ԼՈՒՍԱՎՈՐԵԼՈՒՑ ԶԱՏ` ՆԱԵՎ ՎԵՐԱՆՈՐՈԳԵԼ


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրահանգով մայրաքաղաքի սեփականությունը հանդիսացող 60-ից ավելի արձաններ այսուհետև կլուսավորվեն մինչև լուսաբաց` այսպիսով մնալով ուշադրության կենտրոնում, զարդարելով գիշերային քաղաքի համայնապատկերը և վերածվելով գիշերային հանդիպավայրերի: Բայց մեզ մտահոգում է նաև այդ արձանների խնամքի ու դրանց տարածքի վերանորոգման խնդիրը:

Ովքեր անցել են Վարդան Մամիկոնյանի արձանի մոտով, նկատած կլինեն, որ պատվանդանը գտնվում է անմխիթար վիճակում, շատ տեղերում սալաքարերը շարժվել են, պատվանդանի ճարտարապետական տեսքն ինչ-որ չափով խարխլվել է: Անմխիթար վիճակում է գտնվում նաև Սասունցի Դավթի արձանը, որն արդեն կարիք ունի լուրջ վերականգնողական աշխատանքների, քանի որ պղինձը որոշ տեղերում քայքայվել է, դեֆորմացվել:

Արձանները մեծ խնամք են պահանջում, մեծ հոգատարություն, ուստի ամեն ինչ պիտի արվի, որպեսզի դրանք ժամանակի ընթացքում չկորցնեն իրենց տեսքը: Նաև ամեն ինչ պիտի արվի, որպեսզի արձանները փրկվեն գունավոր մետաղների սիրահարների հարձակումներից: Թալանվել են ծովակալ Իսակովի, մարշալ Բաղրամյանի արձանների պատվանդանների պղնձյա ֆիգուրները, լուրջ վնաս է հասցվել նաև ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու արձանին: Կարծում ենք, որ «Քաղաքը մերն է» շարժման ակտիվիստները ոչ միայն պիտի պիկետներ անեն հանրային տարածքների պահպանման, այլև արձանները ոչնչացումից փրկելու համար: Ցանկացած երկրում արձանների պահպանման հարցերով առաջին հերթին զբաղվում են ոչ կառավարական կազմակերպությունները, քաղաքացիական նախաձեռնությունները: Ուրեմն, մենք էլ Երևանը մերը համարենք և անուշադրության չմատնենք նաև արձանները:

Լ.Մ.