ՆԵՐԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՏՐՈՀՈՒՄ 


 

Բնավ չմիջամտելով Եկեղեցու գործերին, ընդամենը արձանագրենք, որ այս բաժանումը կարող է լարվածություն ձևավորել Շիրակի մարզում:

Օրերս տրոհվել է Հայաստանի հնագույն` Շիրակի թեմը, որն անգամ մարտնչող բոլշևիզմի տարիներին ամենագործունն էր: Հիմա արդեն Շիրակի մարզում գործելու է երկու թեմ` նաև Արթիկի, որը ղեկավարելու է 36 տարեկան Հովակիմ եպս Մանուկյանը: Սա առաջին դեպքն է, երբ ընդամենը 23 գյուղ ունեցող տարածաշրջանում, որում երկու-երեք եկեղեցի կա, թեմ է ձևավորվում` ի հաշիվ արդեն կայացած թեմի:

Թե ինչով է պայմանավորված նման բաժանումը` Մայր Աթոռից մեզ չհաջողվեց պարզաբանում ստանալ, սակայն Շիրակի մարզում համոզված են, որ Հայաստանում ոչ թե պետք է թեմերը տրոհել, այլ` միավորել` դրանք առավել հզոր դարձնելու համար: Իսկ Շիրակի թեմն ամենահզորներից մեկն էր, որտեղ, շնորհիվ Միքայել եպս Աջապահյանի, արդեն ձևավորվել էին կայուն ավանդույթներ, հիմք էր դրվել համակողմանի քրիստոնեական դաստիարակությանը: