Եվրոպական ծաղիկները` կենսաբանական սպառնալիք


Ռուսաստանում լրջորեն տրամադրվել են արգելել հոլանդական կակաչների ներմուծումը: Մասնագետները ստուգել են Նիդեռլանդներից ներկված ծաղիկների մի քանի խմբաքանակ և դրանցում վտանգավոր վնասատուներ են հայտնաբերել:

Ճիշտ է, ռուսական շուկան դեռևս փակ չէ եվրոպական ծաղիկների առջև, սակայն արևմտյան ծաղկաբույծներն արդեն անհանգիստ են` վախենում են կորցնել իրենց խոշորագույն շուկաներից մեկը: Ծաղկի վաճառքի շրջանառությունը ՌԴ--ում հաշվարկվում է ավելի քան 160 միլիարդ ռուբլի, որի 80 %-ը բաժին է ընկնում արտասահմանյան բույսերին:

Մասնագետների պնդմամբ` ԵՄ-ից ներկրված ծաղիկների մեջ պարբերաբար հայտնաբերվում են վնասատուներ ու հիվանդություններ: Օրինակ` Կալիֆոռնիական ծաղկային տրիպսը. 1 միլիմետրանոց այս բզեզիկը կարող է մի քանի հեկտար ցանքս ոչնչացնել: Ընդ որում` ոչ միայն ծաղիկների: Այն սնվում է բույսերի հյութով և վտանգավոր է հատկապես բանջարեղենային ու հատապտղային մշակությունների համար:

Իսկ ահա սպիտակ ժանգ կոչվող ախտը վնասում է տերևները և մեծապես նվազեցնում է բերքատվությունը:

«Ռոսսելխոզնադզոռ»-ի տվյալներով` վարակված ու վարակակիր բուսականության 50 տոկոսը ներկրվում է Հոլանդիայից: Գուցե մեր մասնագետները նույնպես հետազոտեն այս վտանգը: Բայց ներկրվող ծաղիկները թանկ ապրանք են. ներկրողները թույլ կտա՞ն…