Ապրիլի 2-ը Հանրապետական կուսակցության հիմնադրման օրն է
Ծննդյան օրն այն առիթն է, երբ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները կրկնակի են արժևորում տոնը: Այդուհանդերձ, վերին նախախնամությամբ, երբեմն համընկնում են վիշտն ու ուրախությունը, և ծննդյան տոնը վերածվում է հիշատակի լուսեղեն խնկարկման: Այդօր Եռաբլուր պանթեոնում մեկտեղվել էին ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանի անժամանակ կորստի ցավը և Հանրապետական կուսակցության ծննդյան 17-րդ տարելիցի խորհուրդը: Ներկաներից շատերը դժվարանում էին խոսել: Ոչ թե ասելիք չունեին, կամ գործի հանդեպ սկզբունքայնությունն էր լքել, ուղղակի դժվարանում էին բառերով ձևակերպել վիշտն ու անկոտրում հավատը: Թախիծ, բայց միևնույն ժամանակ վաղվա օրվա հանդեպ վստահություն կար ՀՀԿ փոխնախագահ Տիգրան ԹՈՐՈՍՅԱՆԻ խոսքերում. - Ծանր և անչափելի է կորուստը: Ես վստահ եմ, որ կուսակցությունն իր մեջ ուժ կգտնի (ինչպես նախկինում մի քանի անգամ արել է) հաղթահարելու այս հոգեբանական դժվարությունը և պատվով շարունակելու իր ընթացքը` հանուն կուսակցության, հանուն կուսակցության առաջնորդի հիշատակի: 17-ամյա իր պատմության մեջ Հանրապետա կան կուսակցությունը բազմաթիվ խնդիրներ է կենսակոչել: Նա կենդանի շարունակական օրգանիզմ է` համալրվող և նորանոր խնդիրներ առաջադրող: Այս ընթացքում կուսակցությունը մեծ հաջողություններ է արձանագրել և մեծ դերակատարում ունեցել մեր երկրի քաղաքական կյանքում: Այսուհետ ևս շարունակելու ենք մեր ընթացքը, քանզի Անդրանիկ Մարգարյանի հետ արդեն ձևակերպել ենք 2007-2012 թվականների համար նախատեսված խնդիրները: Առաջիկա տարիներին դրանց լիարժեք լուծումը կուսակցության պատվի հարցն է, կուսակցության ժառանգությանը հավատարիմ մնալու պատվախնդրությունը: - ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովը խորը վիշտ է ապրում ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անժամանակ մահվան կապակցությամբ,- հավաստիացնում է Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆԸ. - Կյանքից հեռացել է մեր ժողովրդի ճակատագրով, նրա ներկայով ու ապագայով մտահոգ Վարչապետը, Մեծ Հայը, Մեծ Մարդը, Մեծ Նժդեհականը… Նա իր ողջ իմացական կյանքը նվիրեց Հայոց անկախ պետականության կայացմանն ու զարգացմանը, իր վարչապետության տարիներին և ՀՀԿ նախագահի պաշտոնում` մեծապես նպաստեց երկրի կայունությանն ու առաջընթացին£ Անդրանիկ Մարգարյան պետական-քաղաքական գործչին բնորոշ էին զուսպ, հավասարակշռված գործունեությունը, հանդուրժողականությունը, նաև` զգայուն սիրտն ու հոգին, մարդկային վերաբերմունքը շրջապատի, բոլորի նկատմամբ£ Ամեն ինչ, այո, նա ընկալում էր սրտով, և այդ սիրտը չդիմացավ, ճաք տվեց… Ափսոս, հազար ափսոս… Բարի հիշատակ ու խոնարհում նրա հիշատակին£ ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն ԱՇՈՏՅԱՆԻ համար Անդրանիկ Մարգարյանը մշտապես կմնա սրբագործված պատգամների պահանջատերը: - Վարչապետի մահվան գույժը ստանալուց հետո ժամանակը կարծես ուրիշ ընթացք է ստացել: Շատ երկար ու ցավեցնելու չափ ծանր էր այս շաբաթը: Ճիշտ է, դժվար է մեր` ապրողներիս համար, բայց Հանրապետական կուսակցությունն այլընտրանք չունի, քանզի պետք է սրբորեն կատարի Վարչապետի պատգամն ու տեր կանգնի նրա թողած ժառանգությանը: Պահը վերապրելու և գործը պատվով շարունակելու միակ բանաձևը սա է. միշտ հիշել և աշխատել ավելի շատ: Յուրաքանչյուրս պետք է փորձի լրացուցիչ ջանքերով մեղմել քաղաքական և մարդկային այն մեծ կորուստը, որ մենք ունեցանք: Ցավոք, ՀՀԿ-ն շատ արժանավոր մարդիկ և առաջնորդներ է կորցրել և նրանց հիշատակը խնկարկելով է, որ վառ է պահվում կուսակցության քաղաքական ուղին: Հիշել և աշխատել. սա ծանր բարոյական հոգեվիճակից դուրս գալու միակ տարբերակն է: Վստահ եմ, որ դա կարժանանար նաև Վարչապետի հավանությանը: ՀՀ ԱԺ պատգամավոր Համլետ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ կարևորում է ՀՀԿ նախագահի դերը կուսակցության ամրապնդման գործում: - Դժվար է, սակայն վստահ եմ, որ ուշքի կգանք այս մեծ կորստյան ցավից: Ասել եմ և վերստին կարող եմ փաստել, որ, բարեբախտաբար, ՀՀԿ-ն ոչ թե անձերի, այլ գաղափարակիրների կուսակցություն է: Անհատներն ուղղակի հզորացնում և ամրապնդում էին այն, և այդ տեսակետից անգնահատելի էր Անդրանիկ Մարգարյանի դերը: Կարծում եմ` կուսակցությունն իր մեջ ուժ կգտնի շարունակելու մեր Վարչապետի անկատար թողած ծրագրերը: Այլապես մենք դավաճանած կլինենք նրա հիշատակին, ում պատգամներով և խորհուրդներով առաջնորդվել ենք մինչև օրս: