Խորհրդավոր ինքնասպանության գաղտնազերծումը


 

Անցյալ տարվա օգոստոսի 1-ի երեկոյան Հայաստանի խաղաղ բնակավայրերից մեկի անդորրը մեկեն փոթորկվեց. հիվանդանոցից ոստիկանության Ջերմուկի բաժնում ահազանգ էր ստացվել, որ անգիտակից վիճակում իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Ջերմուկ քաղաքի 32-ամյա բնակչուհի Լարիսա Աղջոյանը:

Կարճ ժամանակ անց ոստիկաններին հաջողվեց պարզել, որ Լարիսան ինքնասպանություն գործելու նպատակով տանը էսենցիայի լուծույթ է խմել:

Երիտասարդ կնոջ կյանքը, ցավոք, փրկել չհաջողվեց: Նա մահացավ հաջորդ օրը, Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում` իր հետ տանելով բազմաթիվ անհայտներով լի մի խորհրդավոր պատմություն, որի գաղտնազերծումը իրավապահներից ավելի քան կես տարի պահանջվեց: Իսկ մինչ այդ...

Այս դեպքը սկզբից ևեթ մի շարք կասկածների տեղիք տվեց իրավապահներին և, ընդհանրապես, Լարիսային ճանաչողներին: Հարցականները գնալով ավելանում էին, և տեղի ունեցածից մի քանի օր անց` օգոստոսի 5-ին, ոստիկանության Ջերմուկի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասի հատկանիշներով հարուցվեց քրեական գործ: Կասկածներ կային, որ Աղջոյանին ինքնասպանության են հասցրել սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով: Ինքնասպանության հասցնելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ոստիկանների կողմից առաջ քաշված այս վարկածները մանրամասն ստուգվեցին, գնալով մի շարք հանգամանքներ արդեն որոշակիացան, և ամիսներ անց` այս տարվա ապրիլի 1-ին, պարզ դարձավ, որ Լարիսա Աղջոյանին դիտավորությամբ ինքնասպանության է հասցրել Ջերմուկի բնակիչ, 30-ամյա Արմեն Վարդանյանը:

Հանգամանալից ուսումնասիրությամբ պարզվել է, որ Վարդանյանը «2011 թ. հունվարից մինչև օգոստոսն ընկած ժամանակահատվածում Լարիսայի հետ գտնվելով սիրային հարաբերությունների մեջ և հանդիսանալով մոտ 3 ամսական հղիություն ունեցող Լ. Աղջոյանի պտղի հայրը, հանցավոր, բացարձակ անբարոյական և ցինիկ պահվածք է ցուցաբերել կնոջ հոգեվիճակի նկատմամբ, անտեսել է նրա հղիությունը, հրաժարվել է երեխայից, հոգեկան ծանր տառապանքներ է պատճառել Աղջոյանին, ինչի արդյունքում վերջինս չհամակերպվելով իր նկատմամբ դաժան վերաբերմունքին, կյանքին վերջ տալու նպատակով 2011 թ. օգոստոսի 1-ին քացախաթթվի հեղուկ է խմել և հաջորդ օրը մահացել»:

Այս գործի նախաքննության ընթացքում դեռևս շատ մանրամասներ կճշգրտվեն, կպարզվեն բոլոր այն դրդապատճառները, որոնք կյանքով լեցուն կնոջն ստիպել են գնալ ծայրահեղ քայլի և ոտնձգություն կատարել թե իր և թե իր ապագա երեխայի կյանքի նկատմամբ:

Իսկ ի՞նչն է մարդկանց ստիպում դիմել ինքնասպանության և կամովին հեռանալ կյանքից: Ըստ մասնագետների դիտարկման` ինքնասպանները հիմնականում երիտասարդներ են, իսկ պատճառներն էլ ավելի շատ հոգեբանական են, քան սոցիալական: Վիճակագրությունը փաստում է, որ աշխարհում ինքնասպանություն գործում են հիմնականում դեռահասներն ու մեծահասակները: Այդ անելանելի քայլին դիմելու հիմնական պատճառներից մեկը ծայրահեղ անկումային հոգեվիճակն է և տևական դեպրեսիան: Զարգացած երկրներում գործում են հոգեբանական կանխարգելիչ կենտրոններ, որտեղ հոգեբանների մի ամբողջ բանակ է զբաղվում այդ հիմնախնդրով: Ինքնասպանությունը հանցագործություն չի համարվում, այդ իսկ պատճառով պատասխանատվության են ենթարկվում մարդուն այդ քայլին հասցնողները, հրահրողները: Իսկ կոնկրետ մեր պատմության դեպքում` ս/թ ապրիլի 1-ին Արմեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել Լարիսա Աղջոյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով: