ԻՍԿ Ո՞ՒՐ ԵՆ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԸ 


 

Պարզվում է, որ հայաստանյան ակտիվիստներից շատերն էլ գործում են երկակի ստանդարտներով` աղմուկ բարձրացնելով միայն այն ժամանակ, երբ «պատվերներ» են ստանում: Հիմա պատվեր չկա, ուստի հանրային շահերի պաշտպանները լռությամբ են անցնում այն փաստի կողքով, որ մայրաքաղաքի Կենտրոն համայնքում գտնվող կանաչ տարածքի հաշվին կառուցապատում է իրականացվում:

Խոսքը վերաբերում է Քաջազնունի փողոցի 4/1 և 4/3 կանաչ տարածքին, որը մի քանի բազմաբնակարան շենքերի բակն է և ապահովում է մարդկանց հանգստի կազմակերպումը: Ինչպես վկայում է ցուցանակը, այստեղ բազմաֆունկցիոնալ շենք է կառուցվում, որի կառուցողը Էմմա Արիստակեսյանն է: Բնակիչները բողոքում են, ահազանգում, որ զրկվում են կանաչ տարածքից, երեխաները խաղահրապարակ չեն ունենալու: Իսկ ահա հանրային շահերի պաշտպանները լռում են: Ավելին, չեն արձագանքում բնակիչների բողոքներին: Ստացվում է, որ բնակիչների շահերը որևէ մեկին չեն հետաքրքրում, մանավանդ եթե այս կամ այն ապօրինի շինարարության թիկունքին «զորավորներ» են կանգնում: