Կրկին «շվեյցար»-ական բարքեր
կամ` դռնապահը նաև հսկիչ էր…


 

Այն իրողությունը, որ Հայաստանում բառացիորեն սնկի նման աճած սննդի բազմաթիվ օբյեկտներ, կամ նրանց տերերի երբեմն հույժ արդի «տերմինալոգիայով» ասած` «ռեստորանահյուրանոցային համալիրնե ր», օգտագործվում են նաև այլ նպատակներով` գաղտնիք չէ:

Ամիսներ առաջ, «Շվեյցարական» բարքեր վերնագրով հրապարակման մեջ անդրադարձել էինք Երևանի Մաշտոցի պողոտայի սկզբնամասում վեր խոյացած «Մետրոպոլ» հյուրանոցի դռնապահ, 31-ամյա Էդգար Հ.-ն-ի ամենևին էլ ոչ «շվեյցար»-ական գործունեությանը: Տևական ժամանակ` 2009 թ. մայիսից մինչև 2012 թ. փետրվար ամիսը, նա պարբերաբար, շահադիտական նպատակներով, մի շարք կանանց միջնորդել էր հյուրանոցային համալիրում սեռական հարաբերություններ ունենալ տարբեր տղամարդկանց հետ: Պարզվել էր, որ այդ վայ-դռնապահը կանանցից տղամարդկանց հետ յուրաքանչյուր հանդիպման համար վերցրել էր 15.000-ից մինչև 30.000 դրամ միջնորդավճար, ինչով նպաստել է նրանց պոռնկությամբ զբաղվելուն:

Ի դեպ, օրերս Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Էդգար Հ.-ին դատապարտել է 3 տարվա ազատազրկման: Դատավճռում մի հետաքրքիր մանրամասն է հրապարակվել` Էդգարի և մարմնավաճառուհիների միջև գումարի փոխանակումը տեղի է ունեցել վերելակի մոտ, քանի որ այնտեղ տեղադրված տեսախցիկ չի եղել: Եղել են նաև դեպքեր, երբ Էդգարն է հաճախորդից գումարը վերցրել և այն բաժանել իր ու մարմնավաճառուհիների միջև: Պարզվել է նաև, որ երբեմնի դռնապահի հիմնական հաճախորդները արտասահմանցիներ են եղել:

Ցավով ենք նշում, որ մեր քաղաքի համար ամոթալի և անպատվաբեր նմանօրինակ բարքերի հերթական դրսևորմանը ոստիկանության աշխատակիցները առիթ ունեցան բախվելու բոլորովին վերջերս: Ըստ այդմ` 1990 թ. ծնված Անդրանիկ Ս.-ն և 1974 թ. ծնված Էդվարդ Ա.-ն 2010 թվականից ի վեր, որպես դռնապահներ և միաժամանակ ավտոկայանատեղիի հսկիչներ աշխատելով Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի 10/1 հասցեում գործող «Նոր Ռեժանս» հյուրանոցային համալիրում, պարբերաբար, շահադիտական նպատակով, միջնորդել են 1987 թ. ծնված Լիլիթ Կ.-ի, 1977 թ. ծնված Լուսինե Մ.-ի, 1980 թ. ծնված Դիանա Ս.-ի, 1980 թ. ծնված Ալլա Թ.-ի, 1986 թ. ծնված Քնար Թ.-ի, 1983 թ. ծնված Զարուհի Ս.-ի, ինչպես նաև դեռևս անձը չպարզված ոմն Ալինայի, Անիի, Մոնայի և այլոց` «Նոր Ռեժանս»-ում սեռական հարաբերություններ ունենալ տարբեր տղամարդկանց հետ: Ու իրենց սեռական հաճույքների դիմաց նրանցից յուրաքանչյուրը միջնորդավճար է «մուծել»: