ՌԵՄԲՈՆ


Գյուղը հպարտ է իր հերոսներով: Այստեղ բոլորը` թե´ մեծ, թե´ փոքր, որպես Ռեմբո են ճանաչում ադրբեջանցի ելուզակների դեմ կենաց ու մահու իր կռիվը տված` հայրենի հող ու ջրի պաշտպան Ռոբերտին: Շամշադինի սահմանամերձ բնակավայրերի պաշտպանության ակտիվ մասնակից Ռոբերտ Պետրոսյանն այս անունով «կնքվեց» մարտի դաշտում` կրակներում թրծվելով: Բոլորին հիացնում էր իր համարձակությամբ և զենքի բոլոր տեսակներին տիրապետելու զարմանալի հմտությամբ: Գյուղավերջի իր տանը հանդիպեցինք թիկնեղ, հաղթանդամ, բայց արդեն քանի տարի անվասայլակին գամված հերոսին: Պատերազմի ցավն է սա, դառը հեգնանքը... Հարուստ ավանդույթներ ու երկար պատմություն ունեցող Վերին Կարմիրաղբյուր գյուղում է ծնվել Ռոբերտը: Պապիկն ու երկու եղբայրները մասնակցել էին Հայրենական մեծ պատերազմին, սակայն ռազմաճակատից միայն պապն էր վերադարձել: Ու պատերազմի, հաղթանակի մասին նրա պատմություններով էր մեծանում ապագա հայրենյաց պաշտպանը, դաստիարակվում հաղթանակի ոգով: Գյուղի դպրոցն ավարտելուց հետո Խորհրդային բանակի շարքերում ծառայեց Չեխոսլովակիայում: Ապա, ձեռք բերելով երկրաբանի մասնագիտություն, գիտական արշավախմբերի հետ եղավ Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր շրջաններում: Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո հաճախ էր լինում աղետի գոտում: Արցախյան շարժման զարգացումներին զուգընթաց` թեժացան հակառակորդի հարձակումները սահմանամերձ շրջաններում: Ադրբեջանի հետ շուրջ 148 կմ շփման գիծ ունեցող Շամշադինն ամբողջ խորությամբ ապրեց պատերազմը: Սահմանային վեճերն ու խժդժությունները կարճ ժամանակահատվածում վերաճեցին զինված բախումների: Ադրբեջանին դրկից գյուղերի բնակչությունը հայտնվել էր օրհասական իրավիճակում: Սակայն ոտքի ելան Շամշադինի քաջորդիք` իրենց հողը պահելու: Բոլոր գյուղերում կազմավորվեցին կամավորական ջոկատներ: Ռոբերտն այդ ժամանակ Կիրովականում էր աշխատում: Առանց հապաղելու վճռեց միանալ տեղի կամավորականներին, սակայն հողի կանչն ուժեղ էր, գիտակցեց, որ հայրենի գյուղում իր անհրաժեշտությունն ավելի մեծ է: Վերադառնալուն պես միացավ արդեն կազմավորված երկրապահների ջոկատին և մեկնեց Այգեպար գյուղ, որտեղ դրությունը լարված ու ծայրահեղ վտանգավոր էր: Ամենաթեժ մարտերում, վտանգավոր կետերում ամենահամարձակ առաջադրանքներն էր կատարում Ռեմբոն: Մասնակցել է Կենդավասակի գրավմանը, Պառավաքարի մարտերին, որտեղ առաջին լուրջ ընդհարումը տեղի ունեցավ 1991-ի ապրիլին: Երբ կազմավորվեց գունդը, նրան նշանակեցին հրամանատարի տեղակալ: Զինվորները սիրում ու գնահատում էին իր գործի նվիրյալ ազնիվ ու շիտակ մարտիկին: 1992-ին, երբ Վազգեն Սարգսյանի կոչով կազմավորվում էր Արծիվ-մահապարտների ջոկատը, Ռեմբոն էլ առանց տանը զգուշացնելու` անմիջապես մեկնեց Երևան: Մեծ էր Արցախ գնալու ցանկությունը, սակայն սպարապետը սահմանամերձ շրջանների բոլոր մարտիկներին հետ ուղարկեց` իրենց բնակավայրերը պաշտպանելու: Ռեմբոն կռվում էր ինքնամոռաց, ջարդում հակառակորդին: Նա դարձավ այս պայքարի իսկական նվիրյալը: Վիրավորվեց 3 անգամ: Վերջինը ծանր էր ու ճակատագրական: «Գերեզմանոց» կոչվող մարտական հենակետի ուղղությամբ թշնամին կրակ էր բացել: Մեր տղաները Ռեմբոյի գլխավորությամբ անցան պաշտպանության: Հիշում է, թե ինչպես էր նռնականետն ուղղել դեպի հակառակորդի ԲՄՊ-ն: Մի վայրկյան միայն հապաղեց. ուզում էր ինքնաձիգը վերցնել, երբ հակառակորդի դավադիր գնդակը մխրճվեց ողնաշարը: Վերքը ծանր էր, մահացու: Սակայն կյանքի ու մահու այս պայքարում էլ նա հաղթեց, ապրեց, թեև` ...անվասայլակով: Վնասվել էին ողնաշարը և ձախ թոքը: Փամփուշտը մինչ օրս հեռացված չէ, քանի որ վիրահատությունը կարող էր ավելի ծանր հետևանքներ ունենալ: Այդ օրը զրկվեց ոտքերի տակ հողը զգալու երջանկությունից: Այն հողը, որի պաշտպանության խիզախ մարտիկն էր: Կյանքը միանգամից փոխվեց, շատ գործեր անավարտ մնացին: Այսօր ապրում է առօրյա հոգսերով, խնդիրներով: Ավագ որդին` Գևորգը, պատվով ծառայում է Հայոց բանակում: - Հաճախ եմ հանդիպում, զրուցում մեր զինվորների հետ: Հարցեր եմ տալիս և օրեցօր համոզվում եմ, որ նրանք պատրաստված են, գիտակցաբար են ծառայում, հոգեպես ուժեղ են: Բոլոր զինվորներին խորհուրդ եմ տալիս պատվով ծառայել, հետևել հրամանատարների հրահանգներին, միշտ հիշել, որ իրենց սպասում են: Պետք է գիտակցել, որ Հայոց բանակի զինվոր լինելը հպարտություն է, քանի որ մենք միշտ արդար ենք եղել: Տիգրան Մեծից հետո մեր սերունդը կարողացավ հող գրավել, փառահեղ հաղթանակ տանել. պետք է ամուր պահենք մեր ձեռքբերումը,- պարտավորեցնում է ազատամարտիկը:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ