Երջանիկ լինելու առեղծվածը


Լրագրողական 18-ամյա հարուստ փորձառությամբ կինոքննադատ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստա կան ղեկավար Սուսաննա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ի տարբերություն ոլորտում հաստատված շատերի, մասնագիտական փայլուն կրթություն է ստացել Կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտի կինոգիտության ու սցենարական ֆակուլտետում, Պլախովի արվեստանոցում: Այսօր էլ երանությամբ է գնահատում իրեն վիճակված այդ բացառիկ հնարավորությունը: Որպես սցենարիստ, կինոռեժիսոր` երբևէ չի էլ երազել գործընկերներից ոմանց հանգույն իրեն այլ, առավել գայթակղիչ թվացող «կինոշեղումներ» թույլ տալու մասին:… Նա արդեն միջազգային մի շարք հեղինակավոր կինոփառատոների մասնագիտական հանձնախմբերի աշխատանքային պատկառելի փորձ է կուտակել:…

- Ի՞նչն է կյանքում ամենադժվարը:

- Երևի թե քո երազին, պատանեկան նկրտումներին հավատարիմ մնալը, դրանց նպատակա-սլաց կենսագործումը: Երջանիկ եմ իմ սիրելի կինոարվեստի պատշաճ զարգացման տեսակետից անչափ կարևոր մասնագիտությամբ: Գոհ, որ կարողացա օգտակար լինել 1996-ին Հայաստանում Կինոգետների և կինոլրագրողների ասոցիացիայի հիմնարկեքին: Համքարական առաջին անկախ միավորման փորձառությունն ու ձեռք բերված միջազգային կապերն ինձ և Միքայել Ստամբոլցյանին օգնեցին կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի հետ 2004-ին ստեղծել երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: Մեր օրերում իսկապես պատանեկան խենթություն էր կինոարտադրության խորը ճգնաժամ ապրող, մշտապես համակողմանի շրջափակման ենթակա մեր փոքրիկ հայրենիքում նման ընդգրկուն, համաշխարհային չափորոշիչներին չզիջող կինոփառատոն ձեռնարկելը: Աննկարագրելի դժվարությունները միակամ հաղթահարելով էլ տարեցտարի մեր «Ոսկե ծիրանը» հաստատեցինք աշխարհի կինոքար տեզին: Փառատոնի հիմնարկեքի գլխավոր նպատակը 90-ականներին փլուզված հայրենական կինոարտադրության մասունքները խնամքով ժողովելն էր, ստեղծված քաոսային իրավիճակում նոր սերնդի աճեցման համար հուսալի հարթակի կառուցմանը խթանելը: Այդպես ծնվեց և հասունացման հավատընծա դրսևորումներ ի հայտ բերեց «Ոսկե ծիրանի» 5-ամյա «Կորիզը»: Գիտե՞ք, դժվար է լինել ոչ պետական, հասարակական կազմակերպություն և համարձակ խիզախումների դիմել, երբ միջազգային ճանաչում նվաճելուց հետո էլ ֆինանսատնտեսական զորեղ մարտահրավերների ներկայիս պայմաններում տարիներով նույն պետական աջակցությունն ես ստանում: Չեմ թաքցնում, դժվարություններ հաղթահարելը խաչելության պես մի բան է դառնում, եթե համառորեն չես դավաճանում նվիրական ձգտումներիդ: Առայժմ, մեր երեքի անսայթաք համախոհությամբ, հնարավոր է լինում դիմակայել: Չմոռանամ ասել, որ ինձ համար շա˜տ դժվար է ժամանակս հավասարաչափ բաշխել սիրածս գործի և հարազատներիս միջև: 2 աղջիկ ունեմ, 4 թոռնիկ... Չեք պատկերացնի, թե որքան եմ կարոտում նրանց: Իսկապես դժվար է...

- Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային:

- Ամենահանելուկայինն ինձ համար մնում է երջանիկ լինելու առեղծվածը: Ամբողջ կյանքում մարդը երջանկություն է որոնում և փորձում է հասկանալ, թե ո՞րն է իր երազած երջանկությունը: Կյանքն ինձ համար փուլերի է բաժանվում, որոնք շատ նման են հեքիաթներում հաճախակի հանդիպող ճամփաբաժանին: Աջ գնաս` այս կգտնես, ձախ գնաս` մեկ այլ բան: Կյանքում էլ է այդպես: Երբ ինչ-որ մի նպատակակետի հասնում ես, կրկին հայտնվում ես նոր ընտրության ճամփաբաժանին: Ինչ-որ տարիք է գալիս, երբ հասկանում ես, որ երջանկությունն ապրածդ այն պահն էր, որ անցյալում է մնացել: Շատ անգամ չես հասկանում, որ արդեն վայելել ես այդ պահը, քանի որ փնտրածիդ նյութականացումն այլ կերպ ես պատկերացրել կամ չես պատկերացրել: Սա է, կարծում եմ, կյանքի ամենամեծ առեղծվածը: Նաև` շարժիչ ուժը:

- Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել:

- Անկեղծորեն խոստովանում եմ... Ասենք, ես միշտ եմ անկեղծ: Երբ ինձ հարցնում են` ինչպե՞ս եք, ես փորձում եմ անկեղծ պատասխանել: Եթե նույնիսկ օտարներն են այդ հարցը տալիս, և ես վստահ եմ, որ ի սեր բարեկրթության է դա հնչեցվել: Առհասարակ ես լուրջ եմ ընկալում ինձ հասցեագրված ամենապարզ հարցերը: Փորձում եմ ամենայն լրջությամբ վերլուծել, հասկանալ, իմաստավորել իմ պատասխանները: Ես կադրային զինվորականի ընտանիքում եմ ծնվել, Կրասնոդարի երկրամասի Եյսկ քաղաքում: Երբ զորամասի հրամանատար, գնդապետ հայրս պաշտոնաթող եղավ, անմիջապես բռնեց «տունդարձի» ճամփան: 13 տարեկանում հայտնվեցի Երևանում, սկսեցի յուրացնել մայրենի լեզուս և երբևէ, մինչևիսկ մութ ու ցուրտ տարիներին, չմտածեցի վերաբնակվել ավելի բարեկեցիկ մի երկրում, որի հնարավորությունն ունեի: Ես սիրում եմ իմ Երևանը, Հայաստանը, ժողովրդին և ոչ երազում եմ, ոչ էլ պատկերացնում, որ կարող էի որևէ այլ ազգի ներկայացուցիչ լինել:

- Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից կամ` սիրելի անեկդոտը:

- Գիտեք, զվարճալի անեկդոտներ շատ եմ լսում, գրեթե ամեն օր, բայց մտապահել և նույն հյութեղությամբ վերապատմել չի հաջողվում: Հիշողությանս մեջ դաջվել է մի զավեշտալի միջադեպ, որը գուցե ժպիտով ընդունի «Ավանգարդի» ընթերցողը: Միջմշակութային փոխշփումների ահռելի բացը լրացնելու նպատակասլացությամբ մեր անձնական կապերի շնորհիվ մի սքանչելի ֆիլմ էինք ստացել, որի հանրային ցուցադրությանը բարձրաստիճան հյուրեր էինք հրավիրել: Երբ դիտումից առաջ մտա կինոխցիկ, անակնկալ տեսարանից ապշահար` քարացա: Մեծածավալ փաթույթներից հանված կինոժապավենի պատառոտված կույտի մեջ խճճվել էր մեխանիկը: Պարզվեց` տեղադրելիս կտրտվել է ներկայացվելիք ֆիլմի ժապավենի մեծ մասը, և անելանելի վիճակում հայտնված մարդը փորձում է մի կերպ սոսնձել ծվենները, որպեսզի միջոցառումը չձախողվի: Անմիջապես մտաբերեցի հյուրերիս, արագ դուրս եկա և չծրագրված շրջայց կազմակերպեցի կինոթատրոնում: «Փրկարար» նշանը ստանալուն պես մտանք կինոսրահ: Նախապես դիտած լինելով ֆիլմը` նկատեցի դիպաշարի հաջորդականության կամայական զուգորդումը: Պարզվեց` տեղադրելիս կտրտվել է ներկայացվելիք ֆիլմի ժապավենի մեծ մասը, և անելանելի վիճակում հայտնված մարդը մի կերպ սոսնձել է իրեն անծանոթ կինոնկարի ժապավենի ծվենները, որպեսզի միջոցառումը չձախողվի: Շունչս պահած սպասում էի դահլիճի «վերջնագիր»-արձագանքին… Ցուցադրությունը կայացավ, ամենքը տպավորված էին ժամանակակից կինոմտածողության էկրանային ցայտուն, նորաոճ դրսևորմամբ:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ