ԵՐԿՆՔՈՒՄԳԵՐՎԱԾՆԵՐԸ


 

(Սկիզբը «Ավանգարդի» թիվ 57-63-ում)

ՇՈՂԵՐ _ Այստե՞ղ էլ բժիշկ ես: Հոգեբո՞ւյժ:

ԲԺԻՇԿ _ Այո´: Եվ բանն այն է… Բանն այն է, որ ո´չ դուք, ո´չ էլ ես… չենք մեռել: Մենք ողջ ենք… Կենդանի´ ենք: (Բոլորը զարմանքից մնում են քար կտրած):

ՏԻԳՐԱՆ _ Չի կարող պատահել… Այդպես չի կարող լինել…

ՇՈՂԵՐ _ Ա˜… (Բոլորը նայում են նրան): Սա պարզապես կախարդ է: Եվ հիմա ընդունեց բժշկի կերպարանք: Ուզում է խաբել, որ կապերն արձակենք:

ԲԺԻՇԿ _ Դե ո˜չ… Ես իսկապես ձեր բժիշկն եմ, և դուք էլ մեռած չեք: Բոլորդ ողջ եք: Ներեցեք ինձ:

ՏԻԳՐԱՆ _ Ուրեմն դու մեզ իսկապես համարել ես գի՞ժ:

ԲԺԻՇԿ _ Բնա´վ, Ամենևի´ն: Ես պարզապես անում էի բժշկական, հոգեբանական փորձ: Ուսումնասիրում էի մարդկային էությունը: Գիտեմ, որ իմ արածը թույլատրելի չէ: Ես մեղավոր եմ: Ներեցեք… հանուն գիտության:

ՍԵՆԻԿ _ (Խորհելով) Փչում է… Այդպես լինել չի կարող: Մենք մեռած ենք:

ԲԺԻՇԿ _ Ո´չ, ասում եմ: Մեռած չեք:

ՍԵԴԱ _ Մեռած չե՞նք: Իսկ երկնային ձա՞յնը… Մեզ այցելած ոգինե՞րը…

ՏԻԳՐԱՆ _ Իսկ եդեմական փերի՞ն… Դրախտային ուտեստնե՞րը:

ԲԺԻՇԿ _ Այդ ամենը իմ հորինածը, այսպես ասած` բեմադրածն էր… Ես էի և´ հանգուցյալի ոգին, և´ երազի ոգին…

ՇՈՂԵՐ _ Իսկ ինչպե՞ս էիր այդպես բնական խաղում: Չլինի՞ դու նույնպես դերասան ես:

ԲԺԻՇԿ _ Ժամանակին հաճախել եմ թատերական ստուդիա:

ՏԻԳՐԱՆ _ Եթե իրոք այդպես է, ուրեմն… (ինչ-որ բան վերցնելով) մեր դերերը հիմա կփոխվեն…

ՍԵԴԱ _ (Ներքին կատաղությունը փորձելով զսպել) Ես քեզ պարզապես կխեղդեմ:

ՇՈՂԵՐ _ Իսկ ես (վերցնում է ջրամանը) կստեղծեմ իմ գլուխգործոցը…

ՍԵՆԻԿ _ Փչում է… Այդպես լինել չի կարող: Մենք մեռած ենք:

ԲԺԻՇԿ _ Ո´չ: Մեռած չեք: Ներեցեք ինձ, խնդրում եմ:

ՏԻԳՐԱՆ _ Եթե մեռած չեմ, ուրեմն կարող եմ գնալ ու… նորոգե՞լ մորս տան տանիքը, գրկե՞լ իմ սիրած կնոջը:

ԲԺԻՇԿ_ Դե իհարկե´ կարող ես:

ՍԵԴԱ_ Ու ես իմ կյանքը կարող եմ շտկե՞լ:

ՇՈՂԵՐ_ Ես կնկարեմ իմ լավագույն գո՞րծը:

ՍԵՆԻԿ_ Ու ես քար կդնեմ հորս գերեզմանի՞ն…

ՏԻԳՐԱՆ _ Կհայտնեմ իմ ներկի գաղտնի՞քը…

ՍԵՆԻԿ _ Չէ´, այդպես լինել չի կարող: Մենք մեռած ենք:

ԲԺԻՇԿ _ Ասում եմ` մեռած չե´ք:

ՇՈՂԵՐ _ Եթե մեռած չեմ, ուրեմն ինչո՞ւ ուրախությունից չեմ մեռնում:

ՍԵԴԱ _ Ինչո՞ւ եմ ես ինձ այսպես թեթև զգում:

ՍԵՆԻԿ _ Եվ (իրեն խփելով) ո՞ւր է այդ դեպքում իմ մարմինը: Ինչո՞ւ եմ ես այսպես ոգեկան:

ԲԺԻՇԿ _ Ախր դա ձեզ միայն թվում է: Դուք մեռած չե´ք:

ՏԻԳՐԱՆ _ Այդ դեպքում որտե՞ղ ենք մենք:

ՍԵՆԻԿ _ Որտե՞ղ ենք մենք… (Գյուտ արածի պես, պահարանին մոտենալով) Ես հիմա կպարզեմ, հիմա կպարզեմ… (Պահարանից վերցնում է անկյունաչափի նմանվող ինչ-որ բան): Եթե միայն Լուսինը երևա… Լուսինը երևա… (Կանգնում է դռան շեմին, նայում վերև): Հրաշալի է. այստեղից երևում է երկինքը: (Մյուսները հետևում են, թե նա ինչ է անում): Այսօր սեպտեմբերի տասնհինգն է… (Իր սարքով նայում է վերև): Ուրեմն Լուսինը պետք է լինի… (Մտքում հաշվարկներ է անում)… 5-ին լիալուսին… 10-ին… 200 անկյուն… Նշանակում է, որ այս պահին մենք գտնվում ենք… (Ինքն իրեն հերքելով) Երկրի վրա:

ԲԺԻՇԿ _ Տեսա՞ք: Ասում եմ, չէ՞: Դե, արձակեք կապերը: Ներեցեք ինձ:

ՏԻԳՐԱՆ _ (Կապերը քանդում է): Այս ամենը որքան տարօրինակ, նույնքան էլ անհավատալի է…

ՇՈՂԵՐ _ (Ուշքի չեկած) Իսկ գուցե աշխարհում ամե՞ն բան է պատրանք, ամե՞ն բան է տեսիլք: Չկա ո´չ կյանք, ո´չ մահ, ո´չ դրախտ, ո´չ դժոխք, ո´չ Աստված, ո´չ սատանա:

ՍԵՆԻԿ _ Չէ´, մի ինչ-որ բան, այնուամենայնիվ, կա…

ՇՈՂԵՐ _ (Խորհելով) Իսկ ի՞նչ:

ԲԺԻՇԿ _ (Կատակով) Դուք եք եղել այնտեղ` կյանքից և Աստծուց անդի, ինքներդ ասեք: (Տիրում է լռություն: Բժիշկը շարունակում է կարճատև դադարից հետո, վերև նայելով) Այնտեղ գուցե և կա մի ինչ-որ բան, սակայն ոչ այն, ինչ մենք գիտենք:

(Որոշ ժամանակ տիրում է լռություն: Հիվանդները, կարծես այլևս չիմանալով ինչ անել, մտքերով տարված, նստում են: Զգացվում է, որ դեռևս շփոթված են):

Ներեցեք ինձ, խնդրում եմ: Հավատացեք, որ այս ամենից առաջին հերթին շահող եղաք դուք… Դո´ւք, որ արդեն կյանքին կնայեք ուրիշ հայացքով…

Դուք լինեիք այստեղ ոգիների պես, թե կյանքը ապրած, արդեն ավարտած ծեր մարդկանց նման, ոչինչ չէր փոխվի, կլիներ նույնը: Դուք կունենայիք նույն ցանկությունը` չարածը անել, սխալը շտկել…

Այսպես դուք ստացաք լավագույն բուժումը, իսկ հիմա, խնդրեմ, ապրեցեք այնպես, ինչպես քիչ առաջ կամենում էիք: Այնպե´ս, որ եթե հաշիվ տաք Աստծուն, թե ինքներդ ձեզ, ափսոսալու բան շատ քիչ ունենաք…

Դուռն արդեն բաց է: Կարող եք գնալ…

Դուռը բացվում է:

Վարագույրը դանդաղ փակվում է:

(Վերջ)