Ո՞ՒՐ ԵՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ


 

Ոչ ոք չի ժխտում այն հանգամանքը, որ Երևանը պիտի դառնա 21-րդ դարի քաղաք, սակայն ոչ պատմության ավերման հաշվին, ոչ այն կառույցների հաշվին, որոնք վկայում են քաղաքի հին լինելու մասին...

Մայրաքաղաքի Լալայան թիվ 37 բազմաբնակարան շենքը ճարտարապետական մեծարժեք հուշարձան չէ, սակայն ներկայացնում է խորհրդային ուշ կոնստրուկտիվիզմի քաղաքաշինական շերտի առանձնահատկությունները, հանդիսանում այդ շրջանի եզակի կառույցներից մեկը Երևանում: Բացի իր քաղաքաշինական-ճարտարապետական նշանակությունից, այս շենքը նաև նշանավոր է նրանով, որ այստեղ են ապրել հայ արվեստի շատ մեծեր, Հայրենական պատերազմի և ԽՍՀՄ հերոսներ... Ուրեմն, այս շենքն ինքնին պատմություն է: Սակայն մեզ հայտնի դարձավ, որ Հյուսիսային պողոտայում, որին կից է Լալայան փողոցը, բազմաթիվ էլիտար շենքերի սեփականատեր հանդիսացող Սամվել Մայրապետյանն արդեն մոտենում է նաև այս շենքին` շատ շուտով այն ևս գետնին հավասարեցնելու մտադրությամբ: Մայրաքաղաքի նախկին ղեկավարները սիրահոժար կերպով համաձայնել են շենքը հանձնել Մայրապետյանի «բուլդոզերներին»` հավանաբար իրենց նախաձեռնությունն արդարացնելով «գերակա շահի» դրույթով:

Չի բացառվում, որ շատ շուտով կառավարության ու նախագահականի մոտ նոր ցուցարարներ հայտնվեն` բողոքելով իրենց իրավունքների ոտնահարման, իրենց խաբելու և անօթևան թողնելու դեմ: Այսինքն, ճիշտ այնպես, ինչպես մինչև օրս բողոքում են Բուզանդի (և ոչ միայն) փողոցի բնակիչները:

Քաղաքապետարանում մեզ որևէ հոդաբաշխ պատասխան չտվեցին Լալայան 37-ի մասին, չուզեցին լսել, որ այս շենքը յուրատեսակ թանգարան է` կառուցված ականավոր ճարտարապետ Նիկողայոս Բունիաթ յանի նախագծով: Այս շենքում ապրել են Հրաչյա Ներսիսյանը, Վաղարշ Վաղարշյանը, Օլգա Գուլազյանը, Ավետ Ավետիսյանը, Գուրգեն Ջանիբեկյանը, Ռուզաննա Վարդանյանը, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հիմնադիր, նշանավոր բեմադրիչ և դերասան Վավիկ Վարդանյանը, Մկրտիչ Ջանանը, Տիգրան Շամիրխանյանը, Վաղինակ Մարգունին, Թաթուլ Դիլաքյանը, Մուրադ Կոստանյանը, Հովհաննես Ավագյանը, Նինել Դալլաքյանը, ջութակահար Վիլլի Մոկացյանը, Արտեմի Այվազյանը, շատ ու շատ ուրիշներ: Իհարկե, նրանք շատ վաղուց չկան, նրանցից շատերի հիշատակները հավերժացնելու այլ տեղ չկա, քան այս շենքը: Բայց էլիտար շինարարությամբ հարստացնողներն այսօր մի արդարացում ունեն. այդ շենքն աններդաշնակ է բազմահարկերով ձևավորված միջավայրին, իբր իր ճարտարապետական լուծումներով այն դուրս է մնում անսամբլից: Նրանք նաև խոսում են այն մասին, որ հատկապես այդ թաղամասում ապրողները պիտի ունենան բնակարանային-կենցաղային բարձրակարգ պայմաններ:

Ընդունենք, որ 1930-ականների ոճը համահունչ չէ 2010-ականների նարեկսարգսյանական ոճին և մայրապետյանական նկրտումներին, սակայն մի՞թե չի կարելի այս շենքի ճարտարապետական նկարագիրը պահպանելով` երեսպատում իրականացնել, փոխել պատուհաններն ու մուտքերի դռները` այսպիսով այս միջավայրում ձևավորելով անհրաժեշտ բազմազանությունը` պահպանելով նաև մայրաքաղաքի քաղաքաշի նական շերտերի առանձնահատկությունները:

Այս ամենի կողքին հառնում է մի տխուր մտածում ևս: Այսօր Երևանն աստիճանաբար վերածվում է առանց պատմության քաղաքի, զրկվում է ինչպես 19-րդ դարին բնորոշ շինություններից, այնպես էլ 20-րդ դարի առաջին կեսի ճարտարապետական մտահղացումներից: Մինչդեռ ցանկացած քաղաք գեղեցիկ ու հրապուրիչ է իր պատմական շերտերի ներկայությամբ...

Ցավոք, այսօր ոչ ոք ձայն չի բարձրացնում ինչպես այս, այնպես էլ մի շարք այլ շենքերի փրկության համար, այսօր ոչ ոք չի ուզում ուշադրություն դարձնել, որ Աբովյան փողոցը գրեթե այլանդակելուց հետո` այժմ էլ անցնում են Պուշկին, Արամի փողոցներին, որոնք նույնպես ենթարկվել են ամենակուլ բուլդոզերների հարձակումներին: