ԵՐԲ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՈՍԿԻ ՉԷ


 

Շրջանառվող լուրերը, թե Դաշնակցության առաջնորդ Հրանտ Մարգարյանի բնակարանն են թալանել` տանելով գումար, ոսկեղեն և զենք` իրենց հանդեպ սկսել են մեծ հետաքրքրություն ձևավորել: Փափազյան փողոցում գտնվող գործչի բնակարան, ըստ լուրերի, գողերը մտել են իրենց հետ տարված աստիճանի միջոցով:

Որքան շատ են խոսում այս մասին հանրային շրջանակներում, այնքան մեծ լռություն են պահպանում դաշնակցական ընկերները: Չկա նաև լուրը հաստատող պաշտոնական հաղորդում: Ուրեմն, մնում է մտածել, որ ընկեր Հրանտին բնավ էլ ձեռնտու չէ կատարվածին հրապարակայնություն հաղորդելն ու ոստիկանություն դիմելը: Երևի այստեղ ևս կուսակցությունը հավատարիմ է մնում գաղտնիության իր սկզբունքներին և ենթադրվող հանցագործությունն էլ համարում է կուսակցական գաղտնապահության դրսևորումներից մեկը: Սակայն, եթե իսկապես կատարվել է գողություն, ապա ընկեր Հրանտը, ով պայքարում է մեր երկրում օրինականության հաստատման համար, պիտի անպայմանորեն դիմի ոստիկանություն, որպեսզի հերթական հակաօրինական երևույթի բացահայտմամբ` դատապարտվի անօրինականությունը: Դա նաև նախընտրական շատ լավ գովազդ կլինի` ասելու համար, որ ընկեր դաշնակցականներին ճնշում են` նաև նրանց բնակարանները թալանելով...

Իսկ գուցե տարածված տեղեկատվությո՞ւնն է մտացածին: