Հա՞ որ...


Սառը ջուր վաճառողի հոգեբանությամբ առաջնորդվելով` կաթնամթերք արտադրող ընկերությունները սկսել են օգտվել պահանջարկի սեզոնային աճից` թանկացնելով թթվասերը, կաթնաշոռը և, հատկապես, թանն ու մածունը: Հետաքրքիր է, որ նոր գնաճը նրանք բացատրում են կովերի «կամակորությամբ»` հայտարարելով, թե տարվա այս հատվածում ավանդաբար կաթնատվության անկում է արձանագրվում: Թե թանկացումը որքանո՞վ կոգևորի խոշոր եղջերավորներին, ու նրանք ինչպես կարտահայտեն իրենց վերաբերմունքը կաթի նախկին ծավալները վերականգնելու հարցում, անհայտ է: Այսուհանդերձ, նոր գնաճին ոչ բոլոր արտադրողներն են տրվել, ու որոշ ընկերությունների արտադրանքի գինն առայժմ անփոփոխ է մնում: Մինչդեռ թանկացումներ արձանագրածները հավաստիացնում են, թե իրենց արտադրանքը լրիվ անարատ կաթից է, ու տարվա այս հատվածում իրենք այլ ելք չունեն... Դե, բնականաբար, շարքային սպառողն էլ շուրջ մեկ տասնյակ արտադրողների տեսականու բաղադրությունն ստուգելու հնարավորություն չունի: Իսկ առանց հավելանյութերի կաթնամթերք արտադրելու մասին ոչ այնքան հավատընծա հավաստիացումներն ընդամենը ագահության չափանիշ գնաճը հիմնավորելու և թանկ գնով հրամցվող արտադրանքը գովազդելու նորահնար միջոց է: Իսկ ազնվությո՞ւնը: Դե, չեղածից ի՞նչ խոսես