3 միլիոնանոց Նաոմին


 

Գերմանական լրատվամիջոցները հաշվել են, թե 49-ամյա ռուս օլիգարխ, «Կապիտալ Գրուպ» ընկերության հիմնադիր Վլադիսլավ Դորոնինը ինչ գումարներ է ծախսում իր սիրուհու` Նաոմի Քեմպբելի վրա: Վերջինիս հետ նա ծանոթացել է 4 տարի առաջ` Կաննի կինոփառատոնում:

Sueddeutsche Zeitung թերթի տվյալներով` այս զույգը հաճախ է վիճում սուպերմոդելի շռայլության համար. նա չի սիրում իրեն զրկել ոչնչից: Պարզվել է, որ դիզայներական հագուստներից, թանկարժեք իրերից, նվերներից ու կանացի մյուս շքեղ պիտույքներից զատ, Նաոմին թուլություն ունի նաև հարդարանքի պարագաների հանդեպ: 42-ամյա գերաստղի վերջին գնումներից մեկն, օրինակ, եղել է անցանկալի մազերը հեռացնելու սարքը` 300 հազար եվրո արժողությամբ: Իսկ վերջին մի քանի ամիսներին զանազան «մանր-մունր» շպարների ու հագուստի համար մսխել է 500 հազար եվրո:

Էլ չհաշված բուժման ծախսերը, որոնք այդուհանդերձ նրան չեն փրկում ճաղատությունից: Դորոնինի հետ նա իսպանական լողափին հայտնվել է առանց կեղծամի, և մարդիկ տեսել են, որ նա կորցրել է մազերի կեսից ավելին (Life News Online):

Գործարարի մտերիմներն ասել են, որ ռուս միլիոնատերը որոշել է ավելի խնայող դառնալ սիրուհու հանդեպ: Գուցե հենց դա է եղել նրանց հերթական վեճի պատճառը, որից հետո Սև հովազն առանց Դորոնինի ուղեկցության հայտնվել է Օլիմպիական խաղերի պատվին Լոնդոնում կազմակերպված երեկույթին:

Ռուսաստանյան մեծահարուստների վարկանիշային ցանկում «Ֆինանս» հանդեսը Վլադիսլավ Դորոնինի ունեցվածքը գնահատել է 220 միլիոն դոլար:

Հիշեցնենք, որ 2009-ին, աղմկալի ամուսնալուծության ժամանակ, Դորոնինի կինը դատական կարգով նրանից պահանջել ու ստացել էր 10 միլիոն դոլար: