ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԽՈՍՔԸ 01.03.2008 ԹՎԱԿԱՆԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ


Սիրելի հայրենակիցներ, Վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով մեր ժողովուրդը ծանր կորուստներ կրեց: Կրեց անդառնալի կորուստներ. եղան մարդկային զոհեր թե° ծառայողական պարտքը կատարող ոստիկանության աշխատակիցների, թե° մի խումբ մարդկանց ազդեցության տակ ընկած ցուցարարների շարքերում: Հարյուրավոր քաղաքացիներ են տուժել` արմատական ընդդիմադիրների անօրինական գործողությունների հետևանքով: Այսպես կոչված «շարժման» հեղափոխական պարագլուխները հասարակական կարգը պահպանողներին ու սեփական աջակիցներին դարձրեցին իրենց անհագուրդ նկրտումների պարպման թիրախ: Այդ ամենի համար անկարգությունների կազմակերպիչներն ու հրահրողները դեռ պատասխան պիտի տան օրենքի, պատմության ու սերունդների առաջ: Ցավով եմ նշում, որ մեր հայրենակիցները դարձան որոշ մարդկանց կույր ատելության զոհը: Այսօր ես կիսում եմ յուրաքանչյուրիդ վիշտն ու բոլորիդ մաղթում եմ կամք, ուժ և հոգեկան կորով, այս արհավիրքը հաղթահարելու համար: