ԻՆՉՈՒ՞ Է ԼՌՈՒՄ ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ 


 

Արդեն մի քանի տարի ընթացող «Մատաղիսի գործը», որը սպառնում է երկարատև ազատազրկման տանել մի քանի անմեղ երիտասարդների, պարզվում է, ժամանակին «եփվել» է այսօր ԱԺ պատգամավոր դարձած և իրեն ընդդիմադիր համարող Գագիկ Ջհանգիրյանի կողմից:

Ժամանակին զբաղեցնելով գլխավոր զինդատախազի պաշտոնը, Ջհանգիրյանի ցուցումով խեղաթյուրվել է իրականությունը. իսկական հանցագործը հայտնվել է ազատության մեջ, իսկ ահա երեք երիտասարդ երեք տարի գտնվել է անազատության մեջ: Ամբաստանյալներ Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի և Արայիկ Զալյանի հարազատները, շահերի պաշտպանները, անգամ տուժողները համոզված են, որ երիտասարդներն անմեղ են, իսկական հանցագործ համարվող Իվան Գրիգորյանը Գագիկ Ջհանգիրյանի թողտվությամբ հայտնվել է ազատության մեջ, իսկ այսօր էլ չի ներկայանում դատարան` իբրև անհայտ տեղում գտնվելով:

Հիշեցնենք, որ 2006 թ. դեկտեմբերի 22-ին`  զինծառայողներ Ռոման Գրիգորյանի և Հովսեփ Մկրտումյանի սպանությունից մոտ երեք տարի հետո, ՀՀ վճռաբեկ դատարանը` պալատի նախագահ Մհեր Խաչատրյանի գլխավորությամբ բեկանեց տղաների վերաբերյալ դատավճիռները և քրեական գործն ուղարկեց նոր նախաքննության: Որևէ կասկած չի կարող լինել, որ վճռաբեկ դատարանը հանգամանալից ուսումնասիրել էր քրեական գործը, ապա ազատ արձակել տղաներին: Սակայն հիմա նորից երիտասարդներին ազատազրկում է սպառնում, որովհետև անհնար է ձերբազատվել Գագիկ Ջհանգիրյանի «սարքած գործից»: Չնայած այս դատավարության հանդեպ եղած հանրային հետաքրքրությանը և նախկին զինդատախազի հասցեին հնչող քննադատությանը, «օրինապաշտ և օրինաստեղծ» Գագիկ Ջհանգիրյանը շարունակում է լռել, չարձագանքել զարգացումներին: Գուցե ամաչո՞ւմ է իր գործած հերթական ապօրինություններից մեկի համար: