Նո՞ւյնն են, արդյոք, սերն ու ամուսնությունը


Սերը, թերևս, ամուսնության նախապայմանն է: Թեև բոլոր սերերը չէ, որ ամուսնությամբ են ավարտվում: Ավելին, ամուսնությունից հետո սերն ասես «դժգոհում» է` դառնալով միապաղաղ առօրյա: Պատահում է նաև, որ առանց բուռն սիրո, ընդամենը միմյանց համակրող զույգերին ամուսնությունից հետո է այցի գալիս սերը: Այս տարբերակը, երևի, ամենանախընտրելին է: Բայց աստղագետներն այլ կերպ են մեկնաբանում սեր¬ամուսնություն շարունակականությունը: Եվ պատանեկությունից մարդուն ուղեկցող այն համոզմունքը, թե սերն ու երջանիկ ամուսնությունն ուղղակիորեն կապված են իրար հետ` ընդամենը ռոմանտիկ հեքիաթ է: Աստղագիտությունը փաստում է, որ ամուսինն ու սիրեկանը (կամ` կինն ու սիրուհին) զուգընկերության բացարձակապես տարբեր որակներ են: Եվ բոլորովին պարտադիր չէ, որ անկողնային ամենակատարյալ զուգընկերը նաև կյանքի հաջող ուղեկից լինի: Յուրաքանչյուր մարդու հորոսկոպ ի սկզբանե (ծննդյան պահից սկսած) կանխատեսում է այն խնդիրները, որոնց լուծումը նա պետք է գտնի կյանքում: Գուցե աստղագետները չեն չափազանցնում. աստղագուշակն իսկապես տիեզերական «օրենքներով» հուշում է մեր անցնելիք կենսուղին` էական բոլոր մանրամաս ներով: Այլ խնդիր է, որ գուշակությունը փեշակ դարձրած ոմանք` չարաշահում են մարդկանց վստահությունը, մոլորեցնում դժվարին կացության մեջ հայտնվածներին: Հենց նրանցի´ց զգուշանալ է պատվիրել Բարձրյալը: Ինչևէ: Իսկ ահա թե ինչով են պայմանավորում սերն ու համատեղելիությունը` «Սեր, ամուսնություն և ճակատագիր» աշխատությունը: - …Կարծում ենք` Ամերիկա չենք հայտնագործի, եթե ասենք, որ մարդկանց մեծամասնության պատկերացումներում այդ երկուսն (սերն ու ամուսնությունը¬խմբ.) անիմանալի կերպով կապված են իրար հետ: Ինչպես, ասենք` Նոր տարին ու տոնածառը, կամ ամառն ու լողափը: Եվ եթե հանկարծ սերն օրինական ամուսնությամբ չի պսակվում, ապա կարծես սեր չի էլ եղել, այլ ինչ¬որ չարաճճիություն: Իսկ Աստված մի արասցե` եթե ամուսնություն է կնքվում առանց մեծ ու կրքոտ սիրո… Աստղագետների տեսանկյունից սիրո և ամուսնության համար պատասխանատու են հորոսկոպի կամ «Ծննդյան քարտեզի» բոլորովին տարբեր ոլորտներ: Սիրո համար` 5¬րդ տունը, ամուսնության համար` 7¬րդը (յուրաքանչյուր անձի հորոսկոպի գրաֆիկական պատկերը 12 մասի բաժանված շրջան է, որոնք ընդունված է տներ անվանել. դրանցից յուրաքանչյուրը պատասխանատու է մարդկային կյանքի տարբեր ոլորտների համար): Դե հիմա պատկերացրեք, որ ձեր 5¬րդ տունը կառավարում կամ ղեկավարում է շատ հզոր մոլորակ (յուրաքանչյուր տուն պարտադիր կարգով ունի իր կառավարող մոլորակը), իսկ 7¬րդ տունը կառավարողն, ընդհակառակը, «պարտված» է «վնասակար» կամ «չարաղետ» մոլորակներից` Մարսի, Ուրանի կամ Սատուրնի կողմից: Այսինքն, նրանց հետ բացասական ասպեկտներ ունի: Ասպեկտը հորոսկոպի մոլորակների միջև եղած տարածությունն է` աստիճաններով: Մի խոսքով, ըստ աստղագետների` այդ աստիճանների ներդաշնակությունն էլ հենց երջանիկ սիրո և ամուսնության երաշխիքն է: Սակայն այս ամենով առաջնորդվելը, կարծում ենք` միայն կխանգարի զգացմունքների ինքնաբուխությունը: Պարզապես հարկավոր է խնամքով պահպանել սերը` գիտակցելով, որ ընտանիքը ձեր երբեմնի բուռն զգացմունքների նպատակակետն է: Եվ, ամենակարևորը` սիրո հետ մեկտեղ, գուցեև դրանից էլ ավելի` փոխադարձ հարգանքն է մեծագույն գրավականը: Առանց հարգանքի` սերն ընդամենը հույզերի կամ կրքերի առկայծում է, որն ի վերջո չի կարող չմարել: