Մի խոսիր` չլսեն


Ֆրանսիայի իշխանություններին թույլատրվել է գաղտնալսել իրենց քաղաքացիների հեռախոսազրույցները: Միակ սահմանափակումն այն է, որ Սահմանադրական դատարանը չի արտոնել դա անել` առանց խորհրդատվական խմբի թույլտվության (տեղեկացրել է news.ligΖ.net--ն):

ՍԴ-ն անցյալ շաբաթ հավանության է արժանացրել պետության լիազորություններն ընդլայնող օրենքը` քաղաքացիների հսկողության նպատակով:

Ընդդիմությունն այդ օրենքը որակել է որպես «ֆրանսիական Մեծ Եղբայր»: Փաստաթուղթը նախատեսում է լսող սարքեր տեղադրել բջջային հեռախոսներում, մոնտաժել փակ տեսախցիկներն ու խոսափողերը: Նաև համացանցում հետևել օգտատերերի ակտիվությանը` ընդհուպ անձնական համակարգիչներ կոտրելը` ծայրահեղ դեպքերում:

Գաղտնալսումների պրակտիկան բնորոշ է բոլոր պետությունների հատուկ ծառայություններին, ու ժողովուրդն էլ դա գիտե: Ազգային պետական անվտանգության ապահովումը կարևոր խնդիր է և օրինական պահանջ: Բայց թե ինչո՞ւ է Ֆրանսիան որոշել հատուկ օրենքով և ի լուր աշխարհի ամրագրել այդ գործառույթը` առայժմ մեկնաբանություններ չեն հնչում: Երևի պետությունը չի ուզում գաղտնիքներ ունենալ իր քաղաքացիներից, ովքեր նույնպես այսուհետ չեն կարող պետությունից գաղտնի զրույցներ վարել: