Իսկ ժողովրդի համար կարևորը կայունությունն է


- Ինձ մի քանի օր անընդհատ այս հարցերն են տալիս. «Ի՞նչ կփոխվի քաղաքական դաշտում Վարչապետի մահից հետո»: Ես պատասխանում եմ, որ ոչինչ չի փոխվի: Վարչապետի մահը քաղաքական դաշտի վրա, ցավոք սրտի, չի ազդի այն առումով, որ այստեղ հիմնական պարամետրերը տրվել են երկու անձի կողմից` Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան: Նրանք ինչ-որ ուղղումներ կմտցնեն քաղաքական դաշտում, որը մենք չենք զգա, և ամեն ինչ կանցնի կգնա,- այս կանխագուշակումը «Այլընտրանք» հասարակական կազմակերպության անդամ Վահագն ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆՆ է: Ի դեպ, սա Հայաստանի ապագայի վերաբերյալ նրա միակ կանխագուշակումը չէ. - Հաշվի առնելով արտաքին գործոնները, որը վերաբերում է Ղարաբաղին, ինչպես նաև իշխանության ռեսուրսների սահմանափակությունը, որը վերաբերում է լեգիտիմությանը, Հայաստանում այս տարվա մայիսի 12-ից հետո տեղի ունեցող գործընթացները շատ բուռն են լինելու, որը հանգեցնելու է իշխանափոխության: Հայաստանում ով չի ալարում` իշխանափոխություն է անում` արդեն չորս տարի շարունակ: Այսպես միայն ցածր կարգի սերիալներում է լինում, որտեղ մի «մահացու» սիրով սիրում են այնպիսի մեկին կամ այնպիսի մեկն է սիրում, որ մնում ես ապշած. մի՞թե կարելի է հասարակության աչքում այսքան վարկաբեկել այդ հրաշք զգացումը: Ինչո՞վ ենք ապրելու, երբ վերջնականապես կթաղենք սեր հասկացությունն էլ, դեմոկրատիան էլ, ազնվությունն էլ և մնացած բոլոր արժեքները, որոնք մարդուն մարդ են պահում: Քաղաքական վայրիվերումներից նույնիսկ ամենահեռու կանգնածին հասկանալի է, որ այն պահին, երբ ժողովրդի համար իշխանափոխությունը կենսական պահանջ կդառնա, ինքը կդիմի այդ քայլին, ու շատ հավանական է, որ իշխանության ձգտող ներկա քաղաքական գործիչներից ոչ մեկին էլ նա չընտրի որպես առաջնորդ: Քանզի նրանցից գրեթե բոլորն էլ հասցրել են այս կամ այն կերպ իրենց վարկաբեկել ժողովրդի աչքում: Էլ չխոսենք ՀՀՇ-ի մասին, որը հավակնում է ստանալ հենց այն մարդկանց ձայները, ովքեր ընդամենը մի քանի տարի առաջ գրեթե միաբերան գոռում էին. «Լևոն, հեռացիր»: Ի դեպ, այս մասին մենք հարց ուղղեցինք Վ. Խաչատրյանին. - Ձեզ չի՞ թվում, որ ակտիվ քաղաքականություն վերադառնալուց առաջ ՀՀՇ-ն և նրան հարող քաղաքական գործիչները պետք է նախ ներողություն խնդրեին ժողովրդից: - Եթե դուք կարդացել եք Լ. Տեր-Պետրոսյանի վերջին` «Լրջանալու պահը» հրապարակումը, այնտեղ ասվել է արդեն, որ «կատարած լավ բաների համար շնորհակա լություն չենք սպասում, իսկ վատի համար ակնկալում ենք ձեր ներողամտությունը»,- պատասխանում է Վ. Խաչատրյանը: Այս դեպքում ռուսական խոսքն ասում է` ցՎցՊՐՌսրÿ, այսպես կոչված, հեռացումի խոսքերը ներկայացնել որպես` «ողջույն, ես եկա»-ի հավելված: Շրջող համառ պնդումների համաձայն` առաջիկայում ԱՄՆ-ն պատերազմ է սանձազերծում մեր հարևան Իրանի դեմ: Մի անզգույշ հայտարարությամբ, առերևույթ աննշան մի սխալ քայլով կամ սահմանագլխին կատարված մի սադրանքով հնարավոր է Հայաստանի ներքաշումը պատերազմի մեջ: Ելնելով այս մտահոգությունից` խնդրեցինք անդրադառնալ հատկապես արտաքին մարտահրավերների խնդրին: - Մեզ նման փոքր պետության համար վտանգավոր է փորձել երկու հզորների` ԱՄՆ-ի և Ռուսաստանի, Եվրոպայի ու Իրանի արանքում, մեր բառապաշարով ասած, խաղեր տալ երևանյան շուստրիություն անել: Ինձ համար նախընտրելին այն արժեքներն են, որ ես գնահատում եմ` ազատ քաղաքացի, ժողովրդավար Հայաստան, ազատ տնտեսություն: Ո՞ր կողմն է դավանում այս արժեքները, մենք պետք է լինենք այդ կողմում: - Մեծ քաղաքականության մեջ գալիս է մի պահ, երբ աշխարհի հզորները թքած են ունենում, թե դու ի՞նչ արժեքների կրող ես և քո դեմ հարց են դնում` այո° կամ ո°չ: Կա°մ սև ես, կա°մ` սպիտակ: Լեհաստանը և Չեխիան ազատական արժեքների կրող են, բայց դա չխանգարեց, որ ԱՄՆ-ն նրանց կանգնեցնի երկընտրանքի առաջ. կամ թույլատրում եք ռադարները տեղադրենք ձեր տարածքում, կամ` ոչ: Խնդրում եմ հստակ պատասխանել. վաղը, եթե դուք գաք իշխանության, ո՞րն է լինելու ձեր պատասխանը այս կամ-կամ-ին: Խառնվելու եք մեծերի խոսակցությա՞նը, թե՞ նորից վարելու եք փոխլրացման քաղաքականություն, որն ընդդիմությունը այսքան քննդատում է: - Շատ դժվար խնդիր է, բայց մենք, վերջիվերջո, ստիպված ենք լինելու մի օր ասել, թե որ կողմում ենք: Մենք էլ ենք կարծում, որ մի օր ասելու ենք ու այդ օրվան պետք է գնալ հավասարակշռված քայլերով: Ինչպես դա արվում է այսօր: Չենք բարձրացնում ռուսական զինուժի դուրսբերման հարց, բայց որոշ ծրագրեր են իրականացվում ՆԱՏՕ-ի հետ: Եվ սա կանի ուզած քաղաքական ուժ, որը կգա իշխանության: Ուղղակի ամեն մեկն ուզում է, որ քայլեր անողն ինքը լինի:

Գ. ԱԲԳԱՐՅԱՆ