ԷԼԻ ՊԱՇՏՈՆ ՉՏՎԵՑԻՆ


 

Մինչ Արթուր Բաղդասարյանի կուսակցությունում անհամբեր սպասում են նոր պաշտոնների, վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ որոշ նախարարություններում կատարվել են կադրային փոփոխություն ներ և արդեն հստակեցվել են այն թեկնածուները, ովքեր կնշանակվեն թափուր պաշտոններում: Եվ, ինչպես պարզվեց, ՕԵԿ-ին խոստացված պաշտոնները չտրվեցին:

Մենք փորձեցինք կուսակցությանը մոտ կանգնած մեր աղբյուրներից ճշտել, թե ինչպես են վերաբերվում այս «անտեսումներին»: Մեզ հաղորդեցին, որ հատկապես Արթուր Բաղդասարյանն այնքան էլ անհանգստացած չէ այս վիճակով և ինքն էլ չի շտապում իր մի շարք ընկերներին պաշտոններ տալու հարցում: Չի բացառվում, որ առաջիկայում մենք ականատես լինենք ՕԵԿ-ի ինքնալուծարմանն ու նրա զանգվածի հանրապետականացմանը: Այս մասին շատերն են խոսում` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այսօր կուսակցությունը փաստացի չի գործում, «ինքնամաքրման մասին» հայտարարությունից հետո այստեղ չեն շտապում նոր անդամներ ընդգրկելու հրապարակային գործունեություն ծավալել:

- Ամեն ինչ պարզ կդառնա խորհրդարանի աշնանային նստաշրջանը սկսվելուց հետո,- մեզ ասացին ՕԵԿ-ից:

Ուրեմն, սպասենք հայաստանյան քաղաքական դաշտի մի նոր «տրանսֆորմացիայի»…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ