Բաց նամակ ջավախահայությանը


Սիրելի° ջավախքցիներ, Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի կառավարությունները ծրագրել են այս տարի սկսել Կարս-Ախալքալաք երկաթգծի շինարարությունը: Հայ մարդիկ դեմ են այս նախագծին ոչ այն պատճառով, որ երկաթուղային հաղորդակցությունը շրջանցում է Հայաստանի Հանրապետության տարածքը, այլ այն պատճառով, որ սա շատ վտանգավոր օղակ է Հայաստանը հյուսիսից շրջափակող պանթուրանական ծրագրերում: Այս հակահայ նախագծի հարվածն ուղղված է Ջավախքի սրտին: Նպատակն է հայաթափել այն և բնակեցնել օտար տարրերով, որոնք պետք է թափանցեն երկրամաս որպես շինարարներ և երկաթգիծը սպասարկողներ: Ցավոք, Հայաստանի կառավարությունը այդպես էլ չհասկացավ խնդրի բուն էությունը: Նա թեև դեմ էր արտահայտվում նոր երկաթգծի շինարարությանը, բայց միայն այն պատճառով, որպեսզի դրա փոխարեն գործարկվի Գյումրի-Կարսը և Հայաստանի բյուջեն էլ մի քանի ցենտի օգուտ ստանա պանթուրքական հաղորդակցությունից: Այնինչ խնդիրը առաջին հերթին քաղաքական է և մեր տարածաշրջանին սպառնում է ամբողջական թրքացմամբ` տնտեսական, մշակութային, քաղաքական, ժողովրդագրական իմաստով: Ջավախքյան ազգային շարժման վերջին տարիների վերազարթոնքը հույս էր ներշնչում, որ համեմատաբար հեշտությամբ կհաջողվի կասեցնել թուրք-վրացական այս նախագիծը: Սակայն այս դեպքում էլ ազգային շահերին դավաճանող հայաստանյան վարչախումբը ոչ միայն չաջակցեց ջավախահայությանը, այլև ամեն կերպ փորձեց խափանել նրա պայքարը, հուսահատեցնել և զրկել թիկունքից, ձերբակալեց և արտաքսեց հակահայ նախագծի դեմ պայքարող գործիչ Վահագն Չախալյանին: Նման վարքագիծ են դրսևորում նաև վրացական պետությանը ծառայող տեղացի չինովնիկները: Սակայն ես համոզված եմ, որ Ջավախքում բնակվող մեր հայրենակիցները շատ լավ են գիտակցում ոչ միայն երկրամասի, այլև ամբողջ հայության գլխին կախված սպառնալիքը և իրենց մեջ ուժ կգտնեն խափանելու հակահայ այս նախագիծը: Վստահ եմ, որ վճռական պահին նրանք կունենան նաև համայն հայրենաբնակ և աշխարհասփ յուռ հայության աջակցությունը: Ոչ ոք և ոչինչ չի կարող կոտրել հայ ժողովրդի ազատատենչ կամքը: Ուրեմն չվհատվենք և պաշտպանենք մեր երկիրը թրքական շրջափակման աճող սպառնալիքից:

Ժիրայր ՍԷՖԻԼՅԱՆ