ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԸ


Այն, ինչ տեղի ունեցավ Երևանում մարտի 1-ին` ողբերգություն էր ամբողջ հասարակության համար: Ինչու՞ մենք հասանք այսպիսի աղետալի վիճակի: Հետընտրական զարգացումներն ինչո՞ւ դարձան անվերահսկելի: Այս «ինչուների» պատասխանը հարկավոր է գտնել և եզրակացություններ անել` որպեսզի կարողանանք խուսափել նոր ողբերգություններից: Ամենահպանցիկ դիտարկումներով անգամ, ողբերգությունը հասունանում էր առնվազն վերջին 3 ամիսներին` մեր հասարակական օրգանիզմի մեջ մեթոդաբար, կաթիլ-կաթիլ ներարկվող ատելության չափաքանակի մեծացմանը զուգընթաց: Որոշակի ուժեր ակնհայտորեն որդեգրել էին ներկա իշխանությունների իրական կամ երևակայական սխալներից ամեն մի դժգոհություն գիտակցաբար ատելության վերափոխելու գործելակերպ: Դա հանցավոր անպատասխանատվություն էր մանավանդ այն մարդու կողմից, ով ինքը մի անգամ արդեն հնարավորություն էր ունեցել երկիր կառավարել: Ով-ով, բայց նա չէր կարող և իրավունք չուներ չհասկանալու, որ ատելությունից եռացող կաթսան վաղ թե ուշ պայթելու է: Հետևաբար առաջին դասը, որ պետք է քաղենք կատարվածից` մեկս մյուսի նկատմամբ հանդուրժողական վերաբերմունք ունենալն է: Ամեն մեկս մեր ճշմարտությունն ունենք, և այդ տարակարծությունները ամենևին հիմք չպիտի հանդիսանան մյուսի հանդեպ ատելությամբ լցվելու: Ավա¯ղ, սթափության կոչող բոլոր հորդորները, որ ամիսներ շարունակ հնչում էին հայրենի մտավորականության քիչ թե շատ հայտնի դեմքերի շուրթերից` մնացին «ձայն բարբառո հանապատի»: Եվ մնացին հիմնականում այն պատճառով, որ Ազատության հրապարակի հարթակից իրականության զգացումը կատարելապես կորցրած, իշխանատենչությունից կուրացած գործիչների մի փոքր խումբ անարգել մոլորեցնում էր հազարավոր ու հազարավոր մարդկանց: Սուտը, կեղծիքը, դիտավորյալ տարածվող ապատեղեկատվությունը, իրենց հետևող զանգվածներին անընդհատ հոգեկան մեծ լարվածության մեջ պահելու գործելաոճը դարձել էր այդ գործիչների, և առավելաբար նրանց կուռքը դարձած մարդու հիմնական «զենքը»: Ինչպե՞ս կարող էին այդ գործիչները չտեսնել, որ Ազատության հրապարակում հավաքվում են ոչ միայն նորմալ, քաղաքակիրթ դժգոհություն արտահայտող մարդիկ, այլև` հասարակական տականքներ, քրեական ու անբարոյական տարրեր, որոնց ձեռքում արդեն հայտնվել են մեծ քանակությամբ կտրող, հարվածող, հրկիզող, նույնիսկ` պայթուցիկ ու հրաձգային զենքեր: Ինչպե՞ս կարելի էր այնքան միամիտ լինել` չնախազգալու այդ ամբողջ զինանոցը վաղ թե ուշ գործի դնելու վտանգը: Ինչու՞ շարքային մտավորականներս դա տեսնում ու ահազանգում էինք, իսկ իրենք` ոչ: Եթե վտանգը չէին զգում` ի՞նչ բարոյական իրավունքով էին ստանձնում զանգվածներին առաջնորդելու, իբրև թե «հանուն արդար ու ազատ ընտրությունների» նրանց ոտքի հանելու պատասխանատվությունը: Եթե զգում էին և, այնուամենայնիվ, իրենց հետևողների զանգվածի մեջ այդպիսի անհավասարակշիռ ու արկածախնդիր մարդկանց զգաստության չէին հրավիրում, նշանակում է հնարավոր էին համարում հենվել նաև ու հատկապես այդպիսիների վրա: Երկրորդ դասը ինքն իր համար կուռքեր չստեղծելու իմաստություն ունենալն է: Բոլոր կուռքերը վաղ թե ուշ տապալվում են, և հազվադեպ է պատահում, որ տապալվեն…առանց արյան: Երրորդ դասը իշխանատենչության ահավորությունը հասկանալն է: Իշխանատենչությունը, որ վերաճում է ամեն գնով նպատակին հասնելու մոլուցքի, կործանարար է ոչ միայն այդ ախտով տառապողների, այլև նրանց հետևից միամտաբար գնացողների համար: Միանգամայն կողմ ենք երկրում արդարություն և ժողովրդավարություն հաստատելու ցանկություներին ու տենչերին; Բայց ումի՞ց ակնկալել այդ «ազատությունն ու արդարությունը»: Այնպիսի մեկի՞ց, ով ընդամենը 10-15 տարի առաջ ապացուցել է, թե որքա¯ն «արդար ու ազնիվ» կառավարիչ էր ինքը: Չորրորդ դասը միանգամից երկրի բոլոր «ավգյան ախոռները» մաքրելու անհնարինության գիտակցությունն է: Աշխարհում դեռ ոչ մի հեղափոխություն, «գունավոր», «թավշյա» թե «երգ ու պարի», ինչպես իր հանրահավաքներից մեկում սկսված արկածախնդրությունն անվանում էր Լևոն Տեր-Պետրոսյանը, դեռ երբեք երջանկություն չի բերել որևէ ժողովրդի: Ոչ մի «ավգյան ախոռ» դեռ երբեք մի հարվածով չի մաքրվել: Ճիշտ հակառակը, ամեն հեղափոխություն իր հետ բերել է իր պղտորությունները, ստեղծել է իր շատ ավելի գարշահոտ ախոռները: Հինգերորդ դասը` պետք է հնարավորություն տալ ընտրված Նախագահին` աստիճանաբար կյանքի կոչելու այն բոլոր ծրագրերը, որ ընտրարշավում նա ներկայացնում էր ժողովրդին: Հասարակական նիհիլիզմը, «ոչ մի բան չի փոխվելու» մտայնությունը հուսահատության մատնող, թևաթափ անող մտայնություն է: Ո՞վ ասաց, թե հանդարտ զարգացման դեպքում մենք բոլորս ականատես չենք լինելու ուրախացնող փոփոխությունների: Վեցերորդ և ամենագլխավոր դասը` իրար մեջ թշնամի չորոնել, նոր արկածախնդրությունների չգնալ, երկրի ապակայունացման նոր փորձեր չձեռնարկել: Ցանկացած դժգոհություն արտահայտել քաղաքակիրթ եղանակներով, երկրի օրենքները հարգելով: Ամերիկյան իրականության մեջ ընդունված է «Աստված պահպանի Ամերիկան» արտահայտությունը: Այդ արտահայտությամբ ԱՄՆ-ի այն ժամանակվա փոխնախագահ Ալբերտ Գորը դադարեցրեց ընտրությունների արդյունքների վիճարկումը, երբ զգաց, որ այդ վիճարկումը կարող է երկփեղկել երկիրը, տանել ցնցումների: Եթե Ամերիկայի պես հզոր երկրում վախեցան այդ ցնցումներից, հապա մե՞նք ինչու չպիտի վախենանք: Ինչո՞ւ իմաստություն չունենանք հրաժարվել ամեն հավակնությունից` հանուն մեր երկրի կայունության:

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ