«ՍՐԲԱԳՐՎԱԾ ԱՉՔԱԿԱՊՈՒԹՅՈՒՆ» 


 

Օրերս Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց աղքատության նվազման մասին իր տարեկան ցուցանիշները: Եվ, ի զարմանս մեր հանրության, պարզվեց, որ մեզ մոտ աղքատության ծավալները կրճատվել են: Այսինքն, 35,8 տոկոսի փոխարեն ունենք 35 տոկոս: Իհարկե, այս ցուցանիշներով հրճվողները չեն նշել, որ ոչ թե աղքատությունն է կրճատվել, այլ մոտ 100 հազար մարդ հեռացել է երկրից, այսինքն, շատ աղքատացածներ հեռացել են` ուրիշ երկրներում ապահովություն գտնելու: Ըստ վիճակագրական տվյալների` 2011 թ. բնակչության ավելի քան ամեն երրորդը` 35,0%-ը, եղել է աղքատ, նրանցից ամեն 5-երորդը` 19,9%-ը, շատ աղքատ, իսկ նրանց 3,7%-ը` ծայրահեղ աղքատ:

2009-2011 թթ. ընթացքում մոտ 250 000 մարդ դարձել է աղքատ. աղքատների թվաքանակը 2011 թ. կազմել է մոտ 1,1 մլն. (մշտական բնակչության ցուցանիշի հաշվով), մոտ 240 000-ը նույն ժամանակահատվածում դարձել է շատ աղքատ: Միայն երեք տարում մոտ 70 հազարը դարձել է ծայրահեղ աղքատ, որոնց թվաքանակը 2011թ. կազմել է մոտ 120 000 հազար:

Աղքատ են համարվել նրանք, ովքեր 1 չափահաս անձի հաշվով ամսական ունեցել են 36 158 դրամից պակաս սպառում: Օրական ծախսը, նման հաշվարկով, կազմում է 1200 դրամ: Այսինքն, եթե մարդն ունեցել է 36 158 դրամ ամսական եկամուտ, նա աղքատ չի համարվել: Իսկ ահա մեր ԱԺ-ն նվազագույն աշխատավարձի չափ է սահմանել 35 000 դրամը: Սա նշանակում է, որ աղքատներն ավելի են աղքատանալու առաջիկայում, իսկ դեռ աղքատ չհամարվողները լրացնելու են աղքատացածների շարքերը…