ՕՐԱԿԱՐԳԻՑ ՉԻ ՀԱՆՎԱԾ


 

Ինչպես պարզվում է, 2013-ի նախագահական ընտրություններում երկրի երեք նախագահի միաժամանակյա մասնակցության հարցը դեռևս օրակարգից չի հանված: Թվում էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանն արդեն հրաժեշտ է տվել մեծ քաղաքականությանն ու իշխանություն վերադառնալու որևէ մտադրություն չունի: Սակայն այս օրերին ընդդիմադիր մի շարք ուժեր պարզապես պարտադրում են առաջին նախագահին` մասնակցել ընտրություններին և օգտագործել իր կյանքում ունեցած վերջին հնարավորությունը: Վերջին, որովհետև այժմ Տեր-Պետրոսյանը 67 տարեկան է, սա քաղաքական կարիերայի համար բնավ էլ լավ տարիք չէ` չնայած ունենք Չերչիլի և Դը Գոլի օրինակները: Իսկ Տեր-Պետրոսյանի սիրած քաղաքական գործիչներից մեկը հենց Դը Գոլն է: Աստիճանաբար փոխվում է նաև ընդդիմադիր զանգվածի տրամադրությունը, ինչը նշանակում է, որ Տեր-Պետրոսյանը կարող է մեկ տարի ամբողջապես զրկվել այդ զանգվածի աջակցությունից:

Ռոբերտ Քոչարյանը տակավին ունի աջակիցներ, գործընկերներ, հզոր կապիտալի ներկայացուցիչներ: Սա նշանակում է, որ նա ևս շանս ունի որոշակի հաջողությունների: Իսկ ահա Սերժ Սարգսյանն էլ, ինչպես փաստեցին վերջին ընտրությունները, ունի համախոհների մեծ բանակ և վայելում է ընտրողների համակրանքը… Մի խոսքով, հնարավոր է, որ մենք ունենանք բացառիկ նախագահական ընտրություններ` երեք նախագահի մասնակցությամբ: