Ազգային ինքնագիտակցումը և Ախթամարում Թուրքիայի բեմադրած քաղաքական շոուն


Մարտի վերջին շաբաթը նաև կարելի է համարել պատմությունն աղավաղելու, ամեն հայկականը ժխտող` թուրքական քաղաքականության սանձարձակության հերթական դրսևորման շաբաթ: Այն մի շառաչուն ապտակ էր Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը պատմաբաններին թողնելու ջատագովներին: Կարիք չկա, կարծում ենք, խորանալու այն ապրումների մեջ, որ ունեցան հատկապես Ցեղասպանությունից մազապուրծ եղածները` կորսված հայրենիքում եկեղեցու վերաբացման լուրն առնելով ու այնուհետև եկեղեցու «վերաբացման» անվան տակ խաղացված թուրքական խեղկատակության ականատեսը լինելով: Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցու «վերաբացման» արարողության մանրամասները վերապատմելու կարիք չկա. XX դարի հրաշքներից մեկը` հեռուստատեսությունը, բոլորին ընձեռեց դրանց հետևելու հնարավորությունը: ...Վանա ծովակ, Ախթամարի կղզի, թուրք նախարարի բերանով անատոլիական մշակույթի Ագդամար անէքսպոնատ թանգարանի վերածվող` Արծրունիների կառուցած Սուրբ Խաչը` առանց խաչի... չորս բոլորը` կիսալուսնի պատկերով կարմիր դրոշներ... Հեռուստատեսության հրաշքը Վանա ծովակից մեզ տեղափոխում է Կարս. Չարենցի Կարսում է Առաքելոց եկեղեցին` այսօր մզկիթի վերածված, գմբեթին` խաչի փոխարեն կիսալուսին... Ի՞նչ էր զգում Հայաստանի Հանրապետության մշակույթի փոխնախարարը, որ վերանորոգված Սուրբ Խաչի՞, թե Անատոլու Ագդամար թանգարանի բացման արարողությանը խոսք ասելու իրավունք չէր ստացել... Ի՞նչ էր մտորում Պոլսո պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը, որ Թուրքիո իշխանությունների կողմից, որպես ողորմություն, խոսելու իրավունք ստացել էր ու խոսքի մեջ օգտագործելով հայկական բառը, խնդրում էր իշխանություններին` տարվա մեջ գոնե մեկ հատիկ օր թույլ տալ պատարագ մատուցել հայկական եկեղեցում... Թուրք նախարարը Ախթամարում նոր անակնկալ է մատուցում հայ փոխնախարարին. մայիսից սկսվելու են Անիի հուշարձաններից մեկի վերանորոգման աշխատանքները... Այդ հուշարձանն էլ հավանաբար Սուրբ Խաչի բախտին կարժանանա... Թուրք նախարարը ժպտում է. ինքն իրենից գոհ է. հաջողությամբ կատարեց վերադասների հանձնարա րությունը. շոուն ստացվեց: Հետո՞ ինչ, որ լրագրողներն իրենց ռեպորտաժներում Ագդամարի փոխարեն Ախթամար ու հայկական քրիստոնեական եկեղեցի ասացին. թուրք նախարարը գենետիկորեն ձևավորված իմունիտետ ունի աշխարհի կարծիքի հանդեպ, ու թուրք նախարարը ժպտում է... Այս մեծ ու միևնույն ժամանակ փոքր աշխարհում, ուր իրադարձությունների զարգացումն աննախադեպ արագություն է ստացել, ամեն մեկն իր խաղն ունի: Ու Թուրքիան էլ Ախթամարում իր բեմադրած շոուից, անշուշտ, սեփական ակնկալիքներն ունի. թոզ փչել ծերուկ Եվրոպայի աչքերին, այլակարծություն ու այլադավանություն հանդուրժողի դիմակ հագնել, միաժամանակ կեղծելով պատմությունն ու իրականությունը, համոզել, որ Թուրքիայում ամենայն ինչ թուրքական է կամ պատմության քառուղիներում անհայտ պատճառներով անհետացած ինչ-որ ցեղերից մնացած հուշ: Պետք է, Թուրքիային շատ է պետք` մտնել եվրոպական շուկա, եվրոպական ընտանիք` այնտեղ սողոսկելու համար ոչինչ չխնայելով... Բայց Թուրքիան, այնուամենայնիվ, տագնապում է: Եվրամիությունում նախագահող Գերմանիան օրենսդրական նոր նախագիծ է առաջարկել. ըստ այդմ` կալանք է նախատեսված ցեղասպանությունը և պատերազմական հանցագործությունները ժխտելու համար. ԱՄՆ կոնգրեսն ընդունեց Հրանտ Դինքի սպանությունը դատապարտող բանաձևը, որում օգտագործված է ցեղասպանություն բառը: Ու Թուրքիայում մտահոգվում են, որ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը նույնպես կարող է ընդունվել ԱՄՆ կոնգրեսում: Ապրիլի 24-ը յոթ սարի հետևում չէ. դարձյալ մարդկային գետը կհոսի Ծիծեռնակաբերդի բարձունքն ի վեր` ի հավաստումն այն իրողության, որ արյան հուշը չի մեռնում: Եվ սա բոլորովին էլ հակաթուրքական հիստերիա չէ, ինչպես կարծում են ոմանք: Սա պարզապես ազգային ինքնաճանաչողության, ազգային ինքնագիտակցման դրսևորում է: Ազգային ինքնաճանաչում ու նաև ինքնագնահատում, որ կարող է հրաբխի պես ժայթքել պատմական մի հարմար պահի, ինչպես եղավ Արցախում: Թերևս ազգային ինքնագի տակցման մի դրսևորում էր նաև Ախթամարում հայ լրագրողին տեղի ռեստորաններից մեկի` ծագումով հայ թուրքալեզու սեփականատիրոջ խոստովանությունը: Վերջինս տեսախցիկի առջև չհամարձակվեց բարձրաձայնել իր իրական ինքնության մասին: Սակայն տեսախցիկից ծածուկ ասել էր, որ ինքը հայկական ծագում ունի և համոզված է, որ Ախթամարն էլ, Սուրբ Խաչն էլ հայկական են: Եվ այս իրողության դեմ թուրքական և° դիվանագիտությունը, և° ազգայնամոլությունը անզոր են: Այդ սեփականատիրոջ նմանները շատ են Թուրքիայում: Իրանահայ պատմաբան Կարեն Խանլարին նրանց անվանում է թաքնված հայեր, ովքեր անձնական ապահովության համար թաքցնում են իրենց ինքնությունը, բայց ծածուկ, հոգու խորքերում իրենց հայ են համարում: Այսօր շատերը ներքուստ հարցնում են. ի՞նչ է տալիս Հայոց ցեղասպանության ընդունումը Եվրախորհրդարանում, ի՞նչ կտա Եվրամիությունում Գերմանիայի առաջարկած` ցեղասպանությունը ժխտելու համար կալանք սահմանող օրինագծի, ԱՄՆ կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը. հայերի կրած հերթական բարոյական հաղթանա՞կ... Այս հարցն ուղղեք Սփյուռքի, մասնավորապես, Թուրքիայում բնակվող բացահայտ և, այսպես կոչված, թաքնված հայերին: Պատասխանը կգտնեք բոլորի` հավաքական ազգային ինքնաճանաչման ու ինքնագիտակցման մեջ, որ մի օր պետք է ժայթքի: Այդ են հուշում դիալեկտիկական զարգացման օրինաչափությունները, որ, ինչպես ցույց է տալիս պատմությունը, ընդհանուր են բոլորի և ամեն ինչի համար: