ՎԵՐԱԲՆԱԿԵՑՆԵՆ° Ք ԱՐՑԱԽԸ` ՉՎԱՏՆԵԼՈՎ ԺԱՄԱՆԱԿԸ


Արտաքին և ներքին քաղաքական զարգացումների տրամաբանությունները որքան էլ տարբեր լինեն, գոնե հետադարձ հայացքով պարզ է դառնում, որ վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած իրողությունները պայմանավորված են անխզելի փոխկապակցվածություններով: Որքան էլ մեր երկրի արտաքին գերատեսչության նախկին ղեկավարն արդարացիորեն պնդի, թե հայ-թուրքական հարաբերություններ ձևավորելու նախաձեռնությունը անհեռանկար է, և արձանագրությունները մեռելածին են, միևնույն է, Վարդան Օսկանյանի բոլոր աշխարհաքաղաքական գնահատականներն ակներևաբար պայմանավորված են ներքաղաքական նպատակներով: Սիվիլիթաս հիմնադրամը Ռոբերտ Քոչարյանին գործնական քաղաքականություն վերադարձնելու գուցե անհրաժեշտ, բայց խիստ անբավարար պայման է: Ներքաղաքական զարգացումների այս սցենարը այլևս պակաս իրատեսական է այն պարզ պատճառով, որ ընտրական մեխանիզմից հրաժարվելու պարագայում քաղաքական գործիչը իշխանական համակարգ վերադառնալու համար պետք է ունենա առնվազն անշրջանցելի դիրքեր խորհրդարանում: Եթե ընդունենք, որ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնողական քաղաքականությունը նաև յուրօրինակ թեստ էր` ներքաղաքական բոլոր ուժերի ոջլոտությունը ստուգելու համար, ապա քննությունն ակներևաբար տապալեց միայն ՀԱԿ-ը: Ճիշտ է, իշխանական կոալիցիան պառակտվեց ու զգալիորեն թուլացավ, սակայն դրանից ներքաղաքական դաշտը չտուժեց, քանի որ ՀԿ Դաշնակցությունը գաղափարական ընդդիմություն ունենալու հույսը վերակենդանացրեց, իսկ ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն, որքան էլ անսպասելի էր թվում, չլքեցին կանխամտած ված կերպով խորտակվելու գնացող նավը: Առանց «Բարգավաճ Հայաստանի» քաղաքական ու խորհրդարանական, նաև ֆինանսական աջակցության, Ռոբերտ Քոչարյանը իշխանական ազդեցիկ ու գործուն դերակատարություն ուղղակի չի կարող ստանալ: Այս իրավիճակում ծիծաղելի է պնդել, թե հիմա ընթանում են 1996-ից ծանոթ զարգացումները, Հանրապետականը ՀՀՇ-ի պես կպառակտվի, ու 1998-ի ֆարսը կարող է կրկնվել: Պատկերն ամբողջացնելու համար էլ հավելենք, որ Նախագահին անցած մեկ տարում հավատարմության երդում և առնվազն չխանգարելու խոստում տվեցին քաղաքական որևէ կշիռ ունեցող բոլոր կուսակցությունները: Այս առումով նաև խիստ ուշագրավ էր հենց Սերժ Սարգսյանի ԱՄՆ մեկնելուց առաջ կատարած ընդգծումը, որով և° շեշտադրվեց, որ երկրորդ նախագահը քաղաքականությունից չի հեռացել ու վերադառնալու խնդիր չունի, և° փաստվեց, որ նրա քաղաքական դերակատարությունն այնքան ոչ ազդեցիկ է, որ իրեն չի անհանգստացնում: Ներքաղաքական հարաբերություններում այդպիսի վստահ կեցվածք ունենալու համար նախագահ Սարգսյանն անհրաժեշտորեն պետք է հավատացած լիներ, որ իր նախաձեռնողական արտաքին քաղաքականության անվերապահ տապալումն անգամ իրեն խոցելի չի դարձնելու: Օսկանյանը, անշուշտ, ճիշտ է նկատել` մեկ տարի շարունակ հանդուրժվում էր, որ Թուրքիան ոտնահարի բոլոր ողջամիտ ժամկետները, նախապայմաններ առաջադրի ու շահարկումներ կատարի: Հիմա դժվար է միանշանակ պնդել, թե արտաքին քաղաքական ճակատում Հայաստանը արդյունքային կորուստներ ունեցավ կամ Թուրքիան ինչ-որ բան շահեց, սակայն ներքաղաքական դիվանագիտության ձեռքբերումները տեսանելի են: Հանրապետականը համապետական ընտրություններից առաջ թեև չունի շատ վստահելի քաղաքական դաշնակիցներ, բայց չունի նաև լուրջ մրցակիցներ ու հակառակորդներ: Ամենայն հավանականությամբ, Հայաստան-Թուրքիա երկխոսությունը առնվազն առաջիկա չորս տարիներին կարող է միայն խորհրդապահական-համր ընթացք ունենալ: Այսօր արդեն սկսվել ու մինչև 2012-ը Թուրքիայում կշարունակվեն ազգայնականների, իսլամիստների ու գեներալիտետի ընտրական մարտերը: Իսկ հետո համապետական ընտրություններ են մեր երկրում: Ռուս-ամերիկյան վերաբեռնավորման համատեքստում, եթե անգամ ԱՄՆ-ը ցանկանա պատժել Թուրքիային` իր տարածաշրջանա յին նախագիծն իրագործելուց հրաժարվելու համար, ապա տեսանելի գործընթացներն այլևս տեղի կունենան առանց Հայաստանի մասնակցության: Ռուսաստանը իր ռազմավարական գործընկերոջը թույլ չի տա այս խաղին դարձյալ միայնակ մասնակցել: Կովկասում առաջացած ու ռուսական աճող գերակայություն խոստացող զարգացումները հիմք են տալիս պնդելու նաև, որ Արցախի հիմնահարցը կարգավորելու ընթացքը ևս մտահոգությունների տեղիք չի տալիս: Փաստ է, որ ԱՄՆ-ը շարունակական ու ամենակտրուկ գործողությունների արդյունքում անգամ չկարողացավ Ուկրաինան ու Վրաստանը կտրել-դուրս բերել ռուսական ազդեցության, հիմա արդեն` գերազդեցության դաշտից: Այսօր ոչ ոք անգամ տեսականորեն չի ենթադրում, թե այս պետությունները կարող են ՆԱՏՕ-ի շարքերում հայտնվել, մինչդեռ պակաս քան երկու տարի առաջ դա կատարված փաստ էր համարվում: Թուրքիայի համար այս իրողությունները ոչ միայն ուսանելի դասեր են, այլ նաև ահազանգ և° դեպի Եվրամիություն տանող ճանապարհին, և° տարածաշրջանային որևէ հավակնություն ունենալու դեպքում: Հիմա Թուրքիան ինքն է կարկամած` սեփական անկանխատեսելի ապագայի սարսափից ու որքան էլ գոռա փոքր եղբորը փայփայելու մասին, ուղիներ է փնտրելու` առաջիկա երեք տասնամյակներում այս բեռը շահավետորեն թոթափելու համար: Նախիջևանի պատկանելության շուրջ թուրք-ադրբեջանական արդեն ծայր առած վեճը հենց սրա ապացույցն է: Արցախի հիմնախնդիրը բանակցային ճանապարհով կարգավորելու նպատակով կողմերի համար ավելի ընդունելի այլ ձևաչափ, քան ԵԱՀԿ Մինսկի խումբն է, ուղղակի հնարավոր չէ հնարել: Անվիճելի է, որ առաջիկա երեք տասնամյակներում, եթե բոլոր կողմերը ցանկանան էլ և հազար ու մի փաստաթուղթ ստորագրեն, Լեռնային Ղարաբաղն ավելի ցածր պետականության կարգավիճակ կարող է ունենալ միայն Հայաստանին միանալու պարագայում: Թղթի վրա, բանակցային ճանապարհով այլ լուծում պարզապես հնարավոր չէ: Եթե մինչև վերջերս, այն` ինչ հնարավոր չէ թղթի վրա, հնարավոր էր համարվում կարճատև-կայծակնային պատերազմի միջոցով, ապա հիմա այս տարբերակը նույնիսկ Ադրբեջանն է բախտախնդրություն համարում և ի վերջո հրաժարվելու է անգամ որևէ տարածքի վերատիրանալու պատրանքից: Հետևաբար, առաջիկա երեք տասնամյակներում, քանի դեռ ադրբեջանական նավթագազային պաշարներն արագացված տեմպերով կարդյունահանվեն ու կսպառվեն, պետք է ալիևների կլանին հավերժություն ցանկանալ և վերաբնակեցնել Արցախը: Այլ աշխարհաքաղաքական խնդիր մենք չունենք£ Իսկ երբ հստակ են արտաքին ծրագրերը, նորերը հնարելու կարիք չկա: Փոխարենը, պետք է զուր չվատնել ներքաղաքական կուտակված հիմնահարցերը լուծելու բարենպաստ ժամանակը:

Գոռ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ