ԵԿԵԼ Է ՄԻԱԿՆ ՈՒ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻՆ... 


 

Արդեն երկար ժամանակ մայրաքաղաքի տարբեր անկյուններում երևում են նախընտրական պաստառներ, որոնք «ավետում» են էպոսագետ Վարդան Սեդրակյանի` ՀՀ նախագահի թեկնածու լինելու փաստը: Այս մարդու անվանը ակադեմիական շրջանակներում ծանոթ չեն: Նրա մասին վերապահումներով են խոսում էպոսագիտությամբ զբաղվողները: Բայց ահա նա ինքն իր մասին միանգամայն այլ կարծիք ունի և համոզված է, որ արդեն իսկ ընտրված նախագահ է: Ահա ինչ է ասում «օծյալ նախագահ» Վարդան Սեդրակյանը.

- Ինչ վերաբերում է ինձ, ապա համոզված եմ, որ հաղթելու եմ ընտրություններում, դառնալու եմ նախագահ, և նախկին երեք նախագահներն էլ լինելու են իմ ավագ խորհրդականները: Ասելս այն է, որ առաջին երկու նախագահները չեն առաջադրի իրենց թեկնածությունը: Գործող նախագահը ևս մեծ սիրով չէր առաջադրվի: Իսկ եթե ինչ-ինչ հանգամանքներից ելնելով առաջադրվեց, ապա ընդամենը պայքարի իմիտացիա կանի, ո´չ ավելին: Եվ որքան էլ տարօրինակ թվա, սա բխում է երեքի շահերից: Քանզի երեքից ոչ մեկն էլ թույլ չի տա, որ իրենցից որևէ մեկը կրկին նախագահ դառնա: Ով քայլ անի, մյուս երկուսը կմիավորվեն նրա դեմ: Եվ քանի որ ես չեմ առաջադրվելու որևէ կուսակցությունից, ուստի և չի լինի այն թիմը, որն իր գալով պաշտոնանկ կանի մարդկանց: Նշանակում է ստեղծված իրավիճակը լիովին կբավարարի բոլորին: Արդյունքում` վերջապես ձեռք կբերենք քաղաքական հավասարակշռություն:

Չենք ուզում գնահատականներ տալ էպոսագետ-նախագահացուին: Բայց զարմանալին այն է, որ նման մարդկանց թվում է, թե իրենք իրավունք ունեն առաջադրվելու, իսկ մենք էլ` իրենց լսելու: Ժամանակին Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիդրիխ Դյուրենմաթը գրել էր մի պիես, որը «Ֆիզիկոսներ» էր կոչվում: Այս պիեսի գործողությունները ծավալվում էին հոգեբուժարանում, իսկ գլխավոր հերոսներն էին իրենց Նյուտոն և Էյնշտեյն կոչող հիվանդները: Ոմանք գուցե հռչակավոր գրողին մեղադրեին ոչ տիպական հերոսներ ընտրելու համար, սակայն Վարդան Սեդրակյանը և էլի ուրիշներ հաստատում էին, որ Դյուրենմաթն իր ստեղծագործության մեջ չէր սխալվել: Մնում է, որ հիմա էլ գտնվի մի գրող, ով արդեն «նատուրայից» կվերարտադրի մերօրյա «նյուտոնին» կամ «էյնշտեյին»: