ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԸ ԹԵԼԱԴՐՈՒՄ Է


 

Հայաստանի ստեղծագործական միությունների հայտարարությունը

Վերջին մի քանի օրերի աննախադեպ իրադարձությունները` ոճրագործ Ռ. Սաֆֆարովի փաստացի արդարացումն ու խրախուսանքը պաշտոնական Ադրբեջանի կողմից, որ տեղի ունեցավ հունգարական իշխանությունների ակնհայտ մեղսակցությամբ, մոտեցրել են մեզ մի սահմանագծի, որը կարելի է անվանել Ճշմարտության պահ:

Նախ և առաջ այդ պահը բնութագրում է Ադրբեջանին` 1988-ի սումգայիթյան եղեռնագործությունից մինչև այսօր, որպես մի պետության, որի քաղաքակրթական նկարագիրը... կացինն է: Ողջամիտ երկխոսության և փոխզիջումների ճանապարհով ղարաբաղյան հարցի կարգավորմանը հասնելու, այդ ուղղությամբ ՀՀ իշխանությունների և այլ երկրների գործադրած ջանքերը գալիս-բախվում են այդ կացնային փակուղուն:

Հաջորդը, որ դարձյալ վերաբերում է Ճշմարտության պահին, միջազգային քաղաքական հանրության` մինչ այժմ որդեգրած «հավասարակշիռ դիրքորոշումն» է, որի սկզբունքային փոփոխությու´նը միայն կարող է դուրս բերել մեր տարածաշրջանը փակուղուց:

Այդպիսի փոփոխության անհրաժեշտությունը հասունացել է: Արցախի ինքնորոշման իրավունքը` առանց սահմանափակող ձևակերպումների, պետք է ճանաչվի ու երաշխավորվի այդ հանրության անդամների կողմից: Երկակի ստանդարտների քաղաքականությունը ոչ միայն նորանոր հանցագործությունների ու սադրանքների է մղելու Ադրբեջանին, այլև շարունակելու է հիասթափեցնել մեր ժողովրդին` անվստահության սերմեր ցանելով միջազգային կառույցների և գործընկեր պետությունների հետ նրա հարաբերություններում:

Մինչդեռ նույնիսկ փակ աչքերով ապրող մարդկանց համար տեսանելի է, որ Արցախի ժողովուրդը չի կարող «ինքնավարվել» հայասպանությունը քաջալերող պետության կազմում: Ժամանակն է մինչև վերջ ձերբազատվել ստալինյան ծանր ժառանգությունից, ընդունելով իր ազատությունն ու ժողովրդավարական ճանապարհը կառուցող ԼՂՀ սուվերեն գոյությունը` արմատական վերափոխությունների ենթարկված մեր աշխարհում:

Այսպիսի արդարացի դիրքորոշման համատեքստում մենք գնահատանքի խոսք ենք հղում բոլոր այն երկրներին, գործիչներին ու մտավորականներին, ում քաղաքական և մարդկային խիղճը առանց հապաղում ների արձագանքեց օրերս տեղի ունեցած աններելի իրադարձություններին:

Հայաստանի ստեղծագործական միությունները, վճռական և պատասխանատու քայլեր պահանջող այս իրավիճակում զորակցելով ՀՀ նախագահի գործողություններին, ակնկալում են, որ Հայաստանի իշխանությունները հետամուտ կլինեն ԼՂՀ անկախության ճանաչմանը:

Այս հանգրվանում մեր ժողովրդին անհրաժեշտ համախմբվածության հրամայականը նկատի ունենալով` հույս ենք հայտնում, որ ազգային-հասարակական կյանքը ձևավորող բոլոր ուժերը կկարողանան վեր կանգնել ներքաղաքական տարաձայնություններից` ի նպաստ մեր կենսական շահերի:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ