ՄԻԱՎՈՐՎԱԾ ՈՒ ԻՐԱՏԵՍ


Նախընտրական շրջանում կառավարություն ձևավորելու նախադեպ անկախ Հայաստանում դեռևս չի արձանագրվել: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի վաղաժամ և խիստ անսպասելի մահը մեր Հանրապետությանը նման անշրջանցելի պարտադրանքի առաջ կանգնեցրեց: Կորստի ցավն այս անգամ կարծես համախմբեց բոլորին: Եվ կարելի է վստահ լինել, որ այս դեպքում ևս հաջողվելու է վերականգնել հայոց պետականության հիմնասյանն առաջացած խոշոր ճաքը` դրանով իսկ հաղթահարելով ներիշխանական հավանական մեծ ճգնաժամը, խուսափելով դրանից բխող բոլոր անցանկալի հետևանքներից: Անակնկալ կերպով թափուր մնացած պետական բարձր պաշտոնն, անկասկած, հենց այնպես չփոխանցվեց նոր վարչապետին: Դա և° Սերժ Սարգսյանի ազդեցիկ ու հեղինակավոր լինելու, և° ՀՀԿ վերնախավի աչալրջության ու նաև իրենց արդեն նախկին առաջնորդի գործին, ծրագրերին ու հիշատակին հավատարիմ լինելու լավագույն առհավատչյան է: Իր հերթին նախընտրական բուռն գործընթացներում ներգրավված կոալիցիան` ի դեմս ՀՅԴ-ի ու ՄԱԿ-ի, ընտրական գործարքների չգնաց, «հարմար» առաջարկներով չփորձեց սիրաշահել Հանրապետականի այս կամ այն հատվածին: Ավելին, արդեն ողբերգությանը հաջորդած առաջին իսկ ժամերին թե° իշխանական և թե° ընդդիմադիր քաղաքական ուժերն իրենց անվերապահ աջակցությունը հայտնեցին ՀՀԿ-ին և այլևս ժամանակավոր դարձած կառավարությանը: Անդրանիկ Մարգարյանի մահը վերջնականապես հերքեց տարիներ ի վեր հետևողականորեն շրջանառվող ներկառավարական ճգնաժամի, հասունացող հրաժարական(ներ)ի, ինչպես նաև Հանրապետական կուսակցության ներսում առկա թևերի, դրանցում իբր թափ առնող հակասությունների, հակամարտությունների մասին անհեթեթ խոսակցությունները: Նման զրույցներին Վարչապետն ինքն էլ էր հումորով վերաբերվում` բնականաբար անտեսելով անծայր բամբասանքի ինչ-որ տեղ նաև բնական շղթան: Անդրանիկ Մարգարյանի անժամանակ բացակայությունն իր հերթին ու մի ավելորդ անգամ ևս հիմնավորեց, որ ՀՀԿ-ն կայացած և մեծ առաքելություն ունեցող քաղաքական կառույց է: Հետաքրքիր զուգադիպությամբ նույն օրը Արմավիր քաղաքում սկսված քաղաքապետի ընտրությունները չընդհատվեցին: Ավելին, կայացած քվեարկությամբ մի պահ առանց առաջնորդի մնացած քաղաքական ուժի ներկայացուցիչը երրորդ անգամ անվիճելի հաղթանակ տարավ: Հաղթանակ, որը թեպետ տոնել չհաջողվեց, սակայն դարձավ ապացույց, ինչու չէ, նաև երաշխիքը մայիստասներկուսյան հաղթանակի: Չանտեսենք, որ նախընտրական Արմավիրը շատ վերլուծաբաններ խորհրդարանական ընտրությունների փորձաքարն էին համարում: Ինչպես նշեցինք, քվեարկության օրն իր առաջնորդից զրկված ՀՀԿ-ն այդ իրավիճակում անգամ տոկոսային խոշոր առավելությամբ հաղթեց կենսագրություն ու քաղաքական ձեռագիր չունեցող, նորելուկ ֆինանսաքաղաքական միավորին: Շարունակությունը, բնականաբար, ավելի ընդգրկուն աշխարհագրությամբ և նույնքան համոզիչ արդյունքներով, կերևա մայիսի 13-ին: