ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ Է ԾՆՎՈՒՄ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ


- Ինչ տեղի կունենա, եթե մենք հասնենք հերթական ընտրության: Ի՞նչ տեղի կունենա: Ոչ մի բան չի փոխվի, պարզապես երկրի կորուստներին կգումարվեն նոր կորուստներ, ավազակապետությունը ևս մի քանի միլիարդ կգողանա ժողովրդից, մանր ու միջին գործարարության դասը կդադարի գոյություն ունենալ, գյուղացիությունը կհասնի վերացման եզրին, պետական պարտքը կհասնի ազգային անվտանգությանը սպառնացող չափի: Իշխանությունը կբացի օտարալեզու դպրոցներ, և հայերենը կհայտնվի աղքատ ազգականի կարգավիճակում, կշարունակվի աղճատվել Երևանի արտաքին նկարագիրը: Եվ որ ամենաաղետալին է` ևս հարյուր հիսուն հազար մարդ կարտագաղթի երկրից, էլ չասած Ղարաբաղի հարցում պատերազմի վերսկսման մասին: Ահա թե ինչ տեղի կունենա, եթե իշխանությունը որոշի չգնալ արտահերթ ընտրութ յան և իր իշխանությունը երկարաձգի ևս մեկ-երկու տարի: Հայ ազգային կոնգրեսն իր առաջ խնդիր է դրել բոլորին հասկացնել, որ դուք ստիպված չեք վճարել այդ թանկ գինը և անհրաժեշտ ճիգեր գործադրելու պարագայում կարող եք խուսափել դրանից, ու դրա համար ձեզանից մեծ զոհողություն չի պահանջվում, այլ ընդամենը ցուցաբերել վճռականություն, հանուն ձեր իսկ բարօրության, հանուն ձեր իսկ երեխաների ապագայի,- այս յուրատեսակ մեկնաբանությունը պատկանում է ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին: Սա այն «հայեցադրույթն» է, որի վրա հենվելով, ընդդիմության մի մասը ձգտում է արդարացնել արտահերթ ընտրությունների գաղափարը և ժամ առաջ վերադառնալ այն իշխանությանը, որը կորցրեց 1998-ին` ինքնակամ հեռանալով: Ժամանակին իր և Հայոց համազգային շարժման հեռացումը Լ. Տեր-Պետրոսյանը բացատրեց «հայտնի ուժերի» ճնշմամբ` միաժամանակ հայտարարելով, թե` «հեռանում է խաղաղության կուսակցությունը»: Այս հայտարարությունը 1998-ի փետրվարին որևէ մեկի վրա խոր ազդեցություն չթողեց, ոչ ոք երկրի հիմնադիր նախագահին չաղերսեց շարունակել պաշտոնավարել: Կուսակիցներն անգամ «համընդհանուր խնդրանքի» ցույցեր չսարքեցին, որովհետև բոլորն էին հասկանում, որ պատերազմում հաղթանակ տարած, բանակ ու Սահմանադրություն ստեղծած պետությունը կանգնած է սոցիալական և քաղաքական մարտահրավերների առջև, որոնք կարող էին խաթարել երկրի ընթացքն ու սկիզբ դնել քաղաքացիական պատերազմի: Տեր-Պետրոսյանը, որպես խոհեմ և շրջահայաց անհատականություն, հեռացավ ճիշտ ժամանակին, երբ երկրի կորուստները բազմապատկվել էին, երբ ձևավորվել էր իսկական ավազակապետություն, երբ ժողովրդից գողացվել էին մի քանի միլիարդ դոլարներ, երբ իսպառ ոչնչացել էր մանր ու միջին գործարարությունը` ճանապարհ բացելով օլիգարխիայի համար, երբ երկրից հեռացել էր մոտ մեկ միլիոն մարդ… Սա էր այն իրականությունը, որը ժառանգություն էր թողել Լևոն Տեր-Պետրոսյանը` երկրի ողջ իշխանությունը վստահելով այնպիսի մարդկանց, ովքեր սկիզբ էին դրել տնտեսական, բարոյական և ֆիզիկական ոչնչացումներին: Նրա պաշտոնավարման շրջանում էլ ընդդիմությունը հանդես էր գալիս արտահերթ ընտրությունների պահանջով, իսկ նույն պահին կեղծվում էին ընտրությունները` ամեն ինչ արդարացնելով «մեր դեմ խաղ չկա» ինքնագոհ «փիլիսոփայությամբ»: Այսօր ՀԱԿ-ն ու նրա առաջնորդը` երկխոսելով իշխանությունների հետ, դարձյալ առաջ են քաշում արտահերթ ընտրությունների գաղափարը` այն արդարացնելով «սրտաճմլիկ» հիմնավորումներով: Պահանջելով իշխանության հեռացումը` ՀԱԿ-ը բարեփոխումների, երկրի սոցիալ-տնտեսական վերանայումների նոր ծրագրեր և մոդելներ չի առաջարկում, չի ներկայացնում այն տեսլականը, որը պիտի հավաքեր համակիրների մեծ խմբեր, համադրեր ներկա իշխանությունների գործունեությունը ՀԱԿ-ի ծրագրերին և հիմնավոր համարեր արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը: Ահա այստեղ է, որ ընդդիմությանն «այցելում» է «ձախության մանկական հիվանդութ յունը» և պայքարը զրկում իր գաղափարական հայեցակարգերից: Իսկ որքանո՞վ է արդարացված արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջը. իսկապե՞ս հնարավոր կլինի հասնել այն «հովվերգական» վիճակին, որի մասին բարձրաձայնում է Լևոն Տեր-Պետրոսյանը: Հերթական ընտրությունները տեղի են ունենալու 2012 թ. մայիսին: Այսինքն, արդեն իսկ մարտ-ապրիլին երկիրն ապրելու է ընտրական առօրյայով և կրքերով` սովորության համաձայն, ամեն ինչ ենթարկելով ընտրությունների տրամաբանությանը: Սա նշանակում է, որ տարեսկզբից ակնբախվելու են որոշակի ցնցումները տնտեսության մեջ, լարվելու է քաղաքական դաշտը: Հունվարից արդեն մենք կզգանք ընտրությունների շունչը, սակայն մոտ հինգ ամիսը բավական է, որպեսզի ընտրազանգվածը լիովին կողմնորոշվի, քաղաքական ուժերը կարողանան ներկայացնել իրենց ծրագրերը, հնարավորության դեպքում` որոշ քաղաքական ուժեր նոր դաշինքներ ձևավորեն: Օրինաչափ և սահմանադրորեն ընդունելի գործընթաց է սա: Մինչդեռ ՀԱԿ-ը կամենում է տապալել ընտրական օրինաչափ գործընթացներն ու հասնել կայծակնային ընտրությունների իրականացմանը` ստեղծելով և´ քաոսային վիճակ, և´ ընտրողին զրկելով կողմնորոշվելու հնարավորությունից: Արտահերթ ընտրությունների արդյունքում հնարավոր է, որ ՀԱԿ-ը ստանա մոտ չորս տասնյակ պատգամավորական մանդատներ` հետագայում մղվելով դեպի սակարկությունները: Սակայն ընտրություններն, ըստ էության, ոչ թե լոկ ՀԱԿ-ի, այլ երկրի համար են: Ահա այստեղ է, որ ընդդիմությունը սեփական շահը գերադասում է պետության ու ժողովրդի շահերից` երևութական դարձնելով առաջընթացի իր կարգախոսներրը: Դատելով երկրում ստեղծված իրավիճակով, այսօր հրամայական է դառնում քաղաքական դաշտի երիտասարդացումը, նոր սկզբունքների ներդրումը: Հայաստանի երրորդ հանրապետությունը, ինչպես ցանկացած քաղաքական համակարգ, ծերացել է, մասամբ նաև հայտնվել ճգնաժամային իրավիճակում: Սա քաղաքագիտության կողմից դիտարկվում է որպես բնականոն երևույթ, որովհետև ցանկացած համակարգ ու սերունդ ընդունելի և արդիական կարող է համարվել ոչ ավել, քան քսան տարի: Իսկ Հայաստանում իրապես ձևավորվում են երիտասարդական նոր ուժեր, մի շարք կուսակցութ յուններում արդեն նշմարվում են սերնդափոխության դրսևորումները: ՀԱԿ-ն արտահերթ ընտրությունների է գնում ոչ այնքան նոր դեմքերով և նոր գաղափարներով, այլ` հների ռեաբիլիտացիայի տրամաբանությամբ: Արտահերթ ընտրությունները ձեռնտու կլինեն հենց նրանց, ովքեր եղել են իշխանության մեջ, վայելել են երկրի բարիքներն ու այժմ կամենում են վերադարձնել այդ ամենը: «Կայծակնային» ընտրությունները հնարավորություն չեն տա իշխանության գալու երիտասարդ քաղաքական գործիչներին, նոր քաղաքական ուժերին: Իսկ սա նշանակում է, որ երկիրը նորից կհայտնվի երրորդ հանրապետության քաղաքական ճգնաժամի ճիրաններում` այդպես էլ չկարողանալով համահունչ լինել փոփոխվող աշխարհի հայեցակարգերին: Օգոստոսի 2-ին տեղի ունեցած հանրահավաքի իր «ծրագրային» ճառում Լևոն Տեր-Պետրոսյանն անպայմանորեն օգտակար առաջարկություններ արեց, մասնավորաբար ընտրությունների արդար անցկացման համար ներկայացրեց որոշակի մեխանիզմներ: Այդ մեխանիզմներն, իհարկե, կբարելավեն ընտրությունները, սակայն սրանց իրականացման համար ժամանակ է պետք, միջոցներ ու քննարկումներ: Իսկ հենց նույն Լևոն Տեր-Պետրոսյանը բացառում է քննարկումներն ու նախապատրաստությունը և պահանջում է արտահերթ ընտրություններ: Նման շտապողականությունը կվերածվի մի ուժի «խաղի», իսկ մյուսները դուրս կմնան այդ խաղից ու դրա պայմաններից:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ