Եթերում չհայհոյե´լ 


 

Այս պահանջը ոչ թե հնչել է որպես նախապայման կամ նախազգուշացում, այլ կիրառվել է որպես ամենախիստ պատիժ:

Չինական Ցզյանսու մարզի կրթական հեռուստաալիքը ժամանակավորապես փակվել է` եթերում թոք-շոուի մասնակիցների հնչեցրած հայհոյանքների պատճառով (տեղեկացրել է «Սինխուա» գործակալությունը):

Օրեր առաջ «Բանգբանգբանգ» ժամանցային ծրագրի հյուրի շարքում է եղել նաև Չինաստանում հայտնի սկանդալասեր մոդելուհի Գան Լուլուն, ով խոսքակռիվ է հրահրել: Փոխադարձ գռեհիկ վիրավորանքներ են իրար հասցեագրել շոուի մասնակիցներն ու դահլիճում ներկա աղջիկները (տեղեկացրել է «ՌԻԱ-Նովոստի»-ն):

Չինական ռադիոյի, կինոյի և հեռուստատեսության պետական վարչությունը հայտարարել է, որ հեռարձակված ծրագիրը խախտում է հեռուստատեսության նորմերը, հակասում էթիկայի կանոններին, որոնցով պարտավոր են առաջնորդվել ԶԼՄ-ների ղեկավարները: Հաղորդումը բացասաբար է ազդել նաև հասարակության վրա:

Ա˜յ, եթե յուրաքանչյուրը, ու մանավանդ` լրատվամիջոցները և հասարակության հետ ուղղակիորեն առչնվող գերատեսչություններն այսպես պատժվեին` էթիկայի կանոնները խախտելու համար, մեզանում նույնպես բարեկրթությունն այսքան քչություն չէր անի: