ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՃԱՄԲԱՐԸ ՔԱՅՔԱՅՎՈՒՄ Է


ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ճամբարում պառակտումները խորանում են: Հատկապես օգոստոսի 2-ին տեղի ունեցած հանրահավաքից հետո նրա մի շարք համախոհներ իրենց դժգոհություններն են հայտնել առաջին Նախագահի դիրքորոշումների առթիվ` ասես հիմնավորելով, որ ՀԱԿ-ը տրոհվել է երկու մասի` Տեր-Պետրոսյանի մերձավորների թիմին առանձնացնելով մյուսներից: Եթե տարեսկզբին այդ թիմից հեռացավ Կարապետ Ռուբինյանը` ունենալով լուրջ հակասություններ, ապա վերջին շրջանում ներքին ընդդիմության շարքերն ավելի են բազմամարդ դառնում: Ստեփան Դեմիրճյանի և Տեր-Պետրոսյանի հակամարտությունն ինքնին լուրջ քննարկման նյութ է, սակայն սա միակ հակամարտությունը չէ: Հանրահավաքում առաջին Նախագահի արտասանած խոսքը դժգոհություն է առաջացրել նաև նախկին արտգործնախարար, ՀԱԿ-ի ակտիվիստ Ալեքսանդր Արզումանյանի մոտ: Նա մասնավորաբար համաձայն չէ Տեր-Պետրոսյանի այն գնահատականին, թե իշխանությունների հետ երկխոսությունը մեծացրել է մեր երկրի միջազգային հեղինակությունը: - Փաստորեն, մենք երեք տարի պայքարել ենք, որպեսզի անսահմանորեն բարձրացնենք ավազակապետության հեղինակությունը միջազգային ասպարեզում` այն ներկայացնելով որպես քաղաքակիրթ պետություն: Նաև, երեք տարի շարունակ մենք ավազակապետերին հորդորում էինք գնալ զիջումների Ղարաբաղյան հակամարտութ յան հարցում, բայց նրանք չէին հասկանում,¬ այսպես է մեկնաբանել Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը նրա մերձավորագույն զինակիցը: Այս մեկնաբանությունն ու Արզումանյանի կտրուկ շրջադարձն իր առաջնորդից` վկայությունն է այն իրողության, որ ՀԱԿ-ի ներսում մի շարք գործիչներ ոչ թե համաձայն չեն իշխանության հետ երկխոսությանը, այլ այն տեսակետն են հայտնում, թե առկա է քաղաքական սակարկության փաստը, ինչն էլ հեղինակազրկում է ընդդիմությանը: Երբ այս գնահատականները հնչում էին ընդդիմության մյուս թևի կողմից` ՀԱԿ առաջնորդները սա համարում էին քաղաքական նախանձի դրսևորում, իսկ երբ գնահատականների հեղինակները ՀԱԿ-ի գործուն ներկայացուցիչներն են` հազիվ թե կարողանան պատասխան ու որակումներ հորինել: Լևոն Տեր-Պետրոսյանի գործողություն ներին բացասաբար է վերաբերվում Պետրոս Մակեյանը, ով մասնակցելով հանրահավաքին` այդպես էլ չմոտեցավ խոսափողին, չնայած մամուլում տեղեկացրել էր, որ պատրաստվում էր ելույթ ունենալ և նշել ՀԱԿ-ի գործունեության սխալականությունը: Վերջին հանրահավաքին Լ. Տեր-Պետրոսյանի կողքին չէին նաև նրա մի շարք այլ գործընկերներ: Արդեն իսկ ակնհայտ է, որ հայկական ժողովրդավարության հիմնադիրներից մեկը հայտնվել է բավական բարդ կացության մեջ` կորցնելով իր հենարանները սեփական թիմում: Նրան սատարում են միայն Նիկոլ Փաշինյանը, Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը: Իսկ ահա «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զ. Սարգսյանը դեռ շարունակում է մնալ հեղափոխական ռոմանտիզմի ազդեցութ յունների ներքո…