ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ ԾՈՎՆ ԷԼ ՑԱՄԱՔՈՒՄ Է


ՀԷՑ-ի անպատկառությունն ու Հանրային ծառայություններն իբր կարգավորելու կոչված հանձնաժողովի քաջալերանքը կարծես վերջին կաթիլը դարձան ժողովրդի համբերության: Իսկապես` ծո˜վ է հայաստանաբնակներիս համբերությունը, բայց դա էլ է հատում:

Ախր ի՞նչ տրամաբանությամբ բնակչությունը պետք է վճարի ինչ-որ կազմակերպության շքեղ վայելքների համար: Մանավանդ այն հասարակությունը, որի անդամների մեծ մասը իսկի իր ապրուստը չի կարողանում հոգալ: Ո՞վ չգիտե, որ էներգավաճառները միայն սակագնի թանկացումներով չէ, որ թալանում են սպառողին: Հաշվիչների ցուցմունքները կեղծելու դեմ ո՞վ և ե՞րբ պիտի պայքարի: Ինչո՞ւ են հաշվիչները բնակարաններից դուրս տարվել: Որ բնակիչը լույս չգողանա՞: Իսկ ոչի՞նչ, որ տեսուչների ձեռքով նույն խաբեբա կառույցն է կիլովատներ գողանում:

Փա´ստ է, որ ՀԷՑ կոչվող համաժողովրդական չարիքը մեծն մախինատոր Օստապ Բենդերի ճարպկությամբ համակողմանի թալան է իրականացնում: Այն իրականում միջնորդ է. արտադրողից գնում ու սպառողին է վերավաճառում մի ապրանք, որի կարևորության չափը գիտակցելով` անվերջ լկտիանում է ու հափրում: Ըստ շրջանառվող լուրերի (ինչը չի հերքվել)` գնում է 19 դրամով, վաճառում... 49-ով: Սրան էլ հավելենք գողացվող կիլովատները` կպարզվի, որ 1 կվտ/ժ էլէներգիայի համար մենք վճարում ենք առնվազն 53-55 դրամ: Ռուսական ԲԲԸ-ն էդպես է ուզում. ասում է` պայտն էլ, մեխն էլ իմ ձեռքին են` ում ուզեմ և ինչպես ուզեմ` կպայտեմ: Ճիշտ է ասում: Բայց այդ ձեռքը բռնող կառույց ենք ստեղծել, որը ոչ թե ՀԷՑ-ի հաստիքացուցակներով, այլ հարկատուների հաշվին է վարձատրվում: Փաստորեն բոլորս վճարում ենք մեզ իսկ մաշկողի հովանավորների՞ն: «Իմ թշնամու բարեկամը իմ թշնամին է»` ասել է մտածողներից մեկը: Իսկ ՀԷՑ-ի ղեկավարությունը հաստա´տ մեր բարեկամը չէ:

Օտար բաժնետերը չի ուզում չափավորել իր ախորժակը, բայց ոչ բարով էս ժողովրդի զավակ ռոբերտնազարյանները չե՞ն մտածում գոնե հարազատ զավակների մասին, որ վաղը-մյուս օրը չամաչեն իրենց անուն-հայրանունից...

«Տաղտկալի´, ձանձրալի պատմություն»` կասեր Բանաստեղծը, իսկ ժողովուրդը այլ ձևակերպմամբ է ձեռքն անհույս թափ տվել` «...սևին սապոնն ի՞նչ կանի»:

Ի դեպ` օճառը մեկ էլ այնպե˜ս է մրմռացնում...