«Մենք ի վիճակի ենք այս 20 օրվա ընթացքում ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի կայունությունը հետ


ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների հետ համատեղ իրականացնում են միջոցառումներ` արտակարգ դրության պահանջների շրջանակներում: Ս. Օհանյան. «Մենք ի վիճակի ենք այս 20 օրվա ընթացքում ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի կայունությունը հետագայում հաստատուն լինի» Ինչպես այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, այս պարագայում ԶՈւ հիմնական խնդիրն առաջին հերթին մայրաքաղաքի հատուկ կարեւորություն ունեցող օբյեկտների պահպանությունն է, ինչպես նաեւ ոստիկանությանը հնարավորության եւ անհրաժեշտության դեպքում աջակցելը սահմանադ րական կարգի պահպանման ուղղությամբ: Նա հերքեց շրջանառվող լուրերն այն մասին, թե ԶՈւ ստորաբաժանումներն իրականացնում են խուզարկություն: «Այդ աշխատանքները ոստիկանությունն է կատարում, իսկ զինված ուժերն աջակցում են նրանց` կայունության ապահովման համար»,- ասաց Ս. Օհանյանը: ՀՀ ԶՈւ ԳՇ պետն իր երախտագիտությունը հայտնեց Երեւան քաղաքի բնակիչներին արտակարգ դրության պայմաններին ըմբռնումով մոտենալու եւ հանդուրժողականության համար, նշելով, որ այսօր ԶՈւ-ն եւ ոստիկանությունը կարողանում են լիովին վերահսկել իրադրությունը մայրաքաղաքում: «Ուժային կառույցները նման իրավիճակներում պետք է ժողովրդի հետ ձգտեն այն բանին, որ մայրաքաղաքում չլինեն սադրանքներ: Բանակը երախտապարտ է, որ ժողովուրդն իր որդիներին վերաբերում է հոգատարությամբ»,- նշեց Ս. Օհանյանը: Նա իր ցավակցությունը հայտնեց զանգվածային անկարգությունների ընթացքում բոլոր զոհվածների ընտանիքներին եւ նշեց, որ զինված ուժերը կանեն ամեն ինչ, որպեսզի հանրապետության մայրաքաղաքում կայունությունը պահպանվի: «Կուզենայի նորից դիմել մեր ժողովրդին, որպեսզի մեր խնդրանքը եւ մեր պահանջներն իրականացվեն այնպես, ինչպես նշված է ՀՀ նախագահի հրամանագրում»,- ավելացրեց Ս. Օհանյանը: Նրա խոսքով, մայրաքաղաք տեղափոխված ստորաբաժանումները պահեստային զորամասերից են, ունեն համապատասխան շարժունակություն եւ կարող են խնդիրներ լուծել հանրապետության տարբեր հատվածներում: ՀՀ ԶՈւ ԳՇ պետը հավաստիացրեց, որ առաջին գծի բոլոր զորամիավորումներն իրենց տեղում են եւ պատրաստ են վերահսկելու իրադրությունը: «Արտակարգ դրության պայմաններում համապատասխան աշխատանքներ են տարվում, որպեսզի կանխարգելվեն հետագայում նման հավաքները: Մենք ի վիճակի ենք այս 20 օրվա ընթացքում ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի կայունությունը հետագայում հաստատուն լինի»,- ընդգծեց Ս. Օհանյանը: Խախտվել է զինադադարի ռեժիմը Ս.թ. մարտի 4-ին, ժամը 0500-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում` Մարտակերտից հյուսիս-արևելք, Լևոնարխ գյուղից 3,5 կմ հեռավորությամբ ադրբեջանական զինված ուժերը, խախտելով զինադադարի ռեժիմը, կրակ են բացել ԼՂՀ դիրքերի վրա, որի հետևանքով վիրավորվել է պաշտպանության բանակի ավագ լեյտենանտ: Ադրբեջանական ուժերը գրավել են ԼՂՀ զինված ուժերի առաջնային պաշտպանական հենակետերից մեկը: ԼՂՀ զինված ուժերը պատասխան կրակ են բացել` հակառակորդին ստիպելով վերադառնալ նախկին դիրքերը: Ադրբեջանական կողմից կան զոհեր և վիրավորներ: Նույն օրը, ժամը 0800-ի սահմաններում փոխհրաձգությունն ավելի ինտենսիվ բնույթ է կրել: Ժամը 1540-ի դրությամբ հայկական ուժերը վերականգնել են նախնական դիրքերը: Իրավիճակը ներկայումս խաղաղ է, կրակոցներ չկան: Զինադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարն անմիջապես տեղեկացրել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Միջադեպի վերաբերյալ տեղեկատվություն է փոխանակվել նաև երկու երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերի միջև: 12 տարվա ընթացքում իրավիճակը Հայաստանում էական զարգացում է ապրել Եթե այսօր Հայաստանում առկա իրավիճակը համեմատենք 1995-1996 թթ. հանրապետության իրավիճակի հետ, ապա էական զարգացումն ակնհայտ է: Այսօր Երևանում մամլո ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն` պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին: Նրա ասելով, դա վերաբերում է շատ որոլտների, մասնավորապես, երկրում ընտրությունների անցկացմանը: «Անգամ` եթե ընտրությունները Հայաստանում կատարյալ չեն, միևնույն է, դրանք արձանագրել են էական առաջընթաց: Ես չեմ կարծում, թե դուք պետք է ժողովրդավարական երկիր դառնաք մեկ գիշերում: Դուք դա չեք էլ կարող անել: Դա գործընթաց էե, - նշել է ԵԱՀԿ դեսպանը: ԱրմԻնֆո