Անբասիր ու զուլալ նվիրումի ուղի

(Բաբկեն Վարդանյանը բոլորեց 75 գարուն)


 

Սիրելիդ իմ Բաբկեն Թադևոսովիչ, բարեկամս. սկսեմ նրանից, որ դու թերևս միակ մարդն ես մեր սերնդակիցներից, ով թե´ ուսանելիս և թե հետագայում` բավական պատկառելի պաշտոնական սանդղակով վեր բարձրանալիս, երբևէ չունեցավ իր այսպես ասած «տանող հրթիռը»: Ծիծեռնակի նման դու էլ քո կենսագրության բույնը սարքեցիր լոկ քո գեղձերի ամրանյութով, և գենետիկորեն ազնիվ էությանդ միշտ խորթ եղան քծնանքն ու կեղծիքը: Ի տարբերություն հանուրին ծանոթ` թե´ սովետահայ և թե հատկապես դառնանկախացած Հայաստանի շատ ու շատ մարտնչող կարիերիստ պաշտոնյաների, դու միշտ խուսափեցիր գնվող ու վաճառվող ցատկատարածքներից` առողջ հատիկի նման միշտ մնալով մաղի երեսին, մանրուքից վեր, հարդից` ներքև…

Ուրախ ու հպարտ եմ նաև գիտե՞ս ինչի համար: Երկար ու ձիգ տարիներ թե´ սովորել, թե´ աշխատել եմ քեզ հետ, ընկերություն արել, վիճել, ճշմարտություն որոնել ու երբևէ չեմ հանդիպել գեթ մեկին, ով անձիդ մասին հարգալից չխոսի: Տնաշեն, գոնե ձևի համար, մի թշնամի անգամ չունես… Մեկ էլ գիտե՞ս, ինչը ինձ շատ դուր եկավ: Անցյալ անգամ, երբ հանդիպեցինք և կարոտալից զրուցում էինք (ինչը մեր ընդհանուր ընկեր, կարգին գիտնական ու ժուռնալիստ Նորիկ Սարուխանյանի հետ հաճախ ենք անում` քեզ «բամբասելով»), դու ասացիր.

- Բոլոր կարգին ընկերները պարտավոր են սուսուփուս իրենց հետ գերեզման տանել նաև այն երբեմնի տհաճությունները, որոնք նրանք ժամանակին ակամա` պատճառել են մեկմեկու:

Այո´, սիրելիդ իմ Բաբկեն, դու նաև հիշաչար չես ու այդպիսին չես եղել մանավանդ քո պաշտոնավարման բոլոր փուլերում: Առաքինություն, ինչից, ավաղ, զուրկ են եղել երկիրը քանդած դառնանկախական ժամիշխաններից շատերը...

Բաբկեն, սիրելիս, քանի որ դու նաև «ունիկալ» կատակների և´ սիրահար ես, և´ «հերոս», թույլ տուր դրանցից որոշ պատառներ վերհիշել` «հոբելյանական» կենացդ խմելով:

Համալսարանն ավարտելիս

- Դե լավ է, Բաբո ջան,- ասում է համակուրսեցի Իլյիչ Սնղչյանը,- կգնաս Քյավառ ու մի ութամյա լավ դպրոցի տնօրեն կդառնա:

- Ութամյա դպրոցը քո նման քոսոտների համար է: Ես որ Քյավառ գնամ, առնվազն ռայկոմի առաջին քարտուղարը աչքիդ առաջ ունեցիր:

ՀԼԿԵՄ Կենտկոմի դասախոսական խմբի ղեկավար

Վլ. ԴԱՐԲԻՆՅԱՆ - Ընկեր Վարդանյան, դուք մոռանում եք, որ գտնվում եք Կենտկոմի երկրորդ քարտուղարի առանձնասենյակում. ձեզ կարգին պահեք:

Բ. Վ. - Ճիշտն ասած` ամեն օր թերթերում կարդում եմ, որ դուք Կենտկոմի քարտուղար եք, բայց հավատալս չի գալիս:

Վ. Դ. - Իսկ հավատո՞ւմ ես այն լուրերին, որ անգամ ինքդ ես քո մասին անեկդոտներ պատմում:

Բ. Վ. - Ավելի լավ չէ՞, քան այն, որ քո մասին ուրիշներն են պատմում:

ՀԼԿԵՄ Երքաղկոմի առաջին քարտուղար

- Ընկեր շրջկոմների առաջին քարտուղարներ, լավ աշխատեք, թե չէ առաջքաշման կարգով ձեզ կուղարկեմ ՀԼԿԵՄ կենտկոմ:

ՀԼԿԵՄ կենտկոմի երկրորդ քարտուղար

- Բաբկեն Թադևոսովիչ, շնորհավոր նոր պաշտոնդ:

- Մի շտապիր, կշնորհավորես, երբ ընդունարան մտնելիս ձախ կթեքվես (իմա` առաջին քարտուղարի առանձնասենյակ): Վիսլա Սեդրակյանն ասում է, որ երկրորդ դեմքերը միայն հայելիներում են լինում:

ՀԿԿ Սովետական շրջկոմի երկրորդ քարտուղար

- Ընկեր Սեդրակյան, ինչո՞ւ եք հրաժարվում Ձեր դպրոցով շքերթին մասնակցելուց:

- Ձեր առաջին քարտուղարի (Սաֆյան) քաղաքական սխալի պատճառով:

- Այսի՞նքն…

- Այսինքն այն, որ նա բոլոր դպրոցների տնօրեններին ստիպում է` ՍՍՀՄ Հանրապե-տությունների պետական դրոշները, նույնիսկ «մայկա-տրուսիկի» վերածած` դուրս գալ հրապարակ:

- Հետո՞ ինչ…

- Հետո այն, որ չի կարելի պետական սիմվոլիկան փաթաթել երեխաների սեռական օրգաններին:

- Ա˜յ քեզ սեռական դեմագոգիա…

Երքաղսովետի նախագահի առաջին տեղակալ դառնալու առիթով

(կատակային երկխոսություններ իրենց տանը)

ՄԱՐԱՏ (քրոջ որդին, ուսանող. դիմելով մորը) - Մա, մա, հլա արի ու լավ էրիշկա. չմեռանք ու վիցե գուբերնատոր քյառի էլ ունեցանք:

Բաբկենը քրտնած էր

Ինձ հետ միասին նոր բնակարանի կահույքի վերջին կտորը հինգ հարկ բարձրացնելուց հետո, Բաբկեն Թադևոսովիչը քրտնաթոր նստեց բազմոցին և քրոջ աղջկանից մի բաժակ ջուր ուզեց: Էդ պահին խոհանոցից հյուրասենյակ մտած նրա անզուգական մայրիկը` երջանկահիշատակ տիկին Սաթենիկը, ջուրը բերած թոռանը սաստելով ասաց.

- Քա աղջի, ո՞ւր ես տալի Բաբկեն խմի, Բաբկեն քրտնուկ է:

- Տանք` թող Վիսլան խմի, հա՞ մամա,- նուրբ հումորով կատակեց Բաբկենի կինը` մեր սիրելի Գոհարիկը:

Բոլորս ծիծաղեցինք…

Մի խոսքով հոբելյանդ շնորհավոր ՈՒՆԻԿԱԼ ընկեր:

Պատիվ ունեմ` Վիսլա ՍԵԴՐԱԿՅԱՆ