ՍԻԲԻՐԱ՞ԽՏ, ԹԵ՞ ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ

պարզապես` համաճարակային մաֆիա


 

Փաստերը վերստին հուշում են, որ մեզանում վաղուց ի վեր ձևավորվել է նաև այսպես կոչված համաճարակային մաֆիան, որը համագործակցելով գործարարների հետ, կարողանում է «հրահրել» համաճարակներ, տարածել կեղծ լուրեր և վնասել մեր տնտեսությունը: Նաև` տեղական արտադրողներին: Այս յուրատեսակ մաֆիայի ներկայացուցիչները շատ լավ են յուրացրել այն «ճշմարտությունը», որ կարելի է նաև «գյուղատնտեսական ատկատներով» ապրել և դուրս մնալ վերահսկողության դաշտից: Այս հարցում նրանք ընդօրինակում են որոշ միջազգային կառույցների, որոնք վաղուց ի վեր կարողանում են ամեն ինչ իրենց հպատակեցնել, համագործակցել տնտեսական մաֆիայի ներկայացուցիչների հետ...…

Հայաստանում իբրև թե բռնկված սիբիրախտի համաճարակը աստիճանաբար կորցնում է իր հանդեպ ձևավորված հետաքրքրությունը: Ավելի ճիշտ, ամեն ինչ արվում է, որպեսզի այլևս խոսակցություններ չլինեն: Պատճառը բնավ էլ այն չէ, որ տարեմուտի նախաշեմին կամենում են լռության մատնել ծավալված խոսակցությունները: Խնդիրն ավելի խորն է, ուստի կամաց-կամաց հանրության շրջանում տարածված ասեկոսեները սկսում են իրականություն դառնալ: «Թռչնագրիպի» հետ կապված պատմությունները դեռևս թարմ են, թարմ են նաև պատմությունները, որոնց արդյունքում եվրոպական մի շարք երկրներում հազարավոր գլուխներով խոզեր ոչնչացվեցին: «Թռչնագրիպի» դեպքում ակնհայտ էր, որ որոշ արտադրողներ, պայմանավորվածություններ ունենալով համաճարակային մասնագետների հետ, գործարքի էին գնացել` հարվածելով հատկապես թռչնամիս արտադրող ասիական հզոր ընկերութ յուններին: Հայաստանյան ֆերմերները լավ էին հասկացել ողջ բլեֆն ու շարունակում էին հանգիստ ծավալել իրենց գործունեությունը: Իհարկե, սկանդալային բացահայտումներ չեղան, սակայն բոլորին էլ պարզ էր, որ կեղծ համաճարակի պատճառով մի շարք ընկերություններ դուրս մղվեցին շուկայից, նրանց փոխարինելու եկան եվրոպական թռչնամիս արտադրողներ:

Տարեմուտի նախօրյակին էլ Հայաստանում լուրեր շրջանառվեցին, թե «սիբիրախտի» պատճառով որոշ ֆերմերներ սկսել են անասնագլխաքանակ կորցնել: Մասնագետները սկսեցին բացատրություններ և խորհուրդներ տարածել: Շատ գյուղացիներ և  մասնագետներ պնդում են, որ սիբիրախտ գոյություն չունի: Սակայն նրանք խուսափում են այդ մասին բարձրաձայնել, քանի որ հանրապետության միակ լաբորատորիան այլ քաղաքականություն է վարում:

Այս հարցում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը և ՀՀ ԳՆ անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ը ունեն հակամարտություն: Ա. Բախչագուլյանի ղեկավարած ծառայությունը ջանք չի խնայում վարկաբեկել ՊՈԱԿ-ի աշխատանքները: Եվ նրանց մեղադրում է պատվաստումները ոչ պատշաճ կատարելու մեջ: Բայց մի՞թե գյուղացիները և մասնագետները սխալվում են, մի՞թե լաբորատորիան, որն ի դեպ գտնվում է Ա. Բախչագուլյանի հովանու ներքո, ճիշտ հրապարակումներ է կատարել:

Հարց է ծագում, թե ինչո՞ւ այդ լաբարատորիան, որ միակն է հանրապետությունում,  չի գործում անկախ, նաև` թափանցիկ: Չէ՞ որ արդեն մեծանում է կաշառակերության ռիսկը այս կառույցում: Նշենք, որ ծառայությունում կան կաշառակերության դեպքեր, որոնք բացահայտվել են: Մի՞թե լաբորատորիան, որ գործում է Բախչագուլյանի Ծառայությանը կից, չի հրապարակի Ծառայության շահերից բխող արդյունքներ:

Եթե դիմեք այդ կառույց, նրանք նույնիսկ չեն կարող հստակ հրապարակել սիբիրախտով անկած կենդանիների թիվն ըստ հրապարակումների 12 է:  Հանձնաժողովի անդամ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Գեղարքունիքի մարզային կենտրոնի պետ Սամվել Ասլանյանը նշել է, որ կարանտինի հայտարարման պահից մինչ այժմ գրանցվել է 22 գլուխ խոշոր եղջերավոր անասունների անկում:

Այս ամենը ստիպում է հաստատապես նշել, որ այս «սիբիրախտը» պարզապես որոշ շահագրգիռ կազմակերպությունների և միս ներկրողների հերթական գործարքն էր, ինչի արդյունքում հայաստանյան խանութներում ակտիվացավ ներկրված խոզամսի վաճառքը: Առաջիկայում այն նոր թափ կառնի, որովհետև տարեմուտի առթիվ շատերը կհրաժարվեն գնել հայաստանյան ազդրերը` նախապատվությունը տալով ներկրվածին:

Այսինքն, հերթական անգամ մենք ականատես ենք լինում տնտեսական խարդախությանը, որը հարստացնում է ներկրողներին ու նրանց հովանավորողներին` վտանգելով անասնապահությունը մեր երկրում և մեծ հարված հասցնելով ֆերմերներին: Ուսումնասիրություններ կատարելով այսպես կոչված «սիբիրախտի» հանգրվաններում, մենք հիմքերն ունենք եզրահանգելու, որ շատ ֆերմերներ այսօր կանգնած են անելանելի դրության առջև. նրանք չեն կարողանում իրացնել միսը, չեն կարողանում փակել բանկերից վերցված վարկերը: Գյուղացիներից շատերը պնդեցին, որ անգամ իրենց մոտ հայտնվել են վերավաճառողներ, ովքեր առաջարկել են շատ չնչին գներով գնել «սիբիրախտով» վարակված միսը: Նրանց մեջ եղել են նաև երշիկ արտադրողներ...