշանավոր» իրավապաշտպան Սաքունցն էլ չի ուզում առիթը բաց թողնել ու մի քանի օր էլ Կենտրոնական Եվրոպայի այդ երկրում վայելքներ ապրել:

Մեր այն հարցին, թե որպես իրավապաշտպան, ինչո՞ւ նա այս օրերին չի կամենում իր հրապարակային կարծիքը հնչեցնել, դատապարտել կատարվածն ու դիմել տարբեր եվրոպական կառույցների, որոնց հրավերներով հաճախ է մեկնում արտասահմանյան շրջագայությունների, պարոն Սաքունցը պատասխանեց, որ այդ ամենի կարիքը չկա, ինքը Հունգարիայում կխոսի այդ մասին:

Ո՞ւմ հետ է խոսելու Սաքունցը կամ արդյո՞ք Հունգարիայում ինչ-որ հավաքույթում ասած խոսքը որևէ արժեք կարժենա:

Ի դեպ, համընդհանուր հուզումների այս օրերին հայաստանյան բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, այդ թվում` իրավապաշտպաններ, որդեգրեցին լռության քաղաքականությունն ու չկամեցան որևէ կերպ լսելի դարձնել իրենց կարծիքն ու խոսքը: Ուրեմն ստացվում է, որ սրանք առանց համապատասխան գրանտների չեն խոսում և կարծիք չեն հայտնում: Անպայմանորեն պետք է որևէ դոնոր կառույցից դրամաշնորհ ստանան, համոզված լինեն, որ տևական ժամանակ ապահովված կլինեն աշխատավարձով և արտասահմանյան երկրներ մեկնելու հնարավորությամբ, նոր միայն կարծիք հայտնեն: Այսինքն` առանց փողի նրանց բերանը չի բացվում:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ