ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅԼԵՎՍ ՉՊԵՏՔ Է ԼՌԻ


 

Հայկական պատվիրակությունը, բնականաբար, հրաժարվել է հեյդարօղլու պաշտոնական ճաշից: Հրաժարվել են նաև եվրոպացի պատվիրակներից ոմանք: Ճի´շտ էլ արել են. պիղծ քոչվորի հացը կամ չի ուտվում, կամ չի´ մարսվում:

Ինչպես տեղեկացվել է` Բաքվում տեղի ունեցած ԵվրաՆեսթի լիագումար նիստում ևս Իլհամ Ալիևը վայրահաչել է` հայերին անվանելով ֆաշիստներ, օկուպանտներ, վանդալներ, մարդիկ, ովքեր պղծել են ազերիների գերեզմանները:

Կատարվածը ցնցել է շատերին, բայց ոչ, իհարկե, ադրբեջանական հասարակությանն ու ադրբեջանամետ ուժերին: Անգամ եվրոպացի պատվիրակներն են զարմացել ու սահմռկել սուլթանիկի նման պահվածքից: Հայ պատվիրակներն, իհարկե, իրենց ելույթներում հակահարվածներ հնչեցրել են, սակայն սա այն դեպքն է, երբ Հայաստանն այլևս իրավունք չունի լռելու, բավարարվելու պատասխան ելույթներով և տեղական նշանակության դատափետումներով: Խախտվել է միջազգային համաժողովների կարևորագույն սկզբունքը. մի երկրի նախագահ հարձակում է գործել այլ երկրի պատվիրակության վրա, մեղադրանքներ բարբաջել մի ողջ ժողովրդի հասցեին` խախտելով բազմաթիվ դիվանագիտական նորմեր և սկզբունքներ:

Ուրեմն, Հայաստանն այլևս պիտի դիմի Միավորված Ազգերի կազմակերպությանն ու Եվրախորհրդին, ԵվրաՆեսթի ղեկավարությանը` պահանջելով ոչ միայն դատապարտել Ալիևի արարքը, այլև քննարկել Ադրբեջանի` միջազգային կառույցներին անդամակցության հարցը:

Մենք բազմաթիվ անգամներ բավարարվել ենք հուզական բացատրություններով և ելույթներով, դատապարտման խոսքեր հնչեցրել ենք մեր տարածքի մեջ: Մինչդեռ Ադրբեջանն առիթը երբեք բաց չի թողել` ստով ու կեղծիքով, հարձակողական տոնով սասանելու Հայաստանի հեղինակությունը, նրան դուրս մղելու տարբեր միջազգային ծրագրերից, թյուր պատկերացումներ ձևավորելու Ղարաբաղյան հիմնախնդրի մասին:

Հիմա, երբ անգամ հյուրընկալության տարրական սկզբունքներն են խախտված, Հայաստանի պատվիրակությունը, ԵԺԿ անդամ կուսակցությունները, խորհրդարանն ու արտաքին գործերի նախարարությունը պարտավոր են մեծ աղմուկ բարձրացնել` հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն նրա միջազգային հեղինակության և տարածաշրջանում բարիդրացիության հաստատման: Մեր հապաղումն ու տատամսումը կարող են դառնալ հերթական դիվանագիտական պարտությունը:

«Նպատակն արդարացնում է միջոցները»- փաստել է Մաքիավելին: Մշտապես բացասականորեն ընկալվող այս թեզը պետք է օգտագործել իր դրական դրսևորմամբ` հակահարված տալու իսկական ագրեսորին ու ֆաշիստին, նրան դուրս մղելու միջազգային համագործակցությունից: Միայն այսպես հնարավոր կլինի պատասխանել Ադրբեջանին: Այսպես նաև մեր պատվիրակները կարող են վերջապես ապացուցել, որ իրենք ճշմարիտ քաղաքական գործիչներ են, ազնիվ հայրենասերներ: