Հրատապ է անցումն այլընտրանքայինին


Հայաստանի էներգետիկ համակարգի մասին փորձագետների հետ զրույցներն այնքան բազմաճյուղ են, որ դրանք ամբողջությամբ ներկայացնել հնարավոր չէ: Ուստի Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա ԲԱԲԱՅԱՆԻ հետ «Ավանգարդ»-ի զրույցից ներկայացնում ենք միայն այն հատվածը, որն այս օրերին ամենահրատապ թեման է համարվում:

- Վերջին շրջանում հասարակության ուշադրության կենտրոնում է հայտնվել Հայաստանի էներգետիկ ոլորտը: Տպավորություն է ստեղծում, որ այն բացիթողի վիճակում է և ոչ մեկին չի հետաքրքրում ռազմավարական նշանակություն ունեցող այս ոլորտը: Դուք համաձա՞յն եք այս տեսակետի հետ:

- Ես ուրախ եմ, որ հասարակությունն անհանգստանում և իր ուշադրության կենտրոնում է պահում էներգետիկ ոլորտը ու փորձում է որոշակի վերահսկողություն իրականացնել: Եթե կա անհանգստություն, ուրեմն կարևորվում է տվյալ ոլորտը և մասնագետներին ստիպում է ավելի զգոն լինել: Բայց պետք է նաև ասեմ, որ Հայաստանն էներգետիկ առումով բավական լավ վիճակում է գտնվում: Մասնավորապես, մեր ընդհանուր հզորությունների մոտավորապես 1/3-ը ապահովում է ատոմակայանը, 1/3-ը` մեծ և փոքր ՀԷԿ-երի և վերականգնվող կայանների արտադրած էլեկտրաէներգիան է և 1/3-ն էլ կազմում է ՋԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիան: Ասել է թե` համակարգը բալանսավորված է, և այնպես չէ, որ մեկը կանգնի, մնացածը չեն կարողանա աշխատել: Նման խնդիր չկա:

- Դուք ասում եք` խնդիր չկա, բայց հասարակության շրջանում այն տեսակետը կա, որ ներ-դրումներ չեն արվում, ամեն ինչ վատ է: Սա, անշուշտ, անհանգստացնող տեղեկություն է, քանի որ գոնե մենք լավ գիտենք, թե ինչ է նշանակում հոսանքի հովհարային անջատումներ, անլույս ապրելու հեռանկար և դրանով պայմանավորված մի շարք խնդիրներ: Իսկապե՞ս ոլորտն այդքան բացիթողի վիճակում է:

- Ներդրումների առումով ասեմ, որ բավական գումարներ են ներդրվում համակարգի արդիականացման և անվտանգության երաշխիքների ապահովման, ենթակայան ների սպասարկման որակի բարձրացման նպատակով: Եվ այս առումով որևէ ճգնաժամային իրավիճակ չկա: Բայց հնարավոր չէ մեկ օրում էներգետիկ համակարգեր փոխել: Եթե մասնագետները համակարգում վտանգ են տեսնում ոչ թե այս տարվա, այլ առաջիկա 5 կամ 10 տարվա համար, ապա պետք է այսօր քայլեր ձեռնարկվեն, որպեսզի հնարավոր լինի չեզոքացնել սպասվող խնդիրները: Այսօր իսկապես շատ հարմար պահ է անհանգստանալու համար, որովհետև այսօրվանից արդեն պետք է մեր կայանները կամաց-կամաց փոխարինվեն վերականգնվող էներգիայի մեր սեփական ռեսուրսներով, պետք է հնարավորինս կրճատել էլեկտրաէներգիայի կախվածությունը գազից: Բացի այդ` շատ կարևոր է էներգախնայողության ծրագրերի իրականացումը: Այսինքն սրանք միջոցառումներ են, որոնք մեր վախերը կկրճատեն:

- Աշխարհում այսօր բավական արդիական է արևային էլեկտրակայաններ կառուցելու հարցը: Հայաստանը, սակայն, այս առումով ունենալով լավ հնարավորություն ներ, դեռևս լուրջ քայլեր չի ձեռնարկում նման կայաններ կառուցելու համար: Ինչո՞ւ:

- Ջերմային էներգիայի` արևային ջրատաքացուցիչների օգտագործումը վերջին երկու տարում գնալով ավելանում է մեր երկրում: Որոշ բնակելի տներում, հյուրանոց ներում, փոքր և միջին բիզնեսում արդեն ջրատաքացուցիչներ են տեղադրվել կենցաղային հարցերը լուծելու համար: Սա ևս բավական կրճատում է գազից կախվածությունը:

-Խոսելով վերականգնվող էներգետիկ աղբյուրների մասին` Հայաստանում կարծես որոշակի շարժ կա, բայց կարծես բոլորի ուշադրության կենտրոնում արևային էլեկտրակայաններ ունենալու հարցն է: Վերջերս նույնիսկ կառավարությունը որոշում կայացրեց` աշխատանքներ տանել արևային էներգիայի սակագին սահմանելու համար: Եթե սակագին դեռևս չկա, ապա ինչպե՞ս է կարգավորվում բնակարաններում և այլ տարածքներում տեղադրված արևային էներգիա արտադրող սարքավորումներից ստացվող էլեկտրաէներգիայի օգտագործման, կամ ընդհանուր ցանցի միացման հարցը:

- Օրենքի համաձայն` վերականգնվող էներգետիկ աղբյուրների (փոքր ՀԷԿ-եր, հողմային կայաններ, կենսազանգվածից և արևային էներգիայից ստացվող էներգետիկ համակարգերի) կողմից արտադրվող էներգիան ունի առաջնային գնման արտոնություն: Սա նշանակում է, որ բաշխիչ ցանցերը պարտավոր են գնել այդ կայանների կողմից արտադրած ցանկացած քանակության էլեկտրաէներգիայի ողջ ծավալը: Արևային, հողմային և կենսազանգվածային կայանների կողմից արտադրած էլեկտրաէներգիան պարտադիր գնման ենթակա է 20 տարի, փոքր ՀԷԿ-երինը` 15 տարի ժամկետով: Օրենքով սահմանված է նաև, որ փոքր` մինչև 150 կվտ/ժամ հզորություն ունեցող արևային կամ ֆոտովոլտայիկ տեղակայանքների կողմից արտադրած էլեկրաէներգիան կարող է ցանցին միացվել առանց որևէ սակագին ֆիքսելու կամ թույլտվության: Այսինքն` ցանկացած բնակիչ կամ հաստատություն, կարող է տեղադրել արևային կամ ֆոտովոլտայիկ սարքավորումներ. դիմել էլցանցին, միացնել էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուր հանդիսացող սարքավորումը և այն օգտագործել` առանց դրա համար վճարում կատարելու: Այս միջանկյալ փուլի համար սա բավական լավ լուծում է: Ավելին, որոշ ձեռնարկություններ այնպիսի տեղերում են գտնվում, որ հնարավոր չէ էլցանցին միացնել. սեփական արևային կայանն իր կուտակիչներով հնարավորույթյուն է տալիս ձրբազատվել այդ հոգսից և չվճարել սպառած հոսանքի համար:

- Կա՞ արդեն նման փորձ:

- Այս պահին արևային էներգիա արտադրող ամենամեծ հզորություն ունեցող սարքավորումը տեղադրված է Գյումրիում, որն արտադրում է 94 կվտ/ժ էլեկտրաէներգիա: Որևէ էներգետիկ ծախս չանելով` այդ հաստաությունը լիարժեք ապահովված է կենցաղային կարիքների համար անհրաժեշտ հոսանքով: Ինչ վերաբերում է արևային էներգիայի սակագնին, ապա ասեմ, որ մինչ այս` դեռևս որևէ մեծամասշտաբ լուրջ նախագիծ չի իրականացվել Հայաստանում, իսկ փոքր կայաններով հնարավոր չէ կողմնորոշվել, քանի որ փոքրի դեպքում արտադրանքն ավելի թանկ ինքնարժեք է ունենում:

- Տարածաշրջանի երկրների համեմատ ի՞նչ դիրքերում է Հայաստանը` վերականգնվող էներգետիկ համակարգեր ունենալու առումով: Եթե այն հնարավորություն է տալիս թուլացնել գազից կախվածությունը, ապա բնական է, որ այն բավական գրավիչ կարող է լինել ոչ միայն մեր, այլև տարածաշրջանի այլ երկրների համար:

- Այսօրվա դրությամբ Հայաստանն անհամեմատ առաջ է վերականգնվող էներգետիկ ռեսուրսներով: Վրաստանը վերջին շրջանում շատ արագ զարգացրեց իր ՀԷԿ-երը: Թուրքան ևս բավական առաջ է գնացել իր վերակագնվող էներգետիկայի ասպարեզում: Այնտեղ շատ կան արևային ջրատաքացուցիչներ, էներգախնայողությունը բարձր հիմքերի վրա է և երկրաջերմային էնեգետիկայի ուղղությունն է այնտեղ զարգացած: Մենք ևս քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ: Այս պահին մեր երկիրը 8,55 մլն դոլարի չափով դրամաշնորհ է ստացել` երկրաջերմային հորատանցքեր փորելու համար: Սա լավ հնարավորություն է, և, եթե պետությունը ստանձնում է հորատման ռիսկը, ապա ռեսուրսի առկայության դեպքում ներդրողներն ավելի պատրաստակամ կլինեն ներդրում կատարել կայանի կառուցման համար:

- Որքանո՞վ այն հետաքրքրական կլինի ներդրողների համար, քանի որ այն կարծես թե նույնպես թանկ հաճույք է համարվում:

- Եթե այս նախագիծը հաջողի, ապա շատ հետաքրքրական կլինի այն առումով, որ ի տարբերություն արևի, քամու կամ փոքր ՀԷԿ-երի, այն աշխատում է անընդհատ, նույն հզորությամբ, առանց տատանումների և ողջ տարին: Ուստի կարելի է ասել, որ երկրաջերմային էներգետիկ կայաններն ատոմակայանից ավելի լավ ռեժիմով են աշխատում և ապագայի համար ավելի շահավետ են:

Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ