1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


Երևան¬Թբիլիսի գնացքի հետ տեղի ունեցած միջադեպը զայրույթի մեծ ալիք է բարձրացրել Վրաստան մեկնող հայ զբոսաշրջիկների շրջանում: Ինչպես հայտնի է, Թբիլիսիի մերձակայքում «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությանը պատկանող գնացքը, ռելսերի վրա շրջված բեռնատարի հանդիպելով, ստիպված է եղել մի քանի ժամ սպասել, որից հետո անհուսալի իրավիճակում հայտնված ուղևորները, հարկադրված, լրացուցիչ գումարներ ծախսելով, մի կերպ Թբիլիսի, այնտեղից էլ` ծովափնյա քաղաքներ են հասնել: Տհաճ անակնկալը հաղթահարելուց հետո Սև ծովի առափնյա տարածքներում հանգստացող մեր հայրենակիցները հայտնում են, որ Երևան վերադառնալուց հետո իրենք անպայման փոխհատուցում են պահանջելու երկաթուղու տնօրինությունից` պատճառված անհանգստության և անտեղի վատնված միջոցների փոխհատուցման համար: Թե ինչ արդյունքի կհանգեցնի մի քանի հարյուր տուժած ուղևորի բողոքը` հետո կերևա: Հայտնի է սակայն, որ երկաթուղու ղեկավարության խոստացած ներդրում ներն առանձնապես շոշափելի չեն, քանի որ նույնիսկ ճանապարհների անվտանգության կարևորագույն հարցը չի լուծվել: Տուժած ուղևորները նշում են, որ նույն «հաջողությամբ» չէր բացառվում (և հետայսու էլ չի բացառվում) երկաթուղային վթարի հավանականությունը: Մինչդեռ տարվա այս հատվածում Երևան-Թբիլիսի գնացքի տոմսերի գինն ուղիղ 10 դոլարով աճում է` գերազանցելով նույնիսկ երթուղային միկրոավտոբուսների ուղեվարձը: Ու թե ինչպես է ստացվում, որ ամենամատչելի փոխադրամիջոցը համարվող գնացքի տոմսը սեզոնային արհեստական գնաճի արդյունքում ավելին է արժենում, քան դիզելային վառելիքով աշխատող միկրոավտոբուսներինը` անհայտ է: Այս բիզնեսին մոտ կանգնած մարդիկ հավաստիացնում են, որ եթե չլիներ կատաղի սեզոնային մրցակցությունը, ապա միկրոավտոբուսների տոմսերի գինը հաստա´տ ավելի բարձր կլիներ: Գաղտնիք չէ, որ հայաստանյան զբոսաշրջային ընկերությունները գործում են տարերայնորեն` առաջնորդվելով ոչ թե առողջ մրցակցության, այլ սեզոնային հրապույրներով: Արդյունքում` ուղեվարձերը տարվա տարբեր ամիսներին աննկարագրելիորեն տատանվում են` հաստատելով, որ գործակալություններն ու հովեկներին Վրաստան տեղափոխող ու նրանց կացարանի հարցերով զբաղվող հարյուրավոր անհատներ սեզոնային գերշահույթներ են դիզում: Ի դեպ, այս բիզնեսի հպանցիկ դիտարկումն անգամ վկայում է, որ այն մեծամասամբ անհատների է պատկանում և առավելապես դուրս է հարկային վերահսկողությունից: