ՆՈ՞Ր ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԽԱՂԵՐ 


 

Ղարաբաղի շուրջ վերջերս տեղի ունեցող որոշ զարգացումներ և հնչող հայտարարություններ բառացիորեն շփոթմունք են առաջացրել` ստիպելով հասկանալ այն ամենը, ինչը ներկայացվում և մատուցվում է: Մասնավորաբար, չափազանց ուշագրավ էր այն հայտարարությունը, որն օրերս արել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը. - Ցեղասպանության ճանաչման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված հարցերը մեկ շղթայի օղակներ են:

Վարչապետի հայտարարությունը շփոթմունք է ծնել, քանի որ ժամանակներ առաջ Հայաստանի պաշտոնական շրջանակները միանգամայն այլ տեսակետ ունեին, ինչի դրսևորումներից մեկն էլ Սերժ Սարգսյան-Աբդուլլահ Գյուլ շփումներն էին` «ֆուտբոլային դիվանագիտության» համատեքստում: Հայաստանի դիրքորոշումն այն էր, որ Ղարաբաղի հարցը որևէ կերպ չկապակցվի հայ-թուրքական հարաբերություններին: Այսինքն, Թուրքիան ամեն ինչ անում էր, որպեսզի ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ու հայ-թուրքական հարաբերությունները դիտարկվեն մեկ ամբողջության մեջ` այսպիսով գերակա դարձնելով Հայաստանին ներկայացվող նախապայմանները:

Այդ նախապայմանների հիմքում Ցեղասպանության հարցն էր:

Թուրքիան առաջարկում էր օրակարգից հանել Ցեղասպանության ճանաչման հարցը, ապա անցնել Ղարաբաղյան խնդրին` իրեն վերապահելով կարևորագույն դեր: Գիտենք, որ սա նաև Մոսկվայի դիրքորոշումն էր, ուստի Անկարան և Մոսկվան գործում էին նույն պայմանավորվածություններով: Հայաստանի կարևորագույն դիվանագիտական ձեռքբերումներից մեկն այն էր, որ ժխտվեց հարցերի փոխկապակցվածության և նախապայմանների խնդիրը, ինչն էլ հայ-թուրքական բանակցությունների սառեցման առիթ տվեց: Հիմա, շատերիս համար անսպասելի, Հայաստանի վարչապետը վերադառնում է թուրքական-ռուսական կողմնորոշմանը և խոսում խնդիրների կապակցվածության մասին:

ՌԴ արտգործնախարար Լավրովը Գյուլ-Սարգսյան հանդիպումից առաջ հայտարարում էր, որ եթե Հայաստանը ԼՂՀ տարածքների անվտանգության հարցում գնա փոխզիջում ների, ապա դա նաև կարտացոլվի հայ-թուրքական հարաբերության ընթացքի վրա: Ռուսաստանն այսպես կամենում էր ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում և ի դեմս Թուրքիայի` ունենալ հզոր գործընկեր: Ռուսաստանի և Թուրքիայի ջանքերը տապալվեցին, հայ դիվանագիտությունը տոնեց իր հաջողությունը: Ինչո՞ւ է հանկարծ ռուսական մամուլին տված հարցազրույցում վարչապետն անդրադառնում այս խնդրին և պաշտպանում մերժված գաղափարը: Ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ Սաֆարովին արտահանձնելուց հետո հայ-ադրբեջանական շփումները դադարեցվել են, Մինսկի խումբը Ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցային գործընթացներում հայտնվել է փակուղում, Ռուսաստանը ջանքեր է գործադրում ստանձնելու այս բանակցություններում առաջատարի դիրքերը, ինչին խոչընդոտում են ԱՄՆ-ն և Ֆրանսիան` տեսնելով Կրեմլի ակնհայտ կողմնակալությունն ու սեփական շահերի առաջմղումը:

Պետք է ենթադրել, որ տեղի է ունեցել Ռուսաստան-Թուրքիա փոխհամաձայնությունը, համաձայն որի` Թուրքիան հավանություն է տվել տարածաշրջանում Ռուսաստանի ներկայության ամրապնդման ձգտումին` փոխարենը Կրեմլից ստանալով խոստում, որ վերջինս ամեն ինչ կանի, որպեսզի գործի նախապայմանների սկզբունքը, Ցեղասպանության ճանաչման հարցը սառեցվի կամ դուրս մղվի օրակարգից` միաժամանակ առաջ տանելով հայկական կողմից փոխզիջումների գնալու գաղափարը:

Այս ճանապարհով Ռուսաստանը մեկ անգամ արդեն անցել է: 2008-ին, երբ Սերժ Սարգսյանը նոր էր ստանձնել նախագահի պարտականությունները, Կրեմլը կարողացավ ստանալ առավելություն և գործի դնելով իր ազդեցության լծակները` Երևանին տանել դեպի դիվանագիտական պարտություն: Հայաստանն, իհարկե, ամուր գտնվեց և տեղի չտվեց մոսկովյան ճնշումներին: Ռուսաստանը տապալվեց իր մտադրությունների մեջ: Հիմա Պուտինը որոշել է ռևանշի հասնել և ձևավորել ռուս-թուրքական նոր գործակցություն` ի հաշիվ Ղարաբաղյան շահերի ոտնահարման, Ցեղասպանության անտեսման:

Մոսկվան նաև ցանկանում է բանակցային գործընթացում դառնալ թելադրող, քանի որ շահեր ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Ստացվում է, որ վարչապետը կատարու՞մ է Ռուսաստանի հանձնարարությունը` ակամա ստանձնելով Թուրքիայի մտադրությունները պաշտպանողի գործառույթը:

Իհարկե, դժվար է միանշանակ գնահատական հնչեցնել, քանի որ դիվանագիտության մեջ հաճախ շատ բան արվում է «մանիպուլյացիայի» համար, այսինքն` այս կամ այն հայտարարությունն օգտագործել որպես իրավիճակային, իսկ հետո հրաժարվել դրանից: Նկատելի է, որ Պուտինը սկսել է լուրջ ճնշումներ գործադրել Հայաստանի վրա, ուստի Հայաստանին պետք է ժամանակ շահել` հետագայում այս խնդրի կարգավորման համար դիմելով Արևմուտքի աջակցությանը: Արևմուտքը երբեք չի համաձայնի, որ Ղարաբաղի և հայ-թուր քական խնդիրների համակցումից Ռուսաստանն իր շահերը ստանա: Այս համատեքստը չափազանց վտանգավոր է լինելու Հայաստանի համար, այն կարող է մեծ հարված հասցնել ՀՀ սուվերենությանը և կորցնել տալ Ղարաբաղը: Հետևաբար, Հայաստանը գուցե ապավինում է Արևմուտքի աջակցությանը: 

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ