Իրական հարվա՞ծ, թե՞ հոգեբանական գրոհ
Արդեն երկու շաբաթ է, ինչ աշխարհի տարբեր տեղեկատվական աղբյուրներից լուրեր են «արտանետվում», որ մոտ ժամանակներս, իսկ առավել ստույգ, ապրիլի 4-ից 7-ը ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ն ռազմական հարված է հասցնելու Իրանին: Ըստ այդ համառ պնդումների` ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում տեղակայված իր ռազմաբազաներում արդեն իսկ սկսել է նախապատրաստական աշխատանքները: Ամենուր լայնածավալ զորավարժություններ են իրականացվում և «առաջին պատրաստականության» է բերվում հատկապես ամերիկյան օդուժը: Իբր առաջին հարվածները ռազմական ավիացիան հասցնելու է Իրանի ռազմավարական նշանակության օբյեկտներին` հիմնական նշանառության տակ պահելով հատկապես միջուկային զենքի արտադրությամբ զբաղվող կառույցները: Որքանո՞վ են հավաստի այս լուրերը: Իսկապե՞ս ԱՄՆ-ն պատրաստվում է իրականացնել հերթական լայնամասշտաբ ռազմական գործողություն` Աֆղանստանի և Իրաքի անհաջող «օպերացիաները» դեռ «չմարսած»` պատերազմի նոր օջախ ստեղծելով: Դժվար թե. կարծում ենք` սա միտումնավոր տարածվող ապատեղեկատվություն է, որը սնուցվում է ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից` սպառնալիքը Իրանի ղեկավարներին ավելի շոշափելի դարձնելու հատուկ միտումով: Մի խոսքով, սա թերևս հոգեբանական գրոհ է` Իրանի հասարակության մեջ ևս վախի ու դատապարտվածության զգացում առաջացնելու նպատակ հետապնդող: Այս ենթադրությունը հիմնավորվում է հետևյալ իրողություններով: Ինչպես հայտնի է, ԱՄՆ կոնգրեսը ամերիկյան զորքերը մինչև այս տարվա ձմեռը Իրաքից դուրս բերելու որոշում է ընդունել: Ջ. Բուշը ստիպված է օգտագործել վետոյի իրավունքը` այդպիսով իրաքյան պատերազմի անհաջողությունների ամբողջ պատասխանատվությունը վերցնելով իր ուսերին: Այսպիսի պայմաններում, երբ ոչ միայն ԱՄՆ սենատը, այլև ամբողջ ամերիկյան ժողովուրդը համակված է հակապատերազմական տրամադրություններով` նոր պատերազմի սանձազերծումը չի տեղավորվում առողջ տրամաբանության շրջանակներում: Իսկ եթե, հակառակ ողջամտության տարրական «կաննոների», Իրանին ռազմական հարված հասցվի, ապա դա կունենա ճակատագրական նշանակություն ամբողջ Մերձավոր Արևելքի, իսկ առաջին հերթին` հենց ԱՄՆ-ի համար: 2007 թ. ապրիլի 2-ին տեղի ունեցավ ՀՀԿ խորհրդի նիստ հետեվյալ օրակարգով` 1. ՀՀ վարչապետի պաշտոնի համար թեկնածության առաջադրում: 2. Նախընտրական աշխատանքների ընթացքի մասին: 3. Այլ հարցեր: ՀՀԿ խորհրդի 69 անդամներից ներկա էին 66-ը: Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ զեկուցեց ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, ով ներկայացրեց ՀՀԿ գործադիր մարմնի առաջարկը և ՀՀ վարչապետի պաշտոնի համար առաջադրեց ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Այլ առաջադրումներ չեղան: Քվեարկության արդյունքում ՀՀԿ խորհուրդը միաձայն որոշեց ՀՀ վարչապետի պաշտոնի համար առաջադրել ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: ՀՀԿ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայություն