Գանձատուփի ներթաքույց խորքերում
Անկարելի է մեր ազգային պատկերասրահի հարուստ հավաքածուն ամբողջությամբ ընդգրկել մշտական, տարեցտարի համակարգվող ցուցադրության մեջ: Արվեստասեր հասարակայնությանը պատկերասրահի մեծ գանձատուփի պահուստային ֆոնդերի մասին առավել հստակ պատկերացում տալու նպատակով, տնօրեն Փարավոն Միրզոյանի անմիջական ղեկավարությամբ, մոտ 35 գիտաշխատողներ մանրակրկիտ ուսումնասիրություններ են կատարում: Խնամքով բացվում-բացահայտվում են հսկայական գանձատուփի ներթաքույց խորքերը: Նորովի ընդհանրացվում մինչ օրս ստվերում մնացած կամ մասամբ ներկայացված մեծանուն արվեստագետների ստեղծագործական ժառանգությունը, կենսագրությունը: Գիտահետազոտական աշխատանքների հետաքրքրական մանրամասներով լրացված փաստերը ծնունդ են տալիս թեմատիկ ու անհատական նոր ցուցահանդեսների, կատալոգների, ալբոմների: Այս առումով բնութագրական է Եղիշե Թադևոսյանի և Ենովք Նազարյանցի նորահայտ աշխատանքները ներկայացնող վերջերս բացված ցուցահանդեսը` օրգանական շարունակությունը նախորդի` «Հակոբ Հովնաթանյան. մինչ և հետո»: Մարիանա Հակոբյանի, Սեդա Խանջյանի, Վիկտորյա Բադալյանի, Սերգեյ Խաչիկօղլյանի, Արարատ Աղասյանի, Հասմիկ Հարությունյանի և պատկերասրահի գիտահրատարակչական գործունեությունը պատշաճ մակարդակով ծավալող մյուս աշխատակիցների ջանքերով լույս տեսած «Ենովք Նազարյանց» և «Եղիշե Թադևոսյան» պատկերազարդ ալբոմների շնորհանդեսը տոնական-ներկայացուցչական բովանդակություն հաղորդեց նորաբաց ցուցահանդեսին: Ցուցահանդեսի առաջին սրահում ներկայացված Եղիշե Թադևոսյանի (1870-1936) մոտ երկու տասնյակ գրաֆիկական աշխատանքներին առաջին անգամ էր ծանոթանում արվեստասեր այցելուն: «Չիստան», «Կրետե», «Արագած», «Կնոջ դիմանկար», «Մարմարա ծովը», «Վաղարշապատի անաստվածների կոլխոզը», «Թուլուխչին» (ջրկիր) և մյուս փոքրածավալ գործերում անվանի նկարիչը վերստին հավաստում էր գեղանկարչական իր ուրույն կերպավորման վարպետությունը, գերում արտահայտչամիջոցների զուսպ ու նպատակասլաց ներգործությամբ: Նաև` գեղագիտական պահանջ հարուցում ծանոթանալու պատկերասրահի գանձարանում առկա բոլոր 650 ստեղծագործություն ներին գոնե այս կերպ` մաս-մաս: «Թռչունների համերգը», «Քրիստոսն ու փարիսեցիները» և «Հանճարն ու ամբոխը» կտավների էսքիզները ակնթարթորեն մտասևեռում են հայացքդ իրենց վրա: Թատերապաշտիս համար ուշագրավ էին հատկապես Վ. Ռեբեկովի «Տոնածառ» օպերայի դեկորացիայի և բեմական զգեստների էսքիզները. որքա¯ն կհարստանար արդի հայ բեմանկարչությունը, եթե հրաշքով ասպարեզում հայտնվեր կոլորիտային բազմաշերտ մտածողություն ու կարողություններ դրսևորող մի նոր Եղիշե Թադևոսյան... Եթե Եղիշե Թադևոսյան անունը ծանոթ էր պատկերասրահի մասսայական այցելուին «Կոմիտասը Էջմիածնի լճի ափին», «Արարատը Էջմիածնից», «Երկրպագություն խաչին», «Սոնետ», «Ինքնադիմանկար» և մի շարք այլ հանրահայտ կտավներից, ապա Ենովք Նազարյանց (1868-1928/29) պոլսահայ նկարիչը, կարելի է ասել, հայտնություն էր նրա համար, չնայած մշտական ցուցադրության զարդը կազմող Շալամյանների դիմանկարներով քանիցս հետաքրքրված լինելուն: Ասենք, այս նկարչի կենսամատենագի տությունը մեր օրերում էլ բազմաթիվ հարցականներ է պարունակում: Առաջին գրավոր դրվատական հիշատակությունը մեզ է հասել 1891-ին` Պետրոս Ադամյանի թաղման օրը նկարված մատիտանկարի առիթով: Նորաբաց ցուցահանդեսի երկրորդ սրահում ներկայացված նրա` Մարգարիտ և Հովհաննես Հեքիմյանների, Սոլոմոն Բարխուդարովի, երևանցի հյուրանոցատեր Գևորգ Խաչատրյանի, խորհրդահայ կոմպոզիտոր Նիկողայոս Տիգրանյանի ծնողների և այլոց գունավոր կավճամատիտով արված 10 դիմանկարներն ու 9 փոքրածավալ մատիտանկար-ճեպանկարները որոշակի պատկերացում են տալիս մինչ այժմ ստվերում մնացած այս արվեստագետի բնատուր օժտվածության մասին: Սրանք, ըստ էության, պահպանված բեկորներն են 200-ից ավելի տարբեր ոճի դիմանկարներ ընդգրկող նրա ստեղծագործության: Պատճառներից մեկն էլ գուցե այն է, որ Ենովք Նազարյանցը իր դիմանկարներն արել է հիմնականում պատվերներով, և դրանց մեծ մասը, հավանաբար, գտնվում են մասնավոր հավաքածուներում, որոնց վայրը դեռևս պարզված չէ: Մի բան ակնհայտ է ցուցադրվող գործերից` նկարիչը կատարյալ տիրապետում է գծանկարին, յուղաներկի հնչեղության է հասցնում կավճամատիտի տեխնիկան: Առերևույթ Նազարյանցի դիմանկարները դեկորատիվ բնույթի են, այդուհանդերձ, դրանցում մանրակրկիտ մշակված ու նյութականացված են պատկերվողի դիմագծերը, վարպետորեն շեշտադրված է ծագումը, դիրքը հասարակության մեջ (ըստ տոհմական արդուզարդի առկա պարագաների, տարազի, մեդալների, ուսադիրների և այլն): Կարծում եմ, պատկերասրահի գիտաշխատողների, հատկապես Սեդա Խանջյանի հետագա պրպտումները մոտ ապագայում հնարավորություն կընձեռեն լրացնելու Նազարյանցի արվեստագիտական նկարագիրը: Ինչպես նաև` ըստ արժանվույն գնահատելու տեղն ու դերը Հովնաթանյանների գեղանկարչական ընտանիքի ավանդները զարգացնողների շարքում: ...Անցյալ դարի 90-ականներից հոգևոր-մշակութային մասսայական պահանջարկի հայտնի տխուր պատճառներով կտրուկ նվազման, բարձր արժեքների աստիճանական խեղաթյուրման արդյունքում խաթարված մշակութային կյանքը վերջին տարիներին աշխուժացման հուսադրող միտում է հանդես բերում: Նվիրյալների ջանքերով պահպանված արվեստի օջախները, այդ թվում և ազգային պատկերասրահը, այսօր բնականոն ռիթմով են գործում` ջանալով վերականգնել հոգևոր սնունդի երբեմնի լայնածավալ կարևորությունը հասարակական կեցության վերկենցաղային շերտերում: Ուզում եմ հավատալ, որ պետական հզոր աջակցությամբ կապահովվի բարենպաստ ստեղծագործա կան միջավայր` խթանելով հանապազօրյա հացի պես անհրաժեշտ, երկար սպասված համընդհանուր հոգևոր զարթոնքը...