«ՈՒԶՈՒՄ ԵՔ ՀԱՎԱՏԱՑԵՔ, ՈՒԶՈՒՄ ԵՔ` ՏՐԱՔԵՔ...»


Պարզվում է` բարի համբավը դադարում է ամենաթանկ կապիտալը լինել, երբ այն վերածվում է քաղաքական արժեթղթի: Նույնիսկ իրական բարերարությամբ վարկանիշ ձեռք բերած Ծառուկյանները, ստացվում է` չեն դիմանում քաղաքական նշաձողի ծանրությանը: Եվ գոնե մեզ չէր կարող ցավ ու տարակուսանք չպատճառել տիկին Ռոզա Ծառուկյանի վերջին հայտարարությունները. իր ծայրահեղ աշխատասիրությամբ մեր ընթերցողին ներկայացված այս տիկնոջ ամենաաչքի ընկնող հմայքներից մեկը հարգանքն է եղել մարդ արարածի հանդեպ և գնահատանքը` իրեն գնահատողների նկատմամբ: Չարաբաստիկ քաղաքականությունը, սակայն, իր հորձանուտում կարծես վերափոխել է նաև մեր մի քանի ակնարկների հերոսուհուն: Անկեղծորեն տրտմեցինք` նրա որոշ արտահայտություններին ծանոթանալով: Դիցուք` ...«Ճիշտ ա, իմ տղեն Քոչարյանի հետ մոտ ա, ով չի՞ ուզի երկրի առաջին մարդու հետ մոտ ըլնի, բայց մենք պետականամետ եք, ով եղավ իշխանության ղեկին նստած, որ պետականություն պիտի վարի, մենք պարտավոր ենք նրա կողքը կանգնել, որ մեր ազգը, մեր պետությունը չգնա կործանվի»: ... «Ռոբերտ Քոչարյանը Գագիկ Ծառուկյանին չի սիրում, Գագիկ Ծառուկյանին սիրում են 400 հազար հոգի ժողովուրդ: Մենք մինչեւ հիմա ոնց եղել ենք, էդպես էլ շարունակելու ենք: Ով ոնց ուզում ա` թող մեզ հավատա, ով չի ուզում հավատա` թող գնա էս ստրկատիրական լծի տակ տրաքի»: ... «...Միայն Ավստրալիայում չեմ եղել, էն էլ էս տարի եմ գնալու...»: .... «...Էրեխուս են նախանձում, էրեխուս, որովհետեւ էս սաղ իմ էրեխու շնորհքն ա: Էս պայմանագիրը տեսնո՞ւմ ես, էս երաշխավորության պայմանագիր ա, որ ինձ տրվել է 6-ը ապրիլի 2006 թվին: Ուրեմն Գագիկ Ծառուկյանը ինձ «գարանտ» կանգնեց, ու ես մտա 130 միլիոնի տակ: Եթե Գագիկս «գարանտ» չկանգներ, ես Համաշխարհային բանկի հետ չէի կարա պայմանագիր կապեի...»: ...«...Իմ տղան մեղք ա, շատ մեղք ա իմ երեխան, էսքան լավ գործ ա անում, ու ոչ մեկը չի գնահատում.... Այ, հիմա որ ես ձեզ ցույց տամ` թե ինքն իր արդար քրտինքով, իր տանջանքով ինչեր ա ստեղծել, դուք կգնաք ու կասեք` այ մարդ, էս մարդուն ինչո՞ւ են էսքան քարկոծում...»: .... «...Բայց դուք հիշում եք, չէ՞, Գագիկս որ մտավ Ազգային ժողով` ի՞նչ ասաց: Նրան հարց տվին, և նա էլ ասաց. «Սա իմ տեղը չի, պառլամենտում պիտի աշխատի այն մարդը, որը կարող է օրենք գրել և պաշտպանել արտադրողի աշխատանքը: Սակայն եթե այսպես շարունակվի, մենք կաշխատենք ստեղծել մի նոր կառույց, որը մենք ֆինանսավորենք, և որը կարողանա իրական օրենք գրի ու պաշտպանի մեր շահերը...»: ... «...Ասի` Գագո ջան, էդ Շուֆիտենսկուն ընչի՞ ես տարել, ասաց` բաբո ջան, ես ուզում էի մարդկանց ուրախացնեի, մենակ տեսնեիր ոնց էին ուրախացել, ոնց էին պարում...Ասում ա` ես ուզում էի էդ մարդկանց հոգեկան սնունդ տայի, որ էդ մարդիկ իմանան երաժշտություն էլ կլինի, որ էդ մարդիկ լավ ապրեն...: ... Դուք ինչո՞ւ չեք ընդունում, որ էդ մարդիկ երբեմն իմ տղայի պատվի համար ձրի էլ են գալիս: Իմ թոռանը որ ամուսնացնում էինք, Գագոյիս առաջին երեխան էր, ասաց` բալիկ ջան, ես ի՞նչ անեմ, որ դու քեզ լավ զգաս: Ասաց` պապա ջան, մենակ էն Սոֆյային Ռոտարու ու...անունն ի՞նչ էր...հա, Լյոնտեւին, որ բերես, հերիք ա: Երեխես մենակ էդ երկուսի անունն ա տվել, էն մնացածից իմ տղես խաբար չի: Մնացածին բերել ա էն Էրևանի մշակույթի Լաերտ ա, ի՞նչ զահրումարա, բերեց լցրեց էրեխուս գլխին: Էդ բրազիլացի բացքամակ կննանոց իմ տղես չի բերել, Գագիկիցս փող տանելու վարիանտ էր, դու Գագիկիս լավ չես ճնանչում, դու երբևիցե իրա հետ հանդիպե՞լ ես, խոսե՞լ ես...»: (Մեջբերումները` zhamanak.com)