«ԳԱՂՏՆԱԶԵՐԾՈՒՄ» Ավերակները նույնպես կանչում են


Իմ հրամանատարության տակ գտնվող մարտական հենակետը Արցախի շեն գյուղերից մեկի` Չայլուի մատույցներում էր£ Չայլուն Մարտակերտի շրջանի մի քանի գյուղերի հետ մնացել է թշնամու ձեռքին£ Մեր խրամատից մինչև Չայլուի առաջին տները 150-200 մետր էին հեռու, որոնք էլ իմ հենակետի կողմնորոշիչներն էին£ Ասում են Չայլուն Արցախի ամենավարդաշատ գյուղն է եղել... Դիտակետից նայում եմ գյուղին. առաջին հայացքից գերեզմանոցի տպավորություն է թողնում£ Երբեմնի շեն գյուղից, բակերում խաղացող երեխաներից, իրենց գործին շտապող մարդկանցից, մուսկաթ խաղողն անուշածոր գինի դարձնողներից հետք չի մնացել£ Չկան երգող թռչունները, չկան թզենիները, նռան այգիները... պատերազմն ամեն ինչ սրբել-տարել է£ Սև, վանող ֆոնի վրա թախծոտ գծագրվում են կիսականգուն տները, որոնց տերերը կամ զոհվել էին, կամ բռնագաղթվել, իսկ էն Թարթառն էլ հոսում է ու արդեն քանի¯ տարի խռոված` հրաժեշտ է տալիս հարազատ գյուղին, գառնարածը քանի¯ տարի իր հոտը չի քշում գետափ£ Դիտակետից նայում եմ` Անի է դարձել Չայլուն£ Մարտական հերթափոխից հետո զորամասից «ծլկեցի» ու գնացի վերաբնակ չայլուեցու` Պողոս դայու տուն£ Ուզում էի իրենց գյուղից պատմի, որ գրի առնեմ£ Ծերունին հակված չէր պատմություն անելու, տրամադրություն չուներ, բայց ջանում էր քաղաքավարի լինել ու ինձ հյուրասիրել£ Նա վերցրեց աղ դրած կաղամբ և մի թեյաման թթի օղի ու հրավիրեց այգու խորքը, որտեղ այգին ավարտվում էր հսկայական ընկուզենիներով£ Մենք նստեցինք ծառերի տակ£ Պողոս դային նշան արեց, որ ծոցատետրս պահեմ... միայն օղի էինք խմելու£ Մենք նստել էինք Թարթառի կիրճի պռունկին ու ձորից անընդհատ լսվում էր գետի զայրացած երգը£ Ուշադիր նայում եմ ծանոթիս աչքերին ու հարցնում եմ. - Պողոս դայի°, էստեղ երկհարկանի տուն, լավ բաղ ու բախչա ունես, գյուղը գյուղ էլի, ի՞նչ ես դարդ անում£ Ծերունին վստահ էր իմ «գլոբալ» մտքերի շինծու լինելու մեջ, այլապես կվշտանար, հասկանում էր, որ ամեն կերպ ուզում եմ խոսացնել£ Ես գլուխ էի պահում, բայց Պողոս դային հինգերորդ բաժակն էլ քաշեց գլուխն ու մատը տնկեց վրաս. - Չայլուն իմ ծննդավայրն է, հասկանո՞ւմ ես£ Առաջին սերս Չայլուում եմ ապրել, հորս ու մորս ոսկորները Չայլուում են£ Դու չգիտես, թե ինչ է նշանակում ամեն օր քանդված գյուղդ տեսնելը, ցանկանում ես անցավորածներիդ շիրիմին այցի գնալ, բայց զրկված ես նրանց գերեզմանին արևից նեղված մի ծաղիկ դնելու հնարավորութ յունից£ Տիրում է լռություն, որը ես եմ խախտում. - Պողոս դայի°, լսել եմ, որ դու պարբերաբար շփման գիծն անցնում ու գնում ես Չայլու£ Ծերունին կեղծ զարմացավ ու հարցով պատասխանեց. - Դու հավատո՞ւմ ես ասեկոսներին£ Ես «դիվանագիտական» պատասխան տվեցի. - Ես հավատում եմ քո կարոտին ու հոգու կանչին£ Պողոս դային տնկած մատը շարժեց ու ուզում էր ինչ-որ բան ասել. երևի հայհոյել հայի բախտը, բայց իմ աղաչական հայացքը կանխեց ու ծերունին մատը հետ քաշեց... ես աղերսում էի նրան, որ պատմի այն մասին, թե ինչպես էր գնում¬գալիս£ Ծերունին ինձ խոստացավ մի օր պատմել... Մի բաժակ էլ խմեցինք. խմեցինք բոլոր զոհված չայլուեցիների, կոտորածի ենթարկված մարաղացիների, աշխարհի ցանկացած ծագում ապրող հայերի կենացը£ Երեք¬չորս բաժակ թթի օղին արդեն գլուխս ծանրացրել էր, ես վերադարձա զորամաս£ Իսկապես, ծննդավայրն ինչպե՞ս կարելի է մոռանալ, ինչպե՞ս մտովի չսլանալ մանկության ուրախ ու անհոգ տարիների արահետներով... Մենք գոյատևել ու էլի հազարամյակներ ապրելու ենք, քանի որ հավատարիմ ենք մեր ակունքներին, նախնիների ոսկորները սրբացնող ենք£ Ու մենք հավատում ենք, որ մի օր վերադարձնելու ենք մեր Չայլուն, Անին... եթե սրան չհավատանք, ապա մեր ապագան մշուշոտ կլինի£ 31.08.2000 թ., Մատաղիս Հ. Գ. Ծերունին խոստումը կատարել և ինձ պատմել է հայրենի գյուղ գնալ¬գալու մասին£ Իմ հուշերից մեկում կպատմեմ այդ մասին և անվտանգությունից ելնելով այս զրույցում ես փոխել եմ իմ բարեկամի անունը, ով երկար տարիներ հայ գրականություն էր դասավանդել Չայլուում, Մարաղայում...