ՕԵԿ-ԱԿԱՆՆԵՐՆ ԻՐԱՐ ԴԵՄ


Ղազանչիի հանդեպ անարդար են գտնվել նաև իշխանությունները.  կառավարության որոշմամբ գյուղի 2-րդ, 3-րդ հատվածի հողատարածքները հանձնել են հարակից գյուղերին, որոնք, սակայն, ընդհանուր սահման չունեն իրենց հետ. 110 հեկտար միացրել են Թավշուտին, 600 հեկտար միացրել են Բավրային, մնացածը` Սարագյուղին: Ու հիմա ղազանչեցիները հողի հարկ են տալիս` ուրիշի օգտագործած հողատարածքի դիմաց:… 

Շիրակի մարզի ընդամենը 620 ընտրող ունեցող Ղազանչի գյուղում իսկական իրարանցում է: Այստեղ համայնքապետի թեկնածու է առաջադրվել հինգ թեկնածու: Նրանցից մեկը կին է, ում առկայությունն այս մարզի համար նոր արմատավորվող մշակույթի վկայությունն է: Բայց ոչ թե կին թեկնածուի հայտնությունն է զարմացնողը, այլ այն, որ իրար դեմ են ելել ՕԵԿ երկու անդամ` գործող գյուղապետ Քաջիկ Թովմասյանը և Սամվել Ղազարյանը:

Ասում են, որ Սամվել Ղազարյանը հիմա այլևս «Օրինաց երկրի» անդամ չէ, սակայն հակառակը պնդողներն էլ կան: Երեք անգամ Սամվել Ղազարյանը առաջադրվել է գյուղապետի թեկնածու և երեք անդամ էլ պարտվել է, որովհետև նա, ըստ էության, ոչ թե պայքարել է իր մրցակիցների, այլ ՕԵԿ փոխնախագահ Մարգարյան Հովիկի դեմ: Մարգարյանն էլ 2008 թվականին եկել է գյուղ, մարդկանց տրամադրել Ղազարյանի դեմ` ամեն ինչ անելով, որ գյուղապետ ընտրվի իր մտերիմ ընկերը:

Իսկ ահա Քաջիկ Թովմասյանն էլ անընդհատ գյուղապետ ընտրվելով` ոչինչ չի արել գյուղի համար: Այս է պատճառը, որ հիմա միանգամից հինգ հոգի պայքարում է այդ պաշտոնի համար: Օրինաչափ է. ոչինչ չանող գյուղապետ բոլո´րը կարող են լինել: Բայց գյուղապետը համաձայն չէ այն գնահատականին, թե ինքը բան չի արել, փակել է 21 միլիոն դրամի պարտք ու չի ուզում, որ հիմա մեկ ուրիշը վայելի գյուղապետի աթոռը: