ՆԱՆՅԱՆԸ ԳՆԱՑ, ԻՍԿ «ՍԽՐԱՆՔՆԵՐԸ» ՀԻՇՎՈՒՄ ԵՆ 


 

Հայաստանի պատմության մեջ միակ կին մարզպետ Լիդա Նանյանին հավանաբար շատերը մոռացել են: Մի քանի տարի զբաղեցնելով Շիրակի մարզպետի պաշտոնը, տիկին Նանյանը ոչինչ չարեց մարզի համար, որևէ խնդիր չառաջադրեց, չնայած վարչապետ Տիգրան Սարգսյանի նախաձեռնությամբ կառավարության առաջին արտագնա նիստը Գյումրիում տեղի ունեցավ:… Անգամ տեխնոպարկի ստեղծման գաղափարն էլ կառավարությանն էր, որի համար դարձյալ տիկին մարզպետը ոչինչ չարեց: Բայց նա զարմանալի հետևողակա նությամբ ծախսում էր բյուջետային միջոցներն անձնական կարիքների համար` «միավորելով» սեփական և պետական գրպանները: Օրերս ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ և Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանն այսպիսի «բացահայտում» արեց.  

- Նախկին մարզպետ Լիդա Նանյանը քանդակագործներին տարել, իր տանը աշխատեցրել էր, հետո էլ  պետական միջոցներից  օգնություն էր գրել: Քանդակագործ Ալբերտ Վարդանյանին 1 միլիոն 200 հազար դրամ օգնություն էր գրել:

Այս փաստն, իհարկե, մեզ վաղուց էր ծանոթ, վաղուց էինք տեղյակ, որ տիկին մարզպետը սոցիալական օգնության համար պետության կողմից հատկացված գումարները ծախսում էր սեփական հայեցողությամբ` երբեմն ստորացնելով ու ոչնչացնելով բոլոր նրանց, ովքեր օգնություն էին խնդրում:

Այսպես, գյումրեցի մի նշանավոր մտավորական, ով գտնվում էր սոցիալապես ծանր պայմաններում, ուսումնական տարվա սկզբից մոտ մեկ ամիս առաջ մարզպետից օգնություն էր խնդրել` երեխային դպրոց ուղարկելու անհրաժեշտ պարագաներն ու նոր զգեստ գնելու: Հայաստանի ամենահարուստ պաշտոնյաներից մեկը հանդիսացած մարզպետը, ում անշարժ գույքը մի քանի տասնյակ միլիոն դոլարից ավելի արժեք ունի, հատուկ հանձնաժողով էր ստեղծել, ուսումնասիրել տվել մտավորականի սոցիալական վիճակը (չնայած նա լավ գիտեր իր հարևանությամբ ապրող մտավորականի սոցիալական վիճակը), հետո տեղեկանքներ էր պահանջել դիմողի աշխատավայրից, հեռուստատեսությամբ հայտարարել, որ մտավորականն իրենից օգնություն է խնդրել, ապա նոյեմբերի վերջին հատկացրել 40 հազար դրամ...

Ինչո՞ւ հիշեցինք վաղուց պաշտոնանկ արված մարզպետին: Այժմ Գյումրու քաղաքապետարանում ստուգումներ են իրականացվում, որոնց արդյունքում պարզվում է, որ քաղաքապետարանն էլ անհասկանալի օգնություններ էր տվել ոմանց` իսկական կարիքավորներին մերժելով կամ էլ մի քանի ամիս շարունակ սպասեցնել տալով: Ուրեմն, Շիրակի մարզում սա գործելաձև է դարձել...